Logo
Print this page

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀԱՐՑԵՐՈՎ

Մարտունու շրջանի  կրթական համակարգում կատարված մի շարք ստուգումների արդյունքների մասին՚ հարցի վերաբերյալ շրջանային խորհրդի նիստում տեղեկատվություններ ներկայացրին  շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Գ. Սևիկյանը, բաժնի գլխավոր մասնագետ Ն. Բաբայանը:
Գ.Սևիկյանը  ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի կողմից  շրջվարչակազմին ներկայացրած  ՙՎազգենաշենի  դպրոցի  նախկին տնօրեն Ա.Բաբայանի կողմից  պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացում, վատնում և պաշտոնական կեղծիք  կատարելու փաստերի առթիվ ԼՂՀ Քրեական  դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի կարգով  քրեական գործի հարուցումը մերժելու և նրա նկատմամբ  քրեական հետապնդում  չիրականացնելու մասին՚ որոշումը:
Ներկայացված որոշման համաձայն Ա.Բաբայանը մի շարք հանցավոր արարքների հեղինակ է դարձել: Նա շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացումներ և վատնումներ կատարելու հետևանքով պետությանը 2մլն 888 հազ. 742 դրամ գումարի վնաս է պատճառել: Ա.Բաբայանը գործի վարման ընթացքում  հանձն է առել իր կողմից  կատարված հանցավոր արարքները, զղջացել է  կատարվածի համար, պետությանը պատճառած վնասը ամբողջությամբ վերականգնել է և խնդրել հնարավորինս մեղմ վերաբերվել:
Շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ Ա. Բաբայանն ազատվել է Վազգենաշենի դպրոցի տնօրենի պաշտոնից:
Այնուհետև Ն.Բաբայանը, որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն ներկայացրեց Ղուզե Ճարտարի և Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան պետական մանկապարտեզներում  կատարված ստուգումների արդյունքների մասին: Ներկայացված  տեղեկատվությունների քննարկումներից հետո ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի նշվել է ՙՄարտունու Մոնթե Մելքոնյանի  անվան պետական մանկապարտեզ՚ ՊՈԱԿ տնօրինության բավարար աշխատանքը:
Ստուգման ընթացքում բացահայտված ֆինանսական կոպիտ  խախտումների համար  ՙՂուզե Ճարտարի պետական մանկապարտեզ՚  ՊՈԱԿ տնօրեն Լ.Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է` անհրաժեշտ հետևություն անել  կրթության համակարգում կատարված մի շարք ստուգումների քննարկման արդյունքներից և միջնորդել կրթության բաժնի  աշխատանքներում  թարմություն մտցնելու, բացահայտված թերությունները վերացնելու համար, կրթության բաժնի սպորտի գծով մասնագետի պաշտոնի անձնագրում կատարել փոփոխություն, խիստ վերահսկողության տակ վերցնել դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նախապատրաստման և անցկացման ամբողջ գործընթացը:
ԼՂՀ կառավարությանը խնդրվել է թույլատրել շրջանի մնացած դպրոցների աշխատողների աշխատավարձերի փոստային առաքումը մինչև բանկոմատների տեղադրումը, իսկ շրջանում գործող բանկերի կառավարիչներին՝ հնարավորության դեպքում բանկոմատներ բացել խոշոր համայնքներում,  հետագայում նաև մյուս բոլոր բնակավայրերում:
 Շրջանում գործող բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, փակ բաժնետիրական ընկերություններին, հանրակրթական դպրոցների տնօրեններին արգելվել է  համատեղության կարգով մարդկանց աշխատանքի ընդունելը: Բացառիկ, խիստ անհրաժեշտության դեպքում համատեղության կարգով մարդկանց աշխատանքի ընդունել միայն շրջվարչակազմի գրավոր թույլտվությամբ: Նոր աշխատանքի ընդունման գործընթացը կատարել Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան: 
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնից,  շրջանի հանրակրթական դպրոցների տնօրեններից պահանջվեց` ուժեղացնել վերահսկողությունը ֆինանսական և նյութական միջոցների խնայողաբար օգտագործման նկատմանբ, բացառել դրանց վատնման և յուրացման դեպքերը: 
Օրակարգային երկրորդ հարցի` ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի 2012թ. գործունեության մասին, տեղեկատվություն ներկայացրեց մասնաճյուղի տնօրեն Մ. Սուլեյմանյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ներկաների կողմից մի շարք հարցեր առաջադրվեցին, որոնց պարզաբանումներ տվեցին  շրջվարչակազմի ղեկավար Ն. Սողոմոնյանը և Մ. Սուլեյմանյանը:
Ընդունված որոշմամբ մասնաճյուղի  տնօրեն Մ. Սուլեյմանյանին հանձնարարվեց  հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել կլոր տարին  հուսալի և անխափան  էլեկտրամատակարարում ապահովելու համար: 
ՙՄարտունու անասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ տնօրեն Վ. Խաչատրյանի 2012թ. կայանի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունում նշվեց, որ հաշվետու տարում շրջանի համայնքներում որոշակի աշխատանք է տարվել գյուղկենդանիների և թռչունների հիվանդությունների ախտորոշման, կանխման և վերացման ուղղությամբ:
Վ.Խաչատրյանը ներկայացրեց շրջանում առկա անասնագլխաքանակը, ԼՂՀ գյուղնախարարության կողմից տրամադրված պատվաստանյութերի քանակը, մանրամասնեց կայանի աշխատողների և համայնքները սպասարկող անասնաբույժերի  կողմից կատարված կանխարգելիչ միջոցառումները:
Շրջվարչակազմի ղեկավարն իր նկատառումները  ներկայացրեց հաշվետվության վերաբերյալ, գտնելով, որ ավելի նպատակահարմար կլիներ կատարվածը ներկայացնել ըստ համայնքների և ըստ  հիվանդությունների, ինչը հնարավորություն կտար ավելի կոնկրետացնել  կատարվելիք աշխատանքները: Վ. Խաչատրյանից պահանջվեց հատուկ ուշադրություն դարձնել առանձնապես վտանգավոր հիվանդությունների ախտորոշման, կանխման և վերացման գործին: 
Հանձնարարականներ տրվեց նաև համայնքների ղեկավարներին` անասունների հաշվառումը պահանջվող ժամկետներում և կարգով անցկացնելու, այդ մասին վիճակագրական ծառայությանը ժամանակին տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ:
ՙԵմիշճան, Բերդաշեն, Սպիտակաշեն համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված ստուգումների արդյունքների մասին՚ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Կ. Դոլուխանյանը:
Երեք համայնքների ղեկավարների աշխատակազմերում մի շարք բացթողումներ և թերություններ են բացահայտվել՝ կապված արձակուրդայինների հաշվարկման, հարկ վճարողների անձնական  հաշվի քարտերի վարման, հրամանների ձևակերպման, աշխատողների անձնական  գործերի  ստեղծման, ավագանու նիստերի հրավիրման պարբերականության խախտման և ժամանակին շրջվարչակազմ ներկայացման, վարձակալած հողերի պատշաճ ձևակերպման, հողատեսքերի փոփոխման հարցերի հետ:
Շրջվարչակազմի ղեկավարը քննարկված հարցի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին, միաժամանակ ստուգումներն իրականացնող հանձնաժողովին պարտավորեցրեց տեղեկատվությունները պատրաստել ավելի հանգամանորեն, մասնավորապես շինարարական աշխատանքների ուղղությամբ կատարված գործընթացները հիմնավորել թվերով, նշելով աշխատանքի ծավալները և ծախսված գումարները:  
 
 
Ռոմիկ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ք. Մարտունի
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.