[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆՎՈՐԻ ԶԱՆԳ, ԲԱՌԱՀԱՆՔ ԷՐ ՀՐԱՇՔ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Untitled_1.jpgԱյս տարի լրացել է անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի 85-ամյակը։ Գրող, որ ապրել ու ստեղծագործել է Ղարաբաղում, օգնել է արցախցուն ապրել իր բանաստեղծությամբ, իր երգերով, իր անզուգական ՙՀորովել՚-ով։ Իրավ, կտրելուց հետո է ծառի հաստությունը երեւում, չնայած բանաստեղծը դեռ իր կենդանության օրոք մեծություն էր, հեղինակություն, գրական օջախի նահապետ։  Յոթ տարի է արդեն, ինչ Գաբո Ապերը կնքել է իր մահկանացուն, բայց մանուկների շուրթերին է եւ կլինի նրա ՙԱյբուբենը՚, հնչում են եւ կհնչեն Ղարաբաղի բարբառով գրած երգերը։ 
Պատվավոր, հենց պատվո անուն ուներ՝ Գաբո Ապերը (նկատել եմ՝ Վարդան Հակոբյանը երբ ասում էր Գաբո Ապեր՝ հարգանքի՞ց, հուզմունքի՞ց, չգիտեմ, աչքերը լցվում էին թախիծով, հոգու ծովը գցած ու նույն պահին հանած թախիծով), իրեն սազական անուն, ասես՝ տոհմականչ անուն լիներ։ Գիտեմ՝ Գուրգենին գալու, ի շրջանս Գուրգենի քայլ անելու համար պիտի նրա ծննդավայր գյուղ ու տուն մտնենք։ Բայց այսօր գյուղ ու գյուղի տան հետ գործ չունենք ոչ թե նրա համար, որ Գուրգենի տունը ամբողջ Արցախն էր, Հայաստանը, բոլոր էն տեղերը, ուր հայ երեխաներ են աճում, այո՜, աճում, աճում նաև Գուրգենի երգերով, այլ հենց ինքն էր հող ու տուն, երկիր ու երկինք անպայման Ղարաբաղի հող ու ջրով, օրհնանքով առլեցուն։
Մարդը եկավ ու գնաց՝ հարազատ դառնալով բոլոր նրանց, ում համար թանկ է, շնչեղ ու հնչեղ բանաստեղծությունը, զուր և իզուր էլ ասում ենք՝ մանկական։ Մանկական չէ, մանուկներին հասցեագրած բանաստեղծությունը եթե չհուզի ու մանուկ չդարձնի մեծին, ալևորին, նրան չդարձնի վաղուց հեռացած մանկական աշխարհ (դառը լինի, քաղցր լինի՝ մեկ է), ուրեմն... Ուրեմն էն պիտի ասեմ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ ասում ու գրում են հրաշալի բանաստեղծ, մտածող ու մտածել տվող Գուրգեն Գաբրիելյանի երկրպագուները։
Ես հաճախ եմ մտածում, թե ինչու հայերս Աստծո տված մեր հողի վրա չենք ու հիսուն միլիոն չենք։ Մտածում եմ նաև էն ժամանակ, գուցե՝ ավելի շատ էն ժամանակ, երբ մանուկներին հասցեագրած լավ գիրք է ընկնում ձեռքս։ Միանգամից բացում եմ ու գտնում տպաքանակը ազդարարող տխուր թիվը, որն այստեղ ընդամենը քանակ է։ Հինգ հարյուր օրինակը մի լավ դպրոցի բաժին պիտի լիներ։ Գուրգենը պիտի որոնված լիներ, հենց սպասված նախ իր ծննդավայր-աշխարհ Ղարաբաղում,  Հայաստանում, բոլոր մոտ ու հեռու աշխարհներում, հայոց գաղթօջախներում, ուր հայ երեխաներ են մեծանում, և հայ պապիկ-մամիկներ են փոքրանում։ 
Ափսոսանքս միայն Գուրգեն Գաբրիելյանի համար չէ բնավ։ Այսօր էլ Երևանում տեսնում եմ  Գուրգենի հրաշալի բարեկամներ Յուրի Սահակյանին, Երվանդ Պետրոսյանին, որոնք շաբաթը մեկ մտնում են գրախանութ՝ տեսնելու իրենց գրքերից գոնե մի երկու օրինակ վաճառվե՞լ է։ Մանուկներին մաքուր օդ, թթվածին չենք տալիս, ինչպես ասում են՝ էկոլոգիապես մաքուր սնունդ չենք տալիս, լավ բանաստեղծություններ, հենց մանկական աշխարհ՝ հետաքրքրությունների ինքնամոռաց աշխարհ չենք նվիրում, բա ինչի՞ համար ենք։ Երեխան հենց օրորոցում պիտի հասկանա, որ ինքն օրորվում է ոչ թե օրորոցում, այլ մեծանում է Հայաստանում, Ղարաբաղում։ 
