[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

241201.jpgՍտեփանակերտի թատրոնի շենքի կառուցման 60-ամյակի առիթով
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 80-ամյա գոյության ընթացքում մեծ առաքելություն է կատարել իր պատմական հողում ծվարած մի բուռ հայերի ազգապահպանության, գեղագիտական և հայրենասիրական դաստիարակության գործում։ Նրա անցած ստեղծագործական ուղու մասին գրվել է բազմիցս։ Սույն հոդվածով մենք հանձն ենք առել ժամանակի փոշուց ազատել և հնարավորինս վերականգնել յուրաքանչյուր ստեփանակերտցու համար հարազատ ու սիրելի օջախ դարձած այդ հոյակերտ շինության կառուցման պատմությունը։ 
Ստեփանակերտի թատրոնի հիմնադիրը բեմադրիչ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Սողոմոնի Ալվարյանն է, ով 1932թ. մարտ ամսին հանրապետության լուսավորության  ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ գործուղվել է Ստեփանակերտ` հայկական պետական դրամատիկական թատրոն կազմակերպելու համար։ Մարզի ղեկավարությունը նրան է տրամադրել  քաղաքի միակ` արհմիութենական ակումբը։ Այն միահարկ, քարաշեն շինություն էր, որ տեղակայված էր ներկայիս թատրոնի կենտրոնական ճեմասրահի տեղում։ Ակումբն ուներ փոքրիկ բեմ (հայելին` 5x3,5 մ2, խորությունը` 5 մ), 300-տեղանոց դահլիճ և բեմին կից փոքրիկ սենյակ, որը ցերեկը տնօրենի և ռեժիսորի առանձնասենյակն էր, իսկ երեկոյան ներկայացման ժամանակ` դերասանների հանդերձասենյակը։ Տարեց մարդիկ վկայում են, որ մինչև հեղափոխությունը նույն տեղում գործել է հայկական եկեղեցի, որը հետագայում վերակառուցվել և դարձել է ակումբ։
Կ. Ալվարյանի հրավերով Բաքվից Ստեփանակերտ են ժամանում մեկ տասնյակ պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր տեղի սիրողական խմբի հետ միասին բեմադրում են մեր համերկրացի Վ. Վաղարշյանի ՙՕղակում՚ պիեսը, որով և 1932թ. օգոստոսի 11-ին բացվում է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնը։
Կ. Ալվարյանը եռանդուն գործունեություն է ծավալում ոչ միայն ստեղծագործական ասպարեզում. նրա ջանքերով 1934թ. աշնանը թատրոնի շենքին կից կառուցվում են սենյակներ, ուր տեղավորվում են հանդերձարանը, բեմիրերը, վարսավիրանոցը, հարդարման սենյակները և դեկորների արհեստանոցը։
1930-ականների վերջում թատրոնը մարզի կարևորագույն մշակութային օջախի համարում է ձեռք բերում։ Մինչդեռ թատրոնի շենքն ու հարմարություններն  այլևս նեղ են գալիս նրա ստեղծագործական թափին։ Առաջնային է դառնում թատրոնի նոր շենքի կառուցման խնդիրը։
Թատրոնի հրամանագրքի 1941թ. թիվ 702 հրամանում կարդում ենք. ՙՄայիսի 6-ին սկսել թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները՚։ Կառույցի ինժեներ է նշանակվում Նիկոլայ Յակուբովը, աշխղեկ` Աշոտ Բաբայանը։ Սակայն շինարարական աշխատանքները շատ կարճ են տևում. հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Օգոստոս ամսին համարյա դադարեցվում են աշխատանքները, իսկ տարեվերջին օբյեկտը սառեցվում է անորոշ ժամանակով։ 
Թատրոնը պատվով է անցնում պատերազմական դաժան տարիները և բոլորի հետ միասին բաց ճակատով տոնում հաղթանակն ու անցնում խաղաղ աշխատանքի։ 
Ադրբեջանի Մինիստրների խորհրդին կից արվեստի գործերի վարչության 1949թ. մարտի 11-ի հրամանով փակվում է Բաքվի Լ. Երամյանի անվան պետական Կարմրադրոշ դրամատիկական թատրոնը։ Հրամանի համաձայն, Բաքվի թատրոնը միավորվում է Ստեփանակերտի թատրոնին` իր ունեցվածքն ու նյութական միջոցները փոխանցելով վերջինիս։ Ստեփանակերտի թատրոնը ձեռք է բերում հանրապետական նշանակություն, և նրա առջև ծառանում է Ադրբեջանի հայաշատ վայրերի սպասարկման խնդիրը ևս։ Բաքվի թատրոնից Ստեփանակերտ են տեղափոխվում մեկ տասնյակից ավելի առաջնակարգ ու սիրված դերասաններ։ Թատերախմբի նոր, հզոր կազմը ենթադրում էր ստեղծագործական բուռն վերելք, որն անհնարին էր առկա շենքային պայմաններում։
