[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է, ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ՄԵԶ ՀԵՏ Է՚

Միջոցառում ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում 
2012 թվականը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հռչակված է Սայաթ-Նովայի տարի։ Աշխարհի բոլոր հայաշատ վայրերում նշվում է մեծ սիրերգակ, աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը։ Այդ տարեդարձին էր  նվիրված օրերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում կայացած միջոցառումը, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր, ուսանողներ։ 
ՙՀանճար լինելուց առաջ և լինելու համար նախ պետք է մարդ լինել, ինչպես որ համամարդկային լինելուց առաջ և լինելու համար հարկավոր է նախ լինել մարդկային՚,- մեծ բանաստեղծ Պարույր Սեւակի այս խորիմաստ բանաձեւումով սկսեց իր խոսքը միջոցառման նախաձեռնող, համալսարանի  հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս Ամալյա Գրիգորյանը։
 Սայաթ-Նովա երեւույթի մասին իր խոսքն ասաց համալսարանի ռեկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը. ՙՍայաթ-Նովան երեւույթ է, որ մշտապես մեզ հետ է,  մտել է մեր կյանքի բոլոր ոլորտները եւ ինչ- որ տեղ դարձել նաեւ կյանք՝ արվեստ լինելուց բացի։ Սովորաբար Սայաթ¬Նովային ներկայացնում են որպես բանաստեղծ, որպես գուսան, որպես երաժիշտ, եւ այստեղ ոչինչ ավելացնելու կարծես թե չկա, որովհետեւ նա եւ երաժիշտ էր, երգահան, կատարող, գուսան, բանաստեղծ, փիլիսոփա, եւ այս ամենը դեռեւս քիչ  է Սայաթ-Նովային ներկայացնելու համար։ Սակայն Սայաթ-Նովան՝ որպես մեր արվեստի նորարար, Նարեկացուց հետո դեռեւս չի ներկայացվել մեր գրականության մեջ, մանավանդ գրականագիտության մեջ։  Իսկապես Սայաթ-Նովան նորարար է, բայց նրա նորարարությունը տեսանելի չէ կարծես թե արտաքուստ, նրա ամբողջ պաշարը ներառված է նրա բառի, բանի, գեղարվեստական մտածողության մեջ։ Եվ պիտի ասել, որ Սայաթ-Նովան մեր միջնադարի մանրանկարչությունը բերեց գրականություն։ Պատկերային իր համակարգի մեջ նա իսկապես նկարչություն ներկայացրեց՚։  Անդրադառնալով նաեւ աշուղ-բանաստեղծի պատկերավոր լեզվին ու խոսքին, բանախոսն ընգծեց, որ  գրականության մեջ, անկախ նրանից, թե ինչպիսի իրականություն է ներկայացնում այդ գրականությունը, բառը նոր է, եթե նոր է մտածողը։ Սայաթ-Նովան առաջինն էր, որ կարողացավ մեղեդու մեջ տեսնել բառը, եւ պատահական չէ, որ սայաթնովյան մեղեդի լսողն իսկույն իր մտքի մեջ կենդանավորում է այն բառերը, որ Սայաթ-Նովան երաժշտավորել է։ Եվ եթե այդ բառերը չհիշվի էլ, ապա անպայման երաժշտության մեղեդիները տանում են դեպի բառաստեղծում, դեպի նոր բառ, դեպի մտքի սլացք։ 
Վարդան Հակոբյանը նոր լույսի տակ ներկայացրեց աշուղ-բանաստեղծի արվեստը՝ չկրկնելով այն մեծագույններին, ովքեր գնահատական են տվել Սայաթ-Նովային։ ՙՆա եռամեծ է ոչ միայն նրանով, որ եռալեզու աշուղ բանաստեղծ է, այլ որ կարողացավ աշխարհի ժողովուրդների խառնարանում առանցք դառնալ իր մեծությամբ, իր գեղարվեստական մտածողությամբ, իր բանաստեղծությամբ։ Եվ դրա համար այսօր  Սայաթ-Նովա անունը մեզ համար նշանակում է խորհրդանիշ, որ իր մեջ պարունակում է եւ բանաստեղծությունը, եւ գեղագիտությունը, եւ փիլիսոփայությունը, եւ կյանքի գեղեցկությունը՚,¬ եզրահանգում է բանախոսը։
Միջոցառումը  եւս մեկ պատեհ առիթ էր  ներկաներին  քաջածանոթ դարձնելու  Սայաթ-Նովա մեծության, նրա կյանքի ու գործունեության, ստեղծագործության խորախորհուրդ էջերին, փիլիսոփայությանը, արժեւորելու մարդու, բնության, եւ սիրո մեծ   երգչի մեծությունը։ Համալսարանի շնորհաշատ ուսանողները մեծ սիրով էին ընդգրկվել միջոցառմանը, եւ յուրաքանչյուրը յուրովի մատուցեց մեծ սիրերգակի խորիմաստ ստեղծագործությունները։ 
 
 Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