Մենք հոգեբանության ժողովուրդ ենք, դրա համար հոգեվարքություն չունենք, գրեթե չունենք։ Գուրգեն Գաբրիելյանը մանկական հոգեբան էր ու նա իր հոգեբանական վերլուծություններն արտահայտում էր բանաստեղծության պատկերային կառուցվածքով։ Այսօր հազար մարդ չէ, հազար-հազարավոր մարդիկ կարող են ասել՝ բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանն ինձ սիրել տվեց Ղարաբաղը, Հայաստանը, ինչպես Թումանյանն է սիրել տալիս Լոռին ու աշխարհը։ Լավ բանաստեղծի ճակատագիրը անընթեռնելի է։ Մի բան պարզ է, որ Աստված տվել է։ Աստծո տված, անգամ կասեմ՝  շնորհներով ոչ թե օժտված, այլ հենց շնորհներով շնորհաբերված այր էր բանաստեղծը։ Եթե անգամ թիկունքից նայեիր քայլող Գուրգեն Գաբրիելյանին, չէիր կարող չհպարտանալ՝ մարդ է ու քայլում է։ Անգամ կմտածեիր՝ ինչպես են քայլել մեր նախնիները, որ երբեք էլ պարտադիր չէ, որ բանաստեղծ եղած լինեն։ Բանաստեղծս ո՞րն է՝ լավ զրույց է անում, ու դու հասկանում ես, թե ինչ է ասում, եթե մի բարև տալու, բարև առնելու մեջ դու տեսնում ես անգամ չերևացող մի ծես, եթե մարդն իր հոգին ու բերանը, լեզուն մաքուր է պահում, տաճար է պահում, իր տան, իր զավակի բաժին Արևը, եթե անխոս երկրպագում է ու Աստծո լույսի հավատով շարունակում իր ճանապարհը, որ ճանապարհն է իր հոր, իր պապի, իր պապի պապի, ուրեմն նա բանաստեղծ է։ 
Աստված Գուրգեն Գաբրիելյանին ակոս-ակոս լեցուն սեր էր տվել։ Այդ սերը նա կարողացավ դարձնել երգ։ Եթե համարձակվեմ, եթե սխալվելուց չվախենամ, ապա կասեմ՝ Գուրգեն Գաբրիելյանն իր հզոր հոգում երգի ձուլարան ուներ, ձուլարան, որ ավելի նման էր մատուռի, եկեղեցու, վանքի, ուր նա երգ էր հալում տառ առ տառ, բառ առ բառ, երգ առ երգ, գիրք առ գիրք՝ գունե՛ղ, բյուրե՛ղ գրքեր ողողում սրտեր, հոգիներ։
...Բանաստեղծ է ու՝ վե՞րջ։ Չէ, բանաստեղծ է ու՝ սկիզբ։ Բանաստեղծ է ու՝ շարունակություն։ Բանաստեղծ է ու... Որտեղի՞ց են գալիս բանաստեղծները։ Կարևոր չէ, թե որտեղից են գալիս, կարևորն էն է, որ գալու են ու գալիս են։ Գուրգեն Գաբրիելյանն ամեն մի իսկական բանաստեղծի նման գալիս է... Մեսրոպ Մաշտոցից։ Մաշտոցը Արցախում դպրոց էլ ինչո՞ւ է բացել։ Բացել է, որ իր աշակերտները շինարար դառնան, հողագործ, ուսուցիչ, գիտնական, զինվորական դառնան, հարս ու փեսա դառնան, պապ ու տատ, երեխա դառնան, ճամփա դառնան, ջրվոր դառնան, ջրաղացպան դառնան, երկրի մշակ, գրի մշակ դառնան, ամեն գործի մեջ զինվորի սիրտ ու ոգի մտնեն, Գուրգեն Գաբրիելյան դառնան։ Իսկ Գուրգեն Գաբրիելյանը ԵՐԳ է։
Գուրգեն Գաբրիելյանը, իրոք, ամեն ինչից առաջ երգ է։ Երգ է, որ իր հոգին, սիրտը լցրել էր երգի սերմով, ու այն ծաղկում էր, բերում, գերում։ 
Գուրգեն Գաբրիելյանը էս երգով (ՙՂարաբաղի հորովել՚) գրել է իր Պատմությունը, Ղարաբաղի Հայոց իր Պատմությունը։ Ղարաբաղի մե՛ծ երկրում, Ղարաբաղի մե՛ծ երկնքի տակ բնակվում է մի երգ, որ անուն ունի՝ Հորովել։ Այն լոկ հորովել չէ։ Հայոց բոլոր հորովելների նման ժողովրդի պատմություն է, տան ու երկրի պատմություն։ Գուրգեն Գաբրիելյանին հաճախ եմ հիշում։ Մարդ էլ մեկից նվեր ստանա ու նրան չհիշի՞...
Միայն կաշառք տվող-առնողները կարող են չհիշել։ Իսկ ես հիշում եմ, որովհետև ոչ միայն ինձ, այլև իմ թոռնուհուն կաշառել՝ գիրք է ընծայել։ Երևանում՝ հիվանդանոցում պառկած։ Էլի խելքը գրքի տարած էր։ 
Գուրգեն Գաբրիելյանը ոչ միայն իմ սրտում է երգ թողել, այլև իմ տանը։ Տուն էլ ասում եմ։ Բարձրահարկը ի՞նչ տուն։ Հող չունես, թառ չունես, շուն չունես, ձի չունես, ոնց որ բառ ու բան էլ չունենաս։ Քաղաքազուրկ էդ տանը երգ է թողել Գուրգեն Գաբրիելյանը։ Տունը խոսքով, լավ զրույցով, հենց երգով է տուն դառնում։ Մեր կոչվածում ոչ քչերն են երգել։ Բայց ամեն երգ երգ չէ, ինչպես ամեն երգիչ երգիչ չէ։ Երգողը երգիչ չէ։ Մեր տանը երգել են  Երգիչ Հայրիկը, Խորեն Պալյանը (ափսոս, նա էլ գնաց), Գուրգեն Գաբրիելյանը։ Մեզ ընծայված սոված-ծարավ, ցուրտ, հուսահատ տարիներին բարձրանալ 12-րդ հարկ, խոսք ասել ու երգել, կասեի՝ ձենը բաց թողնել, դա պարզապես նվիրատվություն եմ համարում, որի իսկական ժառանգորդն իմ ընտանիքն է։ Վարդան Հակոբյանի հետ էր եկել, թվում է՝ Վարդանը անհագ երգից չի հագենա, բայց չի էլ ասի՝ ես էլ եմ ձեր տանը լսել Գաբո Ապորը,  ինձ էլ է բաժին հասնում։ Երանի էդպես կարողանանք հիշել ու ժպտալ։
Գուրգեն Գաբրիելյանն ինձ համար Ղարաբաղ է, բարբառ է, գրաբար է, լեզու է, մանկության հարուստ ամբար-բառագանձարան է, ինքն իր ափերի հետ լուռ զրուցող ու խորհուրդ-մտավորական արվեստագետ է, որ եկավ խաղաղ, ապրեց մանուկների հետ, հարստացրեց ու հարստացավ նաև ինքը։ Ուրեմն՝ եկավ եկած¬ գնացածներից հետո՝ շարունակելով նրանց, իր գործն արեց, իր երգի սերմերը տվեց Ղարաբաղի հողին, Հայաստանի  հողին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հողին ու գնաց՝ աչքը  եկողների ճամփին, որ գալու են, չեն կարող չգալ, որովհետև Տերը մտիկ է անում իր բարձունքից։
Սիրելի Գուրգեն, ոչ մեկն էս աշխարհում իր աչքում փուշ չի ցանկանա տեսնել։ Անգամ կյանքից բան չհասկացածը (նախագահից, օլիգարխից, սուտասանից, գողից, դավաճանից սկսած...) կուզենա, որ մահից հետո իրեն մի հիշող լինի, մի բարի խոսք ասող լինի։ Իսկ դու հիշողություն ես, թանկ հիշողություն, դու Ղարաբաղի աղբյուրներին մի աղբյուր ես ավելացրել, Ղարաբաղի գետերին մի գետ ես ավելացրել ու կմնաս որպես աղբյուր-բանաստեղծ, որպես գետ-բանաստեղծ, որպես հայոց անմահ Բառուբանի նվիրյալ մշակ ու ... Ի՛նչ ասեմ, ուսիդ մատաղ, քաշել ես ու հա՛ պիտի քաշես, քանի Ղարաբաղի հողը հայինն է ի ծնե ու ամեն մանկան հետ՝ քո երգը շուրթին, հային է մնալու որպես երգ ու հայրենիք։ 
Դու մեր բառագանձարանի զանգահարն ես, անսպառ բառահանք ես ու... երանի՛ քեզ, որ վարդ (վարըդ) արդար արին, ու մաճկալի նման, զինվորի նման պառկել ես քո երգերի ոսկեցելում։ 
 
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող, հրապարակախոս