Հրամայական է դառնում թատրոնի նոր շենք ունենալու հարցը։ Այդ նպատակով Ստեփանակերտի քաղգործկոմը ՙԸջչՏրտՐՏպՍՑ՚-ին պատվիրում է ՙԿուլտուրայի տան՚ նախագիծ, որի հիման վրա էլ 1950թ. գարնանն սկսվում է շինարարությունը։ Դժբախտաբար, հնարավոր չեղավ պարզել ճարտարապետի անունը։ ՙԿուլտուրայի տունը՚ ներկայիս թատրոնի երկհարկանի շենքն է, որտեղ մինչ օրս էլ հարևանությամբ գործում են պետդրամթատրոնն ու մշակույթի քաղաքային տունը (երկրորդ հարկ)։ 
Թատրոնի շենքի կառուցման աշխատանքներն ընթանում են Ստեփանակերտի քաղաքային գործադիր կոմիտեի վերահսկողության տակ` հանձին ինժեներ Թամարա Գրիգորի Պետրոսյանի։ 
Թամարա Պետրոսյանը` ծնված 1915թ., արմատներով Մարտունու շրջանի Գիշի գյուղից, իր ամուսնու` Երվանդ Հարությունովի հետ (նույնպես` ինժեներ) Ստեփանակերտ էր հրավիրվել 1940-ական թվականների երկրորդ կեսին։ Նա սկզբում աշխատում էր որպես ինժեներ, ապա` քաղգործկոմի նախագահի տեղակալ, այնուհետև` նախագահ։ Նրան են վստահվում քաղաքի մի շարք կարևոր օբյեկտների կառուցման աշխատանքները, այդ թվում` հյուրանոցի (ներկայումս՝ ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի շենքը), և նա ձեռք է բերում բանիմաց, գործունյա, պահանջկոտ, վճռական, կամային հատկանիշներով  օժտված ղեկավարի և մասնագետի համբավ։ Ժամանակակիցները պատմում են, որ համեստ արտաքինով, առաջին հայացքից պարզ ու հասարակ այդ կինը պարզապես կրակ էր իր աշխատանքի մեջ։ Առավոտից երեկո նրան կարելի էր տեսնել շինհարթակում։ Տարեց մարդիկ հիշում են նաև, որ  նրա ամուսինը համեստ, մեղմաբարո մարդ էր, ով նույնպես անկասելիորեն կատարում էր նրա հանձնարարականները։ Պատմում են նաև, որ երբ Թամարա Գրիգորևնան քաղգործկոմի նախագահի պաշտոնում էր, ամեն առավոտ կանուխ ոտքով շրջում էր քաղաքի փողոցները, գրի առնում թերությունները, ստուգում նախորդ օրվա իր հանձնարարությունների կատարումը և առավոտյան խորհրդակցության ժամանակ ի ցույց դնում իրավիճակը, և վա՛յ նրան, ով թերացել էր գործի մեջ. չէր ներում, պատժում էր խստագույնս։
Թատրոնի շենքի շինարարությունն սկսվում է ետնամուտքի կողմից, այնպես որ, մինչև 1950թ. հոկտեմբերը նրա կառուցմանը զուգընթաց գործում էր նաև հին շենքը, որտեղ ներկայացումներ էին ցուցադրվում։
1950թ. հոկտեմբերին թատրոնի կոլեկտիվը մեկ ամսով հյուրախաղերի է մեկնում Բաքու, սակայն հյուրախաղերի ավարտից հետո թատերախումբը չի վերադառնում Ստեփանակերտ։ Այն մնում է Բաքվում մինչև 1951թ. հունիս ամիսը։ Խումբը տեղավորվում է Բաքվի 26 կոմիսարների անվան ակումբում, որտեղ նոր բեմադրությունների պատրաստմանը զուգընթաց շարունակում է հյուրախաղերով հանդես գալ մոտակա հայաբնակ շրջաններում, իսկ հունիսին վերադառնալով Ստեփանակերտ, դառնում է ՙթատրոն՝ անիվների վրա՚ ու ամիսներով շրջագայում Ղարաբաղում և  այլ հայաշատ բնակավայրերում։ 
Այդ ընթացքում թատրոնի շինարարությունը վերածվում է մարզային կառույցի, քանզի այստեղ աշխատելու են հրավիրվում լավագույն մասնագետներ մարզի բոլոր շրջաններից ու բնակավայրերից։ Հրավիրվում են հատկապես քարագործ վարպետներ (քարտաշներ)։ 
