Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆՑՈՒՄ ՄՍՈՒՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԻՆ

Ավարտվում է անասունների պահվածքի արոտային շրջանը։ Հարկավոր է ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ նախապատրաստվել պահվածքի մսուրային շրջանին, ասել է թե՝ նախապատրաստվել անասունների ձմեռմանը։ Դրանից է կախված և՜ հոտի, և՜ նախրի վերարտադրության ու մթերատվության հաջողությունը։
Մինչև մսուրային շրջանին անցնելն անհրաժեշտ է անասնաշենքերում կատարել նախապատրաստական աշխատանքներ. կարգի բերել տանիքը,  նորոգել լուսամուտները, դռները, մսուրները, անասունների կանգնելատեղերը և այլն։ Այնուհետև մեխանիկական կանոնավոր մաքրումից հետո կատարել անասնաշենքերի ախտահանում՝ օգտագործելով քլորակրի, ֆորմալինի կամ կծու նատրիումի 2-3%-անոց ջրային լուծույթը։ Ցանկալի է կատարել նաև պատերի և առաստաղի սպիտակեցում՝ հանգած կրի 15-20%-անոց ջրային լուծույթով։ Մի խոսքով, հարկ է ապահովել նորմալ գոմային պայմաններ կենդանիների ձմեռումն անցկացնելու համար։ Համայնքներն սպասարկող անասնաբույժները պարտավոր են բացատրական աշխատանք տանել անասնապահությամբ զբաղվողների հետ։ Չափազանց կարևոր նշանակություն ունի աշնանային անասնաբուժասանիտարական միջոցառումների՝ ժամանակին ու որակով անցկացումը։
Ինչպես հայտնի է, որոշ վարակիչ հիվանդությունների նկատմամբ նախատեսվում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Հարկավոր է վերանայել անասնաբուժական սպասարկման կայանից համայնքներին տրված՝ հակահամաճարակային բուժկանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջադրանքը, ստուգել և ճշտել այն համալիր միջոցառումները, որոնք պետք է կատարվեն աշնանը։ Համայնքներն սպասարկող անասնաբույժները ոչ մի դեպքում  չպետք է մոռանան, որ անասունների որոշակի գլխաքանակ, տարբեր պատճառներից ելնելով, դուրս է մնացել նախատեսված սրսկումներից (վակցինացիա) կամ բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ստուգումներից (արյան քննություն)։ Անհրաժեշտ ենք համարում նաև նշել անասունների պարազիտային (ճիճվային) հիվանդությունների նկատմամբ աշնանային դեհելմինթիզացիայի (ճիճվաթափման) անհրաժեշտության մասին։  Ձմռան շրջանում կենդանիները լիարժեք չեն սնվում, այսինքն՝ լիարժեք չեն բավարարվում սննդամթերքներով, որի պատճառով ընկնում է նրանց օրգանիզմի  դիմադրողականությունը, և պարազիտներն օրգանիզմում ավելի արագ են աճում, պատճառ հանդիսանում անկումների։ Ուստի այդ ուղղությամբ համայնքներն  սպասարկող անասնաբույժները պետք է համապատասխան աշխատանքներ տանեն։ Մսուրային շրջանում պետք է հատուկ հոգ տարվի հատկապես հղի կովերի նկատմամբ. անհրաժեշտ է ժամանակին ցամաքեցնել հղի կովերին (ծնելուց 45-60 օր առաջ)՝  պահպանելով և ապահովելով անհրաժեշտ քանակի և որակի կերերով, ինչն  անհրաժեշտ է հղիության վերջին ամիսներին պտղի նորմալ աճ ապահովելու համար։ 
