Logo
Print this page

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՏՈՆ

Shoushi.jpg1988-ի սեպտեմբերի 18-ին ազերական խուժանը հայաթափեց Շուշին։ Շուշիում բնակվող հայության  հետ իր դարավոր ոստանը ստիպված էր լքել Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը՝ կրկին հետ գալու բաղձալի ակնկալիքով: Դպրոցն իր ողջ կազմով տեղակայվեց Ստեփանակերտի հ. 5 դպրոցի շենքում` պահպանելով իր կարգավիճակը:  Քսան տարի առաջ  հայ ռազմիկը`  իր բազկի ու զենքի  զորությամբ իրականացրեց ազգի երազանքը` կրկին իր օրինական տիրոջը հանձնեց Շուշին: Ազատագրված քաղաքը զավակներին իր մոտ կանչեց սկսված նոր ուսումնականից մեկ ամիս անց` հոկտեմբերին,  Խ. Աբովյանի անվան կրթօջախի  զանգով: 
Դպրոցն իր գործունեությունը վերսկսեց 41 աշակերտով, պահպանվեց որպես ինքնուրույն միավոր: Երկու  տասնամյակում այդ թիվը տասն անգամ բազմապատկվեց, և այսօր այն շրջանի ամենախոշոր  աշակերտական ու մանկավարժական կոլեկտիվն է, քաղաքի կրթամշակութային վաղեմի դիմագծի հաստատման գլխավոր դերակատարներից մեկը: Դպրոցն ամբողջովին հիմնանորոգվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: 
Օրերս հայ  մեծ լուսավորչի անունը կրող դպրոցում տոն էր.  մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները նշեցին հարազատ կրթօջախ վերադառնալու 20-ամյակը: Բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ ունեցող այս դպրոցը սկզբնավորեց ևս մեկ ավանդույթ` Վերադարձի տոնը: 
Տոնակատարությանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, շրջանի ու քաղաքի ղեկավարությունը, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:  
Դպրոցի տնօրեն, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նազիկ Նալբանդյանը, ով ճաշակել է Շուշիի ու դպրոցի կրած բոլոր դժվարությունները, խոստովանեց, որ երբ թշնամին հայոց Շուշին վերածել էր մահասփյուռ կրակակետի մերձակա հայկական բնակավայրերի համար, և եթե իրենց մարգարեաբար ասեին, որ մեր Շարժման և մայր կրթօջախ վերադառնալու տարեդարձերը տոնելու են Շուշիում, չէին հավատա, այն կհամարեին անիրականանալի երազ: Բայց այսօր դա իրականություն է: Նա երախտագիտության խոսք ուղղեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին ու ԼՂՀ կառավարությանը` նման հոյակերտ դպրոցական շենք նվիրելու համար` խոստանալով, որ համարժեք  կրթադաստիարակչական գործունեություն կիրականացնեն: Հիրավի, դպրոցն այսօր աչքի է ընկնում ուսման և մարզամշակութային ասպարեզներում ունեցած  հաջողություններով: 
Շնորհավորելով հիշարժան իրադարձության առթիվ, ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը միաժամանակ վերհիշեց քսան տարի առաջ այս  կրթօջախի, հատկապես նրա տնօրեն, մեծ մանկավարժ, երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի ապրումները դպրոցի ապագայի հանդեպ: Կապված պատերազմական իրավիճակի, ինչու չէ, նաև ֆինանսական դժվարությունների հետ` դպրոցի հետագա կարգավիճակի պահպանումը վտանգի տակ էր: Բայց խոհեմ ու հեռատես կազմակերպիչների շնորհիվ այն իր ինքնուրույնությունը  մաքառումների գնով ոչ միայն պահպանեց, այլև  դարձավ Շուշիի վերընձյուղման ավետաբերը: Նախարարը վստահություն հայտնեց քաղաքի կրթամշակութային զարգացման գործում դպրոցի  դերակատարության մեջ, քանի որ լավագույն ավանդույթներ ունեցող այս կրթօջախն ունի մանկավարժական փորձված և կուռ կոլեկտիվ, որը կարողանում է պատշաճ կերպով իրականացնել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը: Ս. Ասրյանը նախարարության պատվոգրերով պարգևատրեց կրթօջախի մի խումբ մանկավարժների, այդ թվում` տնօրեն Նազիկ Նալբանդյանին` նշանակալից իրադարձության  և այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների ու բոլորանվեր աշխատանքի համար: 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորեց մտավորականության, մասնավորապես՝ մանկավարժների, դերը Շուշիի հոգևոր¬մշակութային   վերածննդի գործում` ասելով. ՙԱյն, որ Շուշիի ավերակների ծանրությունից չի խաթարվել նրա շնչառությունը, շնորհիվ այն մտավորականների է, ովքեր եկել են Շուշի` հույսով ու հավատով, որ այն նորից գտնելու է իր նախկին դիմագիծը՚: Իսկ մանկավարժները նաև սերունդներին ոգի ներարկողներն են, որը  մեր երեկվա և վաղվա հաղթանակների գրավականն է: 
Ի հաստատումն այս մտքի,  դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Արթուր Սահակյանն  աշակերտության անունից խոստացավ բարձր պահել հարազատ կրթօջախի անունն ու պատիվը: 
Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը ևս հիշողություններ ուներ՝ կապված անցած օրերի  հետ: Երևի դժվար է նկարագրել քսան տարվա հեռավորությունից  այն  ուրախությունը, երբ հարազատ կրթօջախի գիրկը վերադարձան նրա իրական տերերը, բայց պատկերացնել կարելի է.  փլատակներն այն աստիճանի էին, որ մեքենաները չէին կարողանում անցնել փողոցներով, բայց ամեն օր հնչում էր դպրոցական զանգը` ուրախություն պատճառելով ոչ միայն շուշեցիներին ու ողջ Արցախին, այլև համայն հայությանը, քանզի Շուշին հայության խորհրդանիշերից մեկն է: Վ. Կասյանը շրջվարչակազմի պատվոգրերով պարգևատրեց դպրոցի մի խումբ մանկավարժների և դպրոցի հիմնանորոգումն իրականացրած ՙԱտրիում՚ շինարարական կազմակերպության ներկայացուցիչների:
Այս օրերին աբովյանցիների հյուրն էր Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի պատվիրակությունը` տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Երկու կրթօջախները համագործակցության ծրագիր ունեն: Ա. Բլեյանն առաջարկեց  հարաբերությունները դարձնել առօրեական՝ գտնելով, որ փոխայցելությունները կնպաստեն առավել ջերմ հարաբերությունների ստեղծմանն ու կրթադաստիարակչական խնդիրների լուծմանը: Նա գրքեր ու  գեղանկարչական գործ  նվիրեց Շուշիի դպրոցին: 
Տոնի կապակցությամբ շնորհավորանքի հեռագրեր էին ուղարկել Երևանի Լեոի անվան հ. 65 դպրոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրենությունները: 
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.