[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՐՔ, ՈՐ ՀԵՂԻՆԱԿԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ 20 ՏԱՐԻ

Afrikyan2.jpgԿրկին դառնալով ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացված ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՚ խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին՝ ուզում ենք այս անգամ անդրադառնալ համաժողովի առաջին օրը տեղի ունեցած մշակութային մի կարևոր իրադարձության, որն իր էությամբ ավելի իմաստավորեց համաժողովի նշանակությունը: 
Խոսքը ճարտարապետ, բանաստեղծ, նկարիչ Ֆրեդ ԱՖՐԻԿՅԱՆԻ ՙԿատալոգ: Դասական և կանոնական նոր համակարգեր՚ գրքի շնորհանդեսի մասին է։ Հեղինակը շնորհանդեսի ավարտից հետո Սփյուռքի բոլոր հայ համայնքների ներկայացուցիչներին նվիրեց գրքի վերահրատարակված տարբերակը: Նրա հետ զրուցեցինք նման գրքի ստեղծման գաղափարի, տպագրության դժվարությունների, արվեստագետի հայացքների՝ հայ արվեստի արդի իրավիճակի, զարգացման ուղիների մասին, ինչն էլ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:
- Շատ լավ գիրք եք ստեղծել` դարերի ընթացքում նշանակությունը չկորցնող: Քանի՞ տարի Ձեզանից պահանջեց այդ հիմնարար ձևով կազմած գիրքը, որտեղ իրենց  ողջ հարստությամբ փայլատակում են հայոց գրերը:Afrikyan.jpg
- 20 տարի: Առնվազն 2 տարի միայն տևել են տպարանային աշխատանքները:
- Իսկ ինչպե՞ս ծնվեց նման գրքի ստեղծման գաղափարը:
- Մասնագիտությամբ ես ճարտարապետ եմ...
- Կներեք, որ ընդհատում եմ, բայց կան շատ ճարտարապետներ, որոնց մտքով չի էլ  անցնի նման գիրք ստեղծել:
- Ես զբաղվում էի նաև գրքերի ձևավորմամբ, 400-ից ավելի գիրք եմ ձևավորել: Նախասիրություններից է գալիս: Ճարտարապետները լավ ձիրք ունեն առ գրաֆիկան: Բայց իմ դեպքում ճարտարապետական այդ ձիրքն առանձնացավ ու գնալով   զարգացավ...Ինձ համար  հատուկ զբաղմունք դարձավ  տառարվեստը: Շատ եմ սիրում հայոց տառը:  Եվ պիտի հատուկ ընդգծեմ, որ առանց իմ կյանքի ընկերուհու՝ տիկին Աննայի, ես չէի կարող ավարտին հասցնել այս աշխատանքը: Այո, նա էլ է ճարտարապետ: Մենք ծանոթացանք հենց առաջին կուրսից, ամուսնացանք և մինչ այսօր էլ միասին ենք: Միասին սովորում էինք, միասին ընդմիջում անում, մի խոսքով, ամենուր միասին ենք: Թագուհի ասելը քիչ է, նա իմ աստվածուհին է:
- Այս պահին Դուք մեծ սիրով այս հրաշալի գիրքը նվիրեցիք ինձ` որպես Արցախի ներկայացուցչի: Իսկ Արցա՞խը Ձեզ համար ինչ է: 
- Եթե ասեմ, որ ամեն ինչ է, շատ վերացական կհնչի: Այնուամենայնիվ, պետք է  ասեմ.  շա՛տ¬շատ բան է նշանակում: Այն, ինչ հայերի մեջ լավն է, գնահատելի է, բարձր է, փառավոր է, այդ ամենն Արցախում կա: Արցախը դրոշ է մեզ համար, ինքը գնա, մենք էլ` հետևից:
- Հայ մշակույթը, ընդհանրապես, հայ մարդու տեսակը մեր այս գլոբալացման դարում վտանգված է, ճգնաժամի մեջ է: Ինչ եք կարծում, այդ ճգնաժամից, որ համատարած պատել է բոլոր մշակութային, հոգևոր ոլորտները, կարո՞ղ ենք պատվով դուրս գալ:
- Չենք կարող դուրս չգալ: Գիտե՞ք բանն ինչում է: Շատ լավ հայի մեջ կան շատ վատ գծեր, շատ վատ հայի մեջ էլ՝  շատ լավ գծեր: Նա միասեռ չէ, միատարր չէ: Դա ահավոր է: Բայց և, որքան էլ անհավատալի թվա՝ հուսալի: Հայերն իրենց  սխալներով` թե ինքնաբերաբար, թե պարտադրված, բնածին մեզ հատուկ վատ հատկանիշների պատճառով եղել են այն, ինչ եղել են: Ամենաառաջինը քրիստոնեությունն ենք ընդունել: Հենց սկզբից էլ ամենավտանգավոր ոհմակի մեջ ենք հայտվել, ավելի վատ, քան մահմեդականները: Մինչ քրիստոնեությունը չքնաղ մշակույթ ունեինք: Շատ սխալ գաղափարներ ենք կուլ տվել, ծամել: Ցավագին բառեր եմ օգտագործում, բայց ոչ նրա համար, որ ծայրահեղ եմ, այլ նրա համար, որ դա իմ համոզմունքն է: Հիմա՝ այս 21-րդ դարին պարտադրած հրամայականները մեզ կստիպեն, մեզ կդրդեն,  կօգնեն, որ մենք չկորչենք ավազների մեջ: Թող գնան՝ ուր ուզում են: Որտեղ էլ մնան՝ հայ կվերադառնան... Այստեղ սևամորթ էլ բերեն, Հայաստանի համար կաշխատի, նույնպես հայ կդառնա...