Շենքը կառուցվում է Շուշիի կրաքարից` բազալտից, որն, ինչ խոսք, կարծր քարատեսակ է, ուստի գերիշխում էր ձեռքի աշխատանքը։ Հատկապես բարդ էին շենքի երեսպատման աշխատանքները, որտեղ յուրաքանչյուր քար իր տեղն ուներ, և պետք է տաշվեր ու տեղադրվեր ոսկերչական ճշտությամբ, որպեսզի ստույգ ստացվեին ճարտարապետական լուծումներն ու քիվերի (կարնիզ) զարդաքանդակները։ Քարերն ու մյուս շինանյութերը տեղափոխվում էին ձեռքով` պատգարակների վրա։ Ուստի  հանգստյան օրերին` որպես լրացուցիչ աշխատուժ, շինարարներին էին միանում ինչպես թատրոնի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կոլեկտիվները, ուսումնական հաստատությունների ուսանողներ ու աշակերտներ։ 
Շինարարության թափն աննախադեպ էր այդ տարիների համար։ Այդ են վկայում նաև մեր ձեռքի տակ եղած 40-ից ավելի լուսանկարները, որոնք պատկերում են շենքի շինարարությունը սկզբից մինչև վերջ` հողային աշխատանքներից մինչև պորտալի (ճակատամուտքի) կառուցումը։ Պատմական դարձած այդ լուսանկարների հեղինակը մարզի՝ այն տարիների հատուկենտ լուսանկարիչներից մեկն է՝ Արմենակ Դադայանը (Արմենակ դային), ով Ստեփանակերտի թատրոնի լավագույն բարեկամն է եղել, և մեր առաջին դերասանների տաղավարային դիմանկարները, ինչպես նաև բեմական լուսանկարները մեզ են հասել նրա շնորհիվ։
Թատրոնի նորակառույց շենքը շահագործման է հանձնվում 1952թ. հոկտեմբերի 5-ին` հանդիսավոր պայմաններում` թուրքմենական դրամատուրգ Հ. Մուխթարովի ՙԸնտանիքի պատիվը՚ պիեսի բեմադրության առաջնախաղով։ Բեմադրությունը հեղինակել էր հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովսեփյանը, ով նույն տարվա հունիսին նշանակվել էր թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ սեպտեմբերին` նաև տնօրեն։ 
Թատրոնի սյունազարդ շենքն ուներ սպիտակ գույն` հար և նման Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն։ Տարածքը ցանկապատված էր չուգունե սև, ծանր ցանկապատով, իսկ շուրջբոլորը նորատունկ եղևնիներ էին: Շենքի առջև կանգնեցվել էր Մ. Գորկու արձանը, որն իր տեղում մնաց մինչև 1989 թվականը. թատրոնի անվանափոխությունից հետո այն կրեց Վ. Փափազյանի անունը, և այստեղ տեղադրվեց մեծագույն դերասանի կիսանդրին (ճարտարապետներ` Տիգրան Արզումանյան, Համլետ Մատինյան)։
Թատրոնի մուտքից սկսվում էր հանդերձարանը, որից հետո կենտրոնական ճեմասրահն էր։ Նրան ուղղահայաց` աջ և ահյակ, ևս երկու ճեմասրահներ էին` շքեղ ջահերով, հատակը՝ մանրատախտակ,  գորգապատ։ Դահլիճն ուներ 360 տեղ, նստատեղերը փայտից էին, բայց հարմարավետ։ Աջ և ձախ կողմում` բեմին մոտ  երկու օթյակներ էին` 10-ական նստատեղով և ամֆիթատրոն` 65 նստատեղով։ Մեքենայացված պտտահարթակով բեմն ուներ 12,5 մ խորություն, հայելին` 8,30x4,70 քառ.մ։ Գործում էին լուսավորման և երաժշտական արտադրամասերը։ Բեմից դուրս հարդարման սենյակներն էին` ռադիոֆիկացված։ Շենքի ընդհանուր մակերեսը (երկրորդ հարկի հետ միասին) կազմում էր 1800 քառ.մ։ 
Թատրոնի շենքն ընդհանուր առմամբ կառուցվել էր այդ կարգի մշակութային շինություններին հատուկ դասական ճարտարապետության ավանդույթներով։ Եվ զարմանալ կարելի է, որ տոտալիտար ռեժիմի պայմաններում շենքի ճարտարապետական լուծոււմները, զարդաքանդակները և զարդանախշերը մեծ մասամբ պատրաստվել են հայկական ճարտարապետության ավանդույթների ոգով։ Սա խոսում է այն մասին, որ շենքի նախագիծն, այնուամենայնիվ, արվել է հայ ճարտարապետի ձեռքով։ Բացառություն էր Ադրբեջանական ԽՍՀ գերբը` քանդակված սյունազարդ և կամարակապ պորտալի վրա։ 1989-ին մեծ ջանքեր պահանջվեցին` այն իսպառ վերացնելու համար։ 
