[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Արցախի պետական կամերային նվագախումբը` մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 24-ին տվեց ընթացիկ տարվա համերգաշարի վերջին համերգը: 
Ի՞նչն էր ամենաուշագրավը ամանորյա այս համերգում: Բոլոր մենակատարները,  նվագախմբի անդամների մեծամասնությունը տեղացի մասնագետներ էին: Եվ դա  հպարտության զգացում էր պարգևում մաեստրոյին, քանի որ Արցախ գալու հենց առաջին օրվանից նա խոստացել էր կարճ ժամանակահատվածում  տեղացի օժտված երիտասարդերից դաստիարակել նվագախմբի երաժիշտների նոր սերունդ: Եվ ահա` քայլ առ քայլ, հետևողականորեն մաեստրո Մուրադյանը, հավատարիմ իր խոսքին, իրականացրեց կադրային ոչ դյուրին գործը:
Ալեքսանդր Վարդանյան (բարիտոն), Ծովինար Մնացականյան (սոպրանո), Կարեն Ղարիբյան (բարիտոն), Նանա Ֆարաշյան (սոպրանո), Լիլիթ Սաֆարյան (սոպրանո), Սար Սարոյան (բարիտոն), Լիլիթ Պետրոսյան (սոպրանո), Արտաշես Գրիգորյան (ֆլեյտա), Դավիթ Հակոբյան (ջութակ), Դիանա Մեսրոպյան (ջութակ), Արսեն Սաֆարյան (շեփոր)՝ ահա արցախցի այն երգիչ-երգչուհիները, գործիքահարները, որոնց հաջողվեց, կատարելով համաշխարհային և հայ երգահանների հանրահայտ ստեղծագործությունները, հաճելի պահեր պարգևել հանդիսականին, ՙվարակել՚ նրան տոնական տրամադրությամբ:
Նրանցից բոլորը չէ, որ կրթվել են Ստեփանակերտում. շատերն ուսումն ստացել, կատարելագործվել են Երևանի, Մոսկվայի բարձրագույն երաժշտական հաստատություններում: Բայց, համաձայնեք, առավել ևս ակնածանքի են արժանի բոլոր նրանք, ովքեր արտերկրում կատարելագործելով իրենց վարպետությունը, վերադառնում են հայրենիք և տեղում կրթում-դաստիարակում մեր տաղանդավոր երեխաներին: Այս պատվավոր գործն իրականացնող մարդկանցից են Ալեքսանդր Վարդանյանը, Ծովինար Մնացականյանը, Լիլիթ Սաֆարյանը, Լիլիթ Պետրոսյանը, Նանա Ֆարաշյանը, Կարեն Ղարիբյանը, Արտաշես Գրիգորյանը, որոնք դասավանդում են Ստեփանակերտի երաժշտական քոլեջում, Շուշիի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական-երաժշտական վարժարանում, Ