[ARM]     [RUS]     [ENG]

ՂԵԿԱՎԱՐ, ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Donara.jpgԱյս տարվա հոկտեմբերին  մեր հանրապետության առաջին ոչ պետական  բուհերից Մեսրոպ Մաշտոց Համալսարանը  նշեց իր ստեղծման 15-ամյակը: Անցած  տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն և հաստատակամորեն ձգտել են իրագործել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: 
Սկզբում ունենալով ուսանողների փոքրիկ խումբ՝ համալսարանն արագ աճեց, և այժմ այնտեղ սովորում է ավելի քան 800 ուսանող՝ ԼՂՀ-ից, ՀՀ-ից, ինչպես նաև ԱՊՀ-ում բնակվող մեր հայ երիտասարդներ: Անվիճելի է, որ եթե Մեսրոպ Մաշտոց Համալսարանն այսօր ունի մեծ համարում և իր արժանի տեղն է զբաղեցրել հանրապետության բուհական համակարգում, ապա այս ամենի մեջ, ինչ խոսք, մեծ է բուհի հիմնադիրներից մեկի՝ Դոնարա Գաբրիելյանի վաստակը, ում  ծննդյան 60-ամյակը լրացավ օրերս: Մեսրոպ Մաշտոց պետհավատարմագրված համալսարանն, այսպիսով, կրկնակի տոնով է ճանապարհում անցնող տարին, քանի որ համալսարանի տասնհինգամյա ակտիվ գործունեությունն ամենից առաջ Դոնարա Գաբրիելյանի հետեւողական և նպատակասլաց աշխատանքի արդյունքն է։ 
Նրա կենսագրությունը վաստակաշատ մանկավարժի, միշտ որոնումների մեջ գտնվող մտավորականի և պարզապես ուժեղ հայուհու կենսագրություն է: Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը ծնվել է 1952թ. դեկտեմբերի 15-ին,  Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցը: 1970թ. ընդունվել է Ղրիմի մանկավարժական ինստիտուտը, 1974թ. ավարտել է Սիմֆերոպոլի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը`  ՙՌուսաց լեզու և գրականություն՚  մասնագիտությամբ: 1974-2002 թթ. դասավանդել է ԱրՊՀ   ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնում, 1999-ից  նաև  բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալն  էր: 2001թ. ընտրվել է  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի  ռեկտոր: 2008թ. փետրվարի 15-ին ՀՀ ԲՈՀ-ի  կողմից նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, 2010թ. նույն հանձնաժողովի կողմից`  դոցենտի գիտական կոչում: Դոնարա Գաբրիելյանը Բնության եւ հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր է: ՙՈրակի  Եվրոպական  Գրան-պրի՚  կազմկոմիտեի  կողմից հիմնադրված  շվեյցարական ¥OPI)   կազմակերպության  և  արդյունաբերության  և  նոր  տեխնոլոգիաների  աջակցության  ¥”EMA  Invest”)  հիմնադրամի  նախաձեռնությամբ նա առաջադրվել է որպես պատվավոր  պարգև  հայցող  թեկնածու։ 2007 թվականից  Դ. Գաբրիելյանը   Եվրոպայի  ռեկտորների  ակումբի  անդամ է: Եվրոպական  կրթական  դաշտի  ինտեգրման  ուղղությամբ  կատարված  աշխատանքների  համար նա   արժանացել  է  Սոկրատեսի  անվան  միջազգային  մեդալի: Գիտության, կրթության  և  բիզնեսի  ոլորտում  միջազգային  հարաբերությունների  ամրապնդման  գործում  ներդրած  ավանդի  համար  Դ.  Գաբրիելյանին   շնորհվել  է  նաև  Վիեննա  քաղաքի  Միջազգային  համալսարանի  պատվավոր  պրոֆեսորի  կոչում:  Ամուսնացած է: Ունի երեք զավակ,  յոթ  թոռ: Ամուսինը՝  Գրիգորի Գաբրիելյանը, 1992թ. զոհվել է Արցախյան ազատամարտում:                                       
Երկա՛ր տարիների վաստակաշատ ուղի, դժվար, հաճախ անհաղթահարելի թվացող փորձություններին դիմակայելու և առաջ նայելու ամուր կամք ու արժանի տեղ արցախյան մտավորականության շարքերում: Դրանք լի են վաստակի ու մշտական որոնումների հարուստ ճանապարհով, փորձով, երիտասարդ սերնդին եւ հայրենիքին նվիրվելու անձնուրաց գործով, բազմաթիվ ծանոթ-անծանոթների շնորհակալական խոսքերով ու բարեմաղթանքներով: Իբրև բուհի ղեկավար, Դ. Գաբրիելյանն ամեն տարի ձգտում է ինչ-որ բան ավելացնել եղածին։ Համալսարանն այսօր պետական հավատարմագրում ունի։ Հանրապետությունում գործող բուհերի շարքում Մեսրոպ Մաշտոց Համալսարանն առանձնանում է արտաքին լայն հարաբերություններով, արտերկրյա բուհերի հետ սերտ  համագործակցությամբ և տարածաշրջանի  համալսարանների հետ ուսումնագիտական կապերով  (բուհը համագործակցում է Արցախի և Երևանի պետական, Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանների, Հայ¬Ռուսական (Սլավոնական) պետական և Երևանի ՙԳլաձոր՚ կառավարման համալսարանների, Զբոսաշրջության հայկական ինստիտուտի հետ)։ Դ. Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվում են տարբեր թեմաներով միջազգային գիտաժողովներ Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք երկրների բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սերտ ու արդյունավետ կապեր են ստեղծված Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանիսայի ուսումնական և գիտական հաստատությունների հետ։  2010թ. ՄՄՀ-ն համագործակցության դաշինք է կնքել Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի հետ։ Բուհը լավագույն ուսանողներին հնարավորություն է տալիս լինել Ջորջթաունի համալսարանում և ՙՄեկ կիսամյակ Վաշինգտոնում՚ ծրագրի շրջանակներում մասնակցել նշված համալսարանի դասընթացներին։ 
Սիրված  ղեկավար լինելը շնորհ է, որը  շատերին չէ տրված: Հոբելյանական տարեդարձի առիթով Մեսրոպ Մաշտոց Համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը   շնորհավորում են իրենց ղեկավարին, ում սիրում և հարգում են բոլորը` ուսանող ու դասախոս, ում ներկայությունը միշտ ուրախացնող է, հաճելի ու պահանջված...
ՙԱզատ Արցախի՚ խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին։
 