- Չե՞ք կարծում, որ փոքրաթիվ հայության համար սա վերջին մարտահրավերն է...
- Վերջինը չէ, անշուշտ: Կարող է մի ինչ-որ բնական աղետ սկսվի, և ամեն ինչ խառնվի իրար, և այն, ինչ վտանգավոր էր թվում, երկրորդ կամ ավելի հետին պլան կմղվի: Ճակատագրի անունից դժվար է խոսել, կամ պետք է այնպես ասես, որ երևա, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է: Իսկ եթե շատ խելոք ես, տեսնում ես ՙհետո՚¬ն, պետք է չասես...
- Չիմանա՞նք` ինչ է մեզ սպասվում, ինչպես դիմակայենք... Նոր սերունդը համակարգչից ժամերով չի կտրվում, այսօր նրանց դիտած մուլտերը, ֆիլմերը, սերիալները միահամուռ դաժանություն, բռնություն են քարոզում: Նման ՙդաստիարակություն՚ ստացած հայ երեխան, երիտասարդը կարո՞ղ է Հայաստան կերտել, հայ մշակույթ ստեղծել...
- Գիտեք ինչ, համեմատություն եկավ ծովի հետ: Ծովն իր մակընթացությունների և տեղատվությունների մեջ ինքնամաքրվում է...
- Այո՝ եթե ծովի ջուրը մնում է ծովում, այլ ոչ թե հոսում, ցամաքում... Եթե հազարավոր հայ մարդիկ  այսօր թողնում են հայրենիքը, Հայաստան-ծովն ինչպե՞ս պետք է իր մեջ ինքնամաքրման ուժ գտնի... 
- Նա պետք է իր ներսի ձայնը լսի: Ինչքան էլ զբաղվի, տարվի համակարգչով, համոզված եմ, էլի մեր հազարի մեջ լավի տոկոսը բարձր  կլինի: Հետո, ես հավատում եմ, որ գնացողներն էլ երկար այնտեղ չեն մնա, կվերադառնա՜ն` հարստացած գիտելիքներով, փորձով: Իմ հավատամքը գալիս է փիլիսոփայության օրենքներից։ Բանականության օրենքներով է պայմանավորված իմ համոզմունքը: Չնայած մենք մեծ խմբերով գնում ենք դեպի բացասման բացասում: Մարդկությունն է գնում: Եթե մարդկությունն է գնում, մենք չենք կարող չգնալ: Թեկուզ կարելի է այդքան հեռու չգնալ... Այնքա՛ն չքնաղ է սպասվելիք ճանապարհը: Իսկ մենք հրաշք ազգ ենք: Գիտե՞ք ինչու: Որովհետև լավն ու վատը միասին են: Ահավոր դժվար բան է...
- Լավի, վատի խտացումը շա՞տ Է:
- Բևեռներն են շատ տարբեր, ահավոր հակասական է ամեն ինչ: Ոչ մի ազգի մեջ չկան նման հատկություններ: Մեկ էլ հրեաներն են այդպիսին: Ե՜վ ձգողականության, և՜  անջատման ուժն է շատ մեծ: Դրանում է մեր հարատևության գաղտնիքը:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