[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԴԱՑԵՔ ՈՒ ԿՀԱՄՈԶՎԵՔ

Լեռնային Ղարաբաղում  Մուշեղ Օհանջանյանը միակ  քաղաքական գործիչն է, որ  ավելի քան կես դար  մնալով  բարձրագույն  պաշտոններում, միշտ մնաց իր ժողովրդին հավատարիմ և երբեք  չկորցրեց իր  արժանապատիվ կեցվածքը։ 
Եվ ինչքան լավ է, որ  յոթանասուն  տարիների աշխատանքային  թոհուբոհից հետո էլ, այսօր  Ստեփանակերտի իր  հարազատ  օջախից  ամեն առավոտ  ոտքով  ուղղություն է  վերցնում դեպի աշխատավայր՝ Ազգային ժողով։  Այստեղ է, որ  ասում են՝ տարիքը, եթե ճիշտ է ապրում մարդ, սոսկ տարիների  կուտակում չէ, այլ  մեծագույն  հարստություն։ 
Այսօր էլ նա չի փոխվել, նույն  Մուշեղ  Օհանջանյանն է, բոլորի  կողմից հարգված ու  սիրված,  ու, որ շատ  կարևոր  է, տակավին  առույգ ու մտքով պայծառ։
Ասվածի վառ վկայությունը, թերևս, վերջերս ընթերցողի  սեղանին  դրված նրա ՙԱրցախ՝ հայրենի  եզերք՚ գիրքն է, գիրք, որ սկբից  մինչ վերջ կարդացվում է  չթուլացող հետաքրքրությամբ։  Սրանում՝ ոչ մի չափազանցություն։ Կարդացեք ու  կհամոզվեք։ Կհամոզվեք, որ  գիրք չի սա, ոչ էլ  սովորական  շարադրանք, գունազարդ էջերից  կազմված  հորինվածք, այլ  մի երկա՛ր ժամանակաշրջանի  իսկական  տարեգրություն,  նախկին Ինքնավար Մարզի  տնտեսության, կրթության, գիտության ու  արվեստի ոլորտներում  կատարված  բարեփոխումների, շինարարական  հսկայածավալ աշխատանքների, ՙեղբայրական՚  Ադրբեջանի ղեկավարության հաստագլուխների  հայահալած  քաղաքականության,  վայրագությունների, խարդավանքների  ինքնատիպ  նկարագրություն, համոզիչ փաստերով, օրինակներով լեցուն  պատմություն։  Սա հոյակապ  մի մատյան է, որում  տրված ամեն մի  իրադրության ոչ թե լուռ ականատեսն է եղել նա,  ակտիվ  մասնակիցը, այլ  շատ  հաճախ նախաձեռնողը,  կազմակերպիչը, ղեկավարը։ 
¬ Ես երջանիկ  եմ,  որ հայ եմ  և արցախցի,  երջանիկ  եմ, որ մոտ  90 տարվա կյանք ունեմ, որից  70-ը՝  աշխատանքային,  երջանիկ  եմ, որ  նախաձեռնել  ու  ջանադիր  մասնակցել  եմ Ստեփանակերտի  մարզադաշտի, օդանավակայանի,  Արցախի խորհրդանիշը  դարձած  ՙՄենք ենք, մեր  սարերը՚ քանդակի, Աղդամ-Ստեփանակերտ  երկաթգծի, ՙՌոսիա՚ կինոթատրոնի, մի շարք  արդյունաբերական  օբյեկտների,  ներկայիս  Վերածննդի  հրապարակի, մարզգործկոմի  վարչական  շենքի կառուցմանը,-  կարդում ենք գրքի վերջին էջերից  մեկում։ 
Ու սա ասում է բարձրաստիճան  մի պաշտոնյա, որ  60-70-ական  թվականներին, լինելով  մարզային  խորհրդի  գործադիր  կոմիտեի նախագահ, ջանացել ու  արել է  իրենից կախված ամեն ինչը՝ հարազատ ծննդավայրի՝ Նորագյուղի  ու էլի  ուրիշ  երեք հայկական  գյուղերի վերաբնակեցման ծրագրի  իրագործման, մեր  հերոսական  երկրամասի  շենացմանն ու բարգավաճմանն ուղղված որոշումների կենսագործման,  ավտոնորոգման գործարանի հիմնադրման,  Սարսանգի  հիդրոհանգույցի, բազմաթիվ  արդյունաբերական,  գյուղատնտեսական շենքերի, կուլտուր-կենցաղային  օբյեկտների  կառուցման համար, բայց... ՙժամանակ  չի գտել՚ ու  ավարտին  չի հասցրել  հայրական  տան  նորոգման, կառուցապատման  աշխատանքները։ 
Տասնյակ ու տասնյակ  էջեր, որ նվիրված  են հեղինակի  մանկությանն ու  պատանեկությանը,  հայրենիքի, քաղաքամայր  Ստեփանակերտի, արվեստի առանձին  կոթողների,  մասնավորապես  մեր  հայրենակից  Սարգիս  Բաղդասարյանի  կերտած ՙՊապիկ-Տատիկ՚ հուշակոթողի  մասին խոհերն ու  մտուրումները  այնքան են ուշագրավ,  տպավորիչ ու  համոզիչ, որ մարդ  պարզապես  հիանում, հրապուրվում, գրքից  ՙպոկ գալ՚  չի կարողանում։ 
Կարդում ես  ՙՆորագյուղի դպրոցը 85 տարեկան է՚, ՙՈղորմություն  խնդրելով՝ ժողովուրդ չենք  պահի ՚, ՙՀետդարձի  բոլոր  կամուրջներն  այրվում են առհավետ։ Վերջ տանք  անհիմն շահարկումներին՚, ՙԱրժանի  տեղ  աշխարհի  ինքնիշխան  ազգերի ու  պետությունների ընտանիքում՚  վերնագիրը  կրող  հրապարակումներն, ու աչքերիդ առջև հառնում  է  բարձր մի պաշտոնյա, որ  այն դժվարին  տարիներին անչափ ծանր բեռ է կրել իր ուսերին, անձնական օրինակով ոգևորել, օգտակար խորհուրդներ տվել շատ շատերին ու, ամենակարևորը, իր համեստ ու շիտակ բնավորությամբ զարմացրել (փակագծերում ասենք, որ պաշտոնը երբեմն փոխում է մարդու ոչ միայն կոշիկները, այլև բնավորության գծերը), հիացմունք պատճառել գործընկերներին, շինհարթակում քրտինք թափող բանվորին, հարևանին, բոլորին։ 
Ես այն մտքին եմ, որ գրքում շինծու ոչ մի բան չկա։ Ամեն ինչ եղելություն է, իրողություն։ ՙԵթե չլիներ իմ անսահման սերն ու հարգանքը հայրենակիցներիս, մեր հերոսական երկրամասի հանդեպ, երևի,  շատերի նման, ես էլ ապաստան գտնեի օտար ափերում և այնտեղից, ինչպես ասում են, հեռադիտակով նայեի Ղարաբաղի ազատամարտին։ Հազարավոր հայերի հետ 1989 թվականին բռնագաղթվելով Բաքվից և ընդամենը երկու ամիս մնալով Երևանում, անմիջապես տեղափոխվեցի իմ ծննդավայրը և իմ հայրենակիցների հետ տարա մեզ պարտադրված պատերազմի բոլոր դառնությունները՚,¬ տարիներ առաջ, 2001¬ին, այսպես է պատասխանել ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի հարցերից մեկին։ Այս պատասխանը, կարծում եմ, շատ բան է ամփոփում իր մեջ. և՜ անձնուրացություն, և՜ նվիրվածություն, և՜ սեր ու կարոտ հայրենի եզերքի հանդեպ, և ամեն, ամեն ինչ։ Մի ուրիշ բնորոշ օրինակ։ 1963¬ին, երբ ընտրվեց   մարզգործկոմի նախագահ, նրա ընտանիքին  հատկացվում է 99 քառ. մետր մակերես ունեցող բնակարան։ Հոյակապ պայմաններ, որ երազանք էին շատերի համար։ Սակայն ընդամենը մեկ տարի ապրելով այդ բնակարանում, նա համոզում է հարևանությամբ բնակվող Գ. Մելքումյանին (մարզկոմի առաջին քարտուղարն էր) և երկուսով տեղափոխվում են նոր կառուցված շենքի բնակարանները (45 քառ. մետր), ապրելով  համեստ պայմաններում։ Այս փաստը, այս խոսուն օրինակը քի՞չ բան է հուշում մեզ։ Այն ծանր ու մղջավանջային օրերին երբեք ու երբեք ՙգլուխ չի պահել՚ ու ՙվիզ չի ծռել՚ նենգ ու խորամանկ Ալիևի տեղական կամակատարների՝ կևորկովների, ասլանովների, Մամեդի ցեղակիցների առջև։ Ինչ փույթ, որ նման պահվածքի համար խստորեն պատժվել և արտաքսվել է Բաքու ու 14 տարի կարոտ մնացել իր հողին ու ջրին, իր Արցախ աշխարհին։ Ինչ փույթ, որ այսքան արդար, այսքան գործունյա, խոհեմ մարդու հասցեին ինչ¬որ ժամանակ չարախոսել ու կամեցել են ծառայություններն անտեսել, արածն ու թողածը նսեմացնել։ Հանդուրժել է ու ներել (ներելն ավելի մեծ արիություն է, քան պատժելը։ Ներելը ուժեղի հատկանիշ է)։ Չէ՞  որ մարդ տեսածին է հավատում։ Եվ՝ հետո։ Ամենախելոք, ամենագիտուն, բանիմաց, տաղանդավոր անհատն անգամ բոլորին դուր գալ չի կարող։ Ու՝ պետք էլ չէ։ 
Գրքին մի առանձին գեղեցկություն, մի առանձին շուք ու հմայք են հաղորդում տարբեր առիթներով ասված նրա շնորհավորանքի, ողջույնի խոսքերը (նշանավոր դեմքերի, հիշարժան օրերի, տոների, տարելիցների մասին), յուրատեսակ բաց  նամակները, Օհանջանյանների մեծ գերդաստանի լուսանկարները, մշակույթի օջախների, տեսարժան վայրերի պատկերները, մարզկոմի պատվիրակների, ականավոր պետական գործիչների հետ ունեցած հանդիպումները խորհրդանշող ՙկադրերը՚։
Ամփոփենք մեր ասելիքը։ Գիրքը (ՙՍոնա՚ հրատարակչություն), անշուշտ, ունի ճանաչողական ¬ դաստիարակչական նշանակություն։ Չեմ ասում, առավել ևս՝ չեմ պնդում, թե գիրքն այս ձեռքից ¬ ձեռք կանցնի, բայց որ երբեք վրեն փոշի չի նստի՝ սրանում մազաչափ անգամ չեմ կասկածում։ Դե իսկ սա ինքնին վկայում է գրքի օգտակարության մասին, մի բան, որ պատիվ է բերում, առաջին հերթին,  իհարկե, հեղինակիս, որը կյանքում որդեգրել,  ունեցել է մի վեհ ու վսեմ նպատակ՝ օգտակար լինել ու որդիական անհուն սիրով ծառայել իր ժողովրդին, երկրին, իր հայրենի եզերքին։ Ու սա նրան հաջողվել է։ Ապացույց՝ Աշխատանքային կարմիր դրոշի երեք, ՙՊատվո նշան՚ երկու շքանշանները, բազմաթիվ  մեդալներն ու պատվոգրերը, որոնց նա արժանացել է երկարատև և անբասիր աշխատանքի համար։