Շնորհավորանքներ, 
բարեմաղթանքներ
 
    Դոնարա Գաբրիելյանը մեր հանրության աչքի ընկնող ներկայացուցիչներից է. փորձառու մանկավարժ է, գիտնական, կրթական գործի հմուտ կազմակերպիչ, հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից։
    Նա օժտված է կամային հատկանիշներով և կարողանում է իր լավատեսոությունը փոխանցել շրջապատին։
Դոնարա Գաբրիելյանը հոգատար մայր է, հմայիչ կին։ 
   Ի սրտե շնորհավորում եմ տիկին Դոնարային հոբելյանի կապակցությամբ և հղում իմ բարեմաղթանքները։
 
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ.
 
ՙԾննդյան տարեդարձը լավագույն առիթն է` ևս մեկ անգամ անդրադառնալու հոբելյարի արժանիքներին ու մեծարելու նրան: Սակայն Դոնարա Գաբրիելյանի պարագայում հնչած բարեխոսությունները շահեկանորեն տարբերվում են  միայն պահի թելադրանքով հնչվող գովեստներից: Հմուտ ղեկավարի, բանիմաց մասնագետի եւ պարզապես օրինակելի քաղաքացու նրա կերպը ժխտելն անընդունելի է, եւ եթե մեր երկրում խոսվում է գենդերային անհավասարության  մասին, ապա որպես  հակառակի ապացույց` պարզապես պետք է  մատնանշել  հենց տիկին Դոնարային ու այն կանանց, ովքեր ակտիվորեն ընդգրկված են Արցախի հասարակական-քաղաքական կյանքում,  եւ որոնց  նշանակալի դերակատարումը  մեր հանրապետության տարբեր ոլորտներում  ակնհայտ է: Ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ տիկին Դոնարային` հոբելյանի առթիվ,  թող երկար լինի նրա կյանքի ճանապարհը, որը, համոզված եմ, այսուհետ եւս նվիրված է լինելու Արցախի կրթական դաշտի զարգացման  պատվաբեր գործին։
 
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ
 
Դ. Գաբրիելյանը Ղարաբաղյան շարժման հետ կապված ունեցել է ծանր  կյանք, ես կցանկանայի, որ  հետագա տարիներին ապրի  խաղաղությամբ։ Նա այն անհատականությունն է, որ վաստակած այդ տարիքում  դեռևս շատ  ծրագրեր  ունի իրականացնելու, առանձնապես  կրթական ասպարեզում, դա է վկայում այն, որ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը մեր  բուհերի մեջ  յուրովի համալսարան է`  իր կրթական ծառայությունների նոր որակով և կարգապահությամբ ու  կազմակերպչական աշխատանքներով: Դա է վկայում, որ  ՄՄՀ -ն փորձում է գիտական ասպարեզում նաև կապեր հաստատել` դրանով իսկ անուղղակիորեն նպաստելով Ղարաբաղի  ճանաչման  գործընթացին: Ես կցանկանայի, որ կրթական ասպարեզում ՄՄՀ-ն հասնի իր բարձունքներին, որտեղ շատ մեծ դերակատարություն ունի Դ. Գաբրիելյանի անձնական  վաստակը:
 
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, 
մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ
 
Մենք Դ.Գաբրիելյանի հետ  աշխատել ենք ԱրՊՀ-ում:  Նա բարձր պատասխանատվության զգացում ունի թե որպես  մտավորական, թե որպես  կին և մայր: Նա կարողացել է ստեղծել այն կառույցները,  որոնք անհրաժեշտ են համալսարանի բարեհաջող և նորմալ գոյատևման համար: Եվ այսօր այդ համալսարանը ԼՂՀ-ում հասել է իր նպատակին: Առանց պետական աջակցության նա կարողացել է ստեղծել համալսարան` լավ կոլեկտիվով, լավ հնարավորություններով լաբորատորիայով, կահավորված լսարաններով: Այն ամենալավը, որը կարելի է մաղթել կնոջը, կմաղթեի Դ.Գաբրիելյանին`  60 ամյակի առիթով: Ցանկանում եմ, որպեսզի ՄՄՀ-ն դառնա ամենալավ  համալսարանը  ԼՂՀ-ում:
 
Արպատ  ԱՎԱՆԵՍՅԱՆ
 ԱԺ պատգամավոր, Ֆինանսաբյուջետային 
և  տնտեսական կառավարման հարցերի մշտական նախագահ
 
Լարա ՍԵՎՈՒՄՅԱՆ