[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ՈՍԿԵԴԱՐԸ

 141201.jpg100-ամյակի կապակցությամբ

Երեսնական թվականների Արցախի թատերական  երկնակամարում ամենափայլուն աստղը Արշակ Արշակունին էր։ Նրա մասնակցությամբ ամեն մի ներկայացում տոն էր հանդիսականի  համար։ 
Ալ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
Հանրապետության  
ժողովրդական  արտիստ
1932թ. դերասան և բեմադրիչ Կարո Ալվարյանի ջանքերով Ստեփանակերտում բացվեց պետական դրամատիկական թատրոն, որի բեմում երիտասարդ դերասան Արշակ Արշակունին (Հարությունյան) առաջին անգամ հայտնվեց 1933 թվականին՝ երիտասարդ ռեժիսոր Իվան Հովհաննիսյանի հեղինակած ՙՖրից Բաուեր՚ (ՙՓոքրիկ կոմունիստը՚) բեմադրության մեջ՝ Բաուերի դերում։ Արշակունու առաջին բեմելից պարզ դարձավ, որ թատերական ասպարեզ է մտնում շնորհալի և խոստումնալից  երիտասարդ։ 
 
1934թ. սկզբներին ռեժիսուրայի ասպարեզում իր ուժերն է փորձում նաև սիրված դերասան Միքայել Կորգանյանը, ով բեմադրում է Ալ. Շիրվանզադեի ՙՆամուսը՚։ Ռուստամի դերում Արշակունին էր, Սուսան էր խաղում Աննա Մելիքը (Մելիքսեթյան)։ Ինչպես հետագայում կհիշի ուսուցչուհի Աշխեն Քամալյանը, ՙՍտեփանակերտը դեռ նման բան չէր տեսել։ Այն պահին,  երբ Ռուստամ-Արշակունին բեմում Սուսանից պահանջում է ցույց տալ կրծքի խալը և հանում է խանչալը, բոլորը քար կտրեցին... շատերն անձեն-անծպուտ լաց էին լինում, ապա երբ փայլատակեց շեղբը, բոլորը ՙա՛խ...՚ արձակեցին և սկսեցին աղաղակել...՚։  
Ապա Ջաֆար Ջաբարլու ՙՅաշար՚ պիեսում նա մարմնավորեց Սուրենի դերը, հետո մի շարք դերերով հանդես եկավ պետդրամթատրոնի մասնաճյուղ համարվող մանկական  թատրոնում, այնուհետև Ալ. Կոռնեյչուկի ՙՊլատոն Կրեչետ՚-ում կատարեց Բուբլիկի դերը, Ֆ. Շիլլերի ՙՍեր և խարդավանք՚-ում՝ Միլլերի դերը... և հաջորդ տարի ՙԵրիտասարդ բոլշևիկ՚ թերթի էջերից թատերախոսը բոլոր թատերասերների անունից խոստովանեց. ՙՊլատոն Կրեչետը՚-ը մեր պետդրամթատրոնի չորսամյա պատմության մեջ կմնա որպես լավագույն բեմադրություններից մեկը...՚։ 
Երեսնական թվականների կեսերին թատերական կյանքը թնդում էր Թավրիզյանի, Ոսկանյանի, Արշակունու մոգական անուններով ու խաղով, երբ հայտնվեցին Թամարա  Մելքումյանը, Արուս Ղազումյանը, Նինա Հովսեփյանը, Օվսաննա Սարգիսբեկյանը... 
Երեսնական թվականները միանգամից բեմ մտած ինքնատիպ դերասանի համար ինքնահաստատման տարիներ էին, չնայած հաճախ էր փոխվում թատրոնի ղեկավարությունը՝ կապված ստալինյան ՙմաքրագործումների՚ հետ։ 
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արշակ Արշակունին և որոշ առաջնակարգ դերասաններ ազատվեցին գործող բանակ զորակոչվելու պարտադրանքից՝ ժողովրդի մեջ ոգեղենը պահպանելու և բազմապատկելու պահանջով։ 
Խորհրդային բանակի հրամանատարների ու մարտիկների հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի բացահայտմանն էին միտված 1941-1945 թթ. խաղացանկ մտած մի շարք պիեսներ, որոնք բեմադրում էր Մոսկվայից եկած նորավարտ ռեժիսոր Հրայր Գրիգորյանը։ Այս բեմադրություններում Արշակունին Ֆադեյ էր (ՙՓոթորկվող անտառ՚), Շահմար (ՙԱսլանի բույնը՚),  Աշոտ Երկաթ (ՙԳևորգ  Մարզպետունի՚), Էլիզբարով (ՙՊատվի համար՚),  Սաֆոնով (ՙՌուս մարդիկ՚), կուլակ Հաջի Ահմեդ (ՙԱլմաս՚), Օսեփ (ՙՔանդած օջախ՚)։ Իսկ ժամանակի մամուլը, անդրադառնալով նրա խաղին, ընդգծել է գլխավոր դերեր կատարող արտիստի խիստ խոհուն ու զգացմունքային, հմայիչ, հետաքրքիր, ցայտուն, սքանչելի խաղը։ 
Պատերազմից հետո թատրոնի խաղացանկում հայտնվեցին հետպատերազմյան շրջանում թշնամու կողմից ավերված երկիրը շենացնողների կերպարները բովանդակող տասնյակ նոր պիեսներ։ Թատրոն վերադարձավ Գուրգեն Թավրիզյանը և բեմ հանեց Կ. Սիմոնովի  ՙՊրագայի շագանակենիների տակ՚, Ա. Սուրովի ՙՍտալինգրադից հեռու՚ պիեսները, ուր Արշակ Արշակունին դարձյալ գլխավոր դերերում  էր՝  ֆաշիստ Գրուբեկ, գործարանի կուսկազմակերպիչ Օռլով...
1947թ. Իվ. Հովհաննիսյանը բեմադրեց Կ. Սիմոնովի ՙՌուսական հարց՚ պիեսը, որտեղ մարմնավորելով Սմիթի կերպարը՝ Արշակունին համոզիչ խաղով ներկայացրեց հաղթանակած Խորհրդային Միության իսկական բարեկամների դեմքը՝ հանձին ամերիկյան լրագրողի, որն աշխարհով մեկ խոստովանում է ճշմարտությունը։ 
Հետադարձ հայացք ձգելով Արշակունու՝ Ստեփանակերտի թատրոնում անցած ստեղծագործական ուղուն, նրա մարմնավորած կերպարների պատկերասրահում տեսնում ենք հերոսներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած առաջնակարգ դերասանի։ Վերը նշվածին ավելացնենք՝ Շվայցեր (ՙԱվազակներ՚), Տաֆի (ՙՏրիլբի՚), Քրիստիան Քրիստոֆեր (ՙԱննա Քրիստի՚), Օթելլո (ՙՕթելլո՚), Սատին (ՙՀատակում՚), Պեպո, Զիմզիմով (ՙՊեպո՚), Ասլան ամի (ՙՕղակում՚։ 
1949թ. Արշակ Արշակունին տեղափոխվեց Հայաստան, որտեղ հետագայում արժանացավ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Ակտիվ թատերաբեմից նա հեռացավ 1960-ական թվականների կեսերին։  
Այսօր, երբ լրացել է նշանավոր դերասանի ծննդյան 100-ամյակը (ծնվել է 1912թ. հուլիսի 14-ին, հին Սպիտակաշեն գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում), մենք ցավալիորեն փաստում ենք, որ Արշակ Արշակունուց այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել՝ բացի մեկ-երկու լուսանկարից, մեկ -երկու հիշողությունից, մի քանի խունացած թերթերից, որոնք իսկապես հավաստում են, որ Ստեփանակերտի  պետդրամթատրոնում եղել են պայծառ ու լուսավոր անուններ։ Նրանցից մեկն էլ Արշակ Արշակունին է, ում ոսկեդարն այդ թատրոնում եղավ 1933-1948 թվականները։ 
Այս համեստ խոսքը թող արժանի  նվերը  լինի նրա 100-ամյա  հոբելյանին՝ իր համագյուղացիներից և նրա  արվեստի երկրպագուներից։ 
 
Էռնեստ ԵՍԱՅԱՆ