Մսուրային շրջանի պահվածքի կանոնների անհրաժեշտ տարրերից է նաև ամենօրյա զբոսանքի (մոցիոն) կազմակերպումն օրվա մեջ 2-3 ժամ տևողությամբ։ Մսուրային շրջանում անասունները պետք է ապահովված լինեն նաև աղով ու խմելու ջրով։ Ցանկալի է, որ անասնաշենքերում տեղակայված լինեն ջրախմոցներ։
Անասնագլխաքանակի ավելացման և մթերատվության բարձրացման ամենակարևոր պայմաններից մեկը կերի կայուն բազայի ստեղծումն է ու նրա պահպանումն ու խնայողաբար օգտագործումը։
Շրջանի տնտեսություններում արդեն կուտակվել և անասնաշենքերի մոտ են տեղափոխվել խոտ, ծղոտ և այլ անասնակերեր։ Կուտակված կերերը պետք է պահպանվեն այնպես, որ անտեղի չփչացվեն... Հարկ եմ համարում նշել, որ կոպիտ կերերը (խոտ, ծղոտ և այլն) ունեն հիդրոսկոպիկ հատկություն, այլ կերպ ասած, նրանք հեշտությամբ իրենցից գոլորշիացնում են խոնավությունը և նույնպիսի հեշտությամբ կլանում տարբեր նյութերի և ջրի գոլորշին։ Այդ պատճառով կոպիտ կերերի խոնավությունը, օդի խոնավությունից կախված, կարող է շատ շուտ փոխվել՝ փչանալ, հատկապես եթե այն գտնվում է բաց երկնքի տակ։ 
Խոնավությունը բարձր լինելու դեպքում կոպիտ կերերը ենթարկվում են ինքնատաքացման, որի ժամանակ օսլան քայքայող միկրոբների քանակը կտրուկ իջնում է, և ընդհակառակը՝ ավելանում է սնկերի քանակը, որոնք և առաջ են բերում կերերի փչացում։ Նման կերերով կենդանիներին կերակրելիս, հատկապես մատղաշների աղեստամոքսային տրակտի զանգվածային խանգարումների դեպքեր են նկատվում։
Հատիկային կերերը (ցորեն, գարի, վարսակ, եգիպտացորեն և այն) նույնպես ունեն ուժեղ հիդրոսկոպիկ հատկություն. բարձր խոնավության դեպքում շուտ փչանում են և կարող են նույնպես թունավորումների կամ մարսողական տրակտի խանգարումների պատճառ հանդիսանալ։ Դրանց ճիշտ պահպանման ամենակարևոր պայմանը խոնավությունը նվազագույն չափի հասցնելն է։
Համայնքներն սպասարկող անասնաբույժները պլանային բուժկանխարգելիչ միջոցառմանը զուգահեռ պարտավոր են համայնքի ամբողջ գլխաքանակի նկատմամբ անցկացնել դիսպանսերացում, որի նպատակն է մսուրային շրջանին, հետևաբար՝ նաև ձմեռմանը, անցնի առողջ անասնագլխաքանակը, այսինքն՝   հիվանդներին և հիվանդության մեջ կասկածվողներին ընդհանուր հոտից կամ նախրից առանձնացնեն ու հատուկ խնամք և բուժական միջոցառումներ կազմակերպեն։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունները և անկման դեպքերը դեռ բարձր տոկոս են կազմում հատկապես մատղաշների մոտ։ Այդ հիվանդությունների առաջացման պատճառը եղել և մնում են ոչ լիարժեք կերակրումը և խնամքը, ինչպես նաև նորածինների աճեցման տեխնոլոգիայի խախտումն ու անասնաշենքերի սանիտարական ցածր մակարդակը, ինչու չէ, նաև համայնքներն սպասարկող անասնաբույժների կողմից անբավարար բացատրական աշխատանքը։
Աշնանային բուժկանխարգելիչ միջոցառումների ժամանակին ու որակով անցկացմամբ և ձմռանը հաջող նախապատրաստմամբ հնարավոր կլինի ձմեռումից դուրս գալ առանց կորուստների։ 
 
Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
ք. Մարտունի