Թատրոնի նոր շենքը հենց առաջին օրերից հանդիսանքային մշակույթ ձևավորեց հանդիսատեսի մեջ։ Ներկայացումներին գալիս էին կոկիկ հագնված, հանդերձարանում էին թողնում ոչ միայն վերարկուները, այլև կրկնակոշիկները, որոնք քաղաքի ցեխոտ փողոցների պարագայում անհրաժեշտություն էին։ Այն օրերին, երբ ներկայացում չէր լինում, թատրոնի ճեմասրահում կազմակերպվում էին պարի երեկոներ` փողային նվագախմբի հնչյունների տակ։ Կային նաև պարուսույցներ։ Այդ առումով մեծ համարում էր ձեռք բերել դերասան Գուրգեն Գրիգորյանը, ով երիտասարդներին եվրոպական պարեր էր  ուսուցանում (տանգո, վալս, ֆոքստրոտ)։ 
Թատրոնի շենքը նաև պատկառանք էր ներշնչում մարդկանց, քանի որ երկար տարիներ այդ պատերի ներսում էին անցկացվում մարզային նշանակության բոլոր քաղաքական, հասարակական միջոցառումները, համագումարները, պլենումները, նշվում էին հոբելյաններ, կազմակերպվում էին հանրաճանաչ արվեստագետների հյուրախաղային ելույթներ։ Մի խոսքով` թատրոն հաճախելը համարվում էր պատշաճ և տվյալ քաղաքացու հարգն ու կարգավիճակն ընդգծող հանգամանք։ 
Թատրոնի նորակառույց շենքը երկար տարիներ ծառայեց հանդիսատեսին։ Նրա առաջին վերակառուցումը համընկավ թատերարվեստի երախտավոր, ժողովրդական արտիստ Միքայել Կորգանյանի տնօրենության տարիներին` 1956-1971թթ. (փոքր ընդմիջումներով)։ Այդ տարիներին թատրոնը ստեղծագործական աննախադեպ վերելք ապրեց։ Մ. Կորգանյանը նաև շինարար-տնօրեն էր։ 1966-1967թթ. նա սկսեց թատրոնի կցակառույցի շինարարությունը։ Ետնամուտքի կողմից կառուցվեց երկրորդ հարկ, ինչը հնարավորություն ընձեռեց ունենալ երկրորդ փորձասենյակը, նկարիչների համար արհեստանոց, հարդարման և արտադրամասերի համար սենյակներ։ 
Թատրոնի շենքի հերթական վերակառուցումը կատարվեց 1972-1973թթ.` ԼՂԻՄ-ի կազմավորման 50-ամյակի տոնակատարության առիթով։ Վերակառուցվեց առաջին հերթին դահլիճը։ Քանդվեցին օթյակները, առաջ տրվեց բեմառաջքը, ինչի հաշվին մեծացավ բեմի խորությունը, իսկ օթյակներ տանող նախկին դռները դարձան մուտքեր բեմի համար։ Դահլիճի փայտյա աթոռները փոխարինվեցին փափուկ բազկաթոռներով, ամֆիթատրոնն ու բեմը հագան նոր թավշյա վարագույրներ, շենքի ներսում անցկացվեց ներքին ռադիոցանց։ 
Թատրոնի վերջին վերանորոգումը կատարվեց 1978թ., որի ընթացքում միայն թարմացվեց շենքի ներքին հարդարանքը։
Հետագա տարիներին, դժբախտաբար, թատրոնը դուրս մնաց իշխանությունների տեսադաշտից։ Վերահաս պատերազմական և հետպատերազմյան ծանր տարիները, շուկայական նոր հարաբերությունները փոքր-ինչ բթացրին ժողովրդի հոգևոր պահանջմունքները, և թատրոնը հետ մնաց ընդհանուր հևքից, իսկ նրա շենքը հայտնվեց անկյալ վիճակում։ Չնայած նման պայմաններին, թատերախումբը շարունակում էր իր ստեղծագործ աշխատանքը, բեմադրվում էին նոր պիեսներ, հոգ էր տարվում նոր հերթափոխ պատրաստելու համար։ 
ԼՂՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է 2013 թվականին սկսել թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, ինչը մեծ խանդավառությամբ ընդունվեց ողջ թատերասեր հասարակության կողմից։  Թատրոնի կոլեկտիվն այժմ տեղավորված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում և շարունակում է իր ստեղծագործ աշխատանքը, միաժամանակ հոգում է ապագա նորոգ շենքին արժանի հերթափոխ պատրաստելու խնդիրը։ 
Հուսանք, որ նորանկախ մեր հանրապետության մայրաքաղաքը կունենա իրեն վայել թատերական շենք, օջախ, որ նորից սիրելի ու հարազատ կդառնա յուրաքանչյուր արցախցու համար։ 
 
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 
Թատերագետ