[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

DSC_4237.jpgԴեկտեմբերի 4-ին վարչապետ Արա Հարությունյանը հյուրընկալվել էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում (ՄՄՀ): Գործադիրի ղեկավարին ուղեկցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: Արա Հարությունյանը նախ շնորհավորեց  համալսարանի կոլեկտիվին՝ բուհի 15-ամյակի առթիվ, նշելով, որ հանրապետության ապագան պայմանավորված է նաև բուհական կուռ ու կայացած համակարգով. բուհերի գործունեությունից է կախված, թե վաղն  ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան։ 
Վարչապետն անդրադարձավ հանրապետության կրթական դաշտի  զարգացմանը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումները  պետք է համապատասխանեն ժամանակշրջանի պահանջներին: Ոլորտում շարունակում են թիրախային մնալ կրթության որակի, մատչելիության, սոցիալական բեռի թեթևացման խնդիրները: Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներին՝ տեղեկացնելով, որ  խորհրդարանում արդեն սկսված են 2013 թ. բյուջեի նախագծի քննարկումները: Արա Հարությունյանը համալսարանականներին ներկայացրեց նախորդ տարիներին մեկնարկած խոշոր ծրագրերը: Տարբեր ոլորտներում արդյունքներն արդեն ակնառու են. էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մեր հանրապետությունը շուտով ինքնաբավ  կլինի։ Վերամշակող ձեռնարկությունները ևս դրական տեղաշարժ են արձանագրում: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ ժամանակին համընթաց բուհական համակարգը ևս բռնել է շտկումների և բարեփոխումների ուղին: Հանրապետությունում գործող մասնավոր բուհերը  ԼՀՂ ԿԳՆ պարբերական ստուգումների արդյունքում վերջին տարիներին որակական փոփոխություններ են կրել, այստեղ ուսուցումը տարվում է նոր չափորոշիչներով: Եթե նախկինում մասնավոր բուհեր էին դիմում երիտասարդներ, ովքեր պարզապես պետական բուհ չէին կարողանում ընդունվել, ապա այսօր արդեն մասնավոր բուհերի ուսանողները տարբեր նվաճումներով հայտարարում են իրենց մասին: ՙԵթե մենք ցանկանում ենք ունենալ զարգացած երկիր, անպայման պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք կրթական դաշտին, մասնավորապես բուհական համակարգին՚,¬ նշեց Արա Հարությունյանը: Այսօր աշխարհի զարգացած երկրներն իրենց պաշտպանունակությունը գիտական հիմքերի վրա են դրել։ Այս համատեքստում գործադիրի ղեկավարը բերեց Իսրայելի օրինակը. լինելով տարածքով և բնակչությամբ շատ փոքր, այսօր այդ երկիրն աշխարհում զարգացած գիտություն ու տեխնիկա և կայուն պարենային ապահովվածություն ունեցող պետությունների  շարքում է: 
Հեռանկարային քայլերի ձեռնարկման շնորհիվ 2008 թվականից հաջողվել է կանոնակարգել բուհերի ընդունելությունը,  բուհական կրթությունն  իբրև բիզնես դիտարկելը  հղի է վտանգներով։ Վարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ԱՄՆ օրինակի վրա, որտեղ վերջին տարիներին մեծ տարածում է գտել բուհական արտոնյալ վարկավորումը, ինչը համակարգի համար այսօր լուրջ խնդիր է դարձել:  Կառավարության ղեկավարը խոսեց նաև բուհերի թողարկած մասնագտների և  աշխատաշուկայի հարաբերակցության խնդրի մասին: Ավարտելով բուհը` բազմաթիվ երիտասարդներ  չեն կարողանում իրենց գտնել կյանքում, քանի որ պատահականորեն են ընտրել մասնագիտությունը: Մասնագիտական կրթությունն ինքնանպատակ չէ. այն պետք է հստակ պատվեր կատարի, իսկ պատվերը պետք է գա աշխատաշուկայից: Արա Հարությունյանը վստահեցրեց, որ այս ուղղությամբ արդեն որոշակի ձեռքբերումներ կան:  Այսօր խնդիր կա մասնագիտության ընտրության հարցում պետական մակարդակով ուղղորդել երիտասարդին: Այս նպատակով բուհերում ավելացվել են  հանրապետության աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ` հանքարդյունաբերության, էներգետիկայի, շինարարության,  գյուղատնտեսության ոլորտներում մասնագետների պակասը լրացնելու համար: Անդրադառնալով 12-ամյա կրթական համակարգի ներդրմանը, վարչապետը նշեց, որ այսօր էլ աշխարհում օրինակելի է համարվում խորհրդային միջնակարգ կրթահամակարգը, սակայն գտնվելով ՀՀ հետ նույն կրթական դաշտում, բնականաբար,  մեր կրթական համակարգը  պետք է համապատասխանեցվեր տարածաշրջանում ընդունված չափորոշիչներին:
 Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս անդրադարձավ կրթական բարեփոխումներին` նշելով, որ այս ուստարվա դիմորդներն անցած տարիների համեմատությամբ ավելի պատրաստ էին, զինված անհրաժեշտ գիտելիքներով: Բուհի ղեկավարը ուրախացնող փաստը ավագ դպրոցների խորացված ուսուցմամբ է բացատրում: 
Արա Հարությունյանի ելույթից հետո ծավալվեց բավական ակտիվ  հարցուպատասխան: ՄՄՀ ուսանողներին ամենից շատ մտահոգում էր ավարտելուց հետո առանց աշխատանք մնալու հարցը: Նրանց կարծիքով` խնդիրը նաև քաղծառայության համակարգի ներդրմամբ է պայմանավորված, որի պատճառով պարտադիր է դարձել աշխատանքային փորձը: Ի պատասխան` Ա. Հարությունյանը նշեց, որ անցումը քաղծառայության համակարգին  անհրաժեշտություն էր, դրանով փորձ է արվել վերացնել ծանոթությամբ և այլ խոտոր  ճանապարհներով աշխատանքի տեղավորվելու պրակտիկան: Նա  հավելեց նաև, որ այդ համակարգում աշխատանքային փորձը պարտադիր է միայն որոշակի պաշտոնների համար:  
Համալսարանի դասախոսները հանդես եկան ավելի լուրջ և սուր հարցադրումներով: Բուհի պատմության դասախոսները կարծիք և առաջարկություն հնչեցրին ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ պայքարող պետական կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին. Կարծիք հնչեց, որ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ի սահմանած բաժանորդավճարներն անընդունելի են, սակագների՝ հոգուտ բաժանորդների վերջին  վերանայումները ևս գործող սակագների համապատկերին անհամոզիչ են: Կառավարության ղեկավարը խորհուրդ տվեց չտրվել զգացմունքային մակարդակի քննարկումների և չհիմնավորված բողոքների: ՙԵս չեմ ուզում միանշանակ արդարացնել նրանց, եթե 3 G համակարգի ներդրումը չլիներ, մենք ավելի ցածր սակագին կունենայինք, սակայն այսօր սպառողների պահանջները նույնպես աճել են, մենք չենք ուզում այս ոլորտում հետ մնալ աշխարհից, սակայն մոռանում ենք, որ պետք է վճարենք դրա դիմաց՚,-ասաց Արա Հարությունյանը: 
Հարց հնչեց հիփոթեքային վարկավորման պայմանների խոստացված վերանայման մասին: Գործադիր իշխանության ղեկավարի պատասխանից պարզ դարձավ, որ հարցն առայժմ քննարկումների փուլում է: Կպահպանվի գործող տոկոսադրույքի չափը, կերկարաձգվի վարկի մարման ժամկետը: Այսպիսով վարկառուի կողմից վճարվող ամսավճարի չափը կփոքրանա. այսօր այս ուղղությամբ են աշխատում համապատասխան կառույցները: Հիփոթեքային վարկավորման նոր կարգը կսկսի գործել գալիք տարում:
Համալսարանականներին հետաքրքրում էր նաև ավագ դպրոցների ճակատագիրը. ի սկզբանե խոստացվել էր, որ անցումը 12-ամյա կրթությանը հնարավորություն կտա բացառել կրկնուսուցման անհրաժեշտությունը: ԿԳ նախարար Սլավա Ասրյանը պատասխանեց այդ հարցին՝ նշելով, որ կրթական բարեփոխումների դրական արդյունքները շոշափելի են դառնում տևական ժամանակ անց, կրկնուսուցման վերացումը ևս ժամանակ է պահանջում, բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ևս հրաժարվեն այդ սովորությունից:  
Հանդիպման ընթացքում հարց հնչեցվեց, թե  ինչ սկզբունքով են երկրի իշխանություններն իրականացնում հանրապետության շրջանների  վերաբնակեցման ու զարգացման ծրագրերը: Գործադիրի ղեկավարը հավաստիացրեց, որ այդ ծրագրերն իրականացվում են ըստ ունեցած ֆինանսական հնարավորությունների: Այստեղ նաև հաշվի է առնվում տվյալ շրջանում ենթակառուցվածքների ու վերաբնակիչների առկայությունը: Որպես ասվածի ապացույց Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ Արաքս գետի ափին այսօր ընթացքի մեջ է նոր բնակավայրի հիմնումը: 
Հանդիպման ավարտին վարչապետը խոստացավ մոտ ապագայում ևս նման հանդիպում ունենալ բուհի ուսանողության  և դասախոսական կազմի հետ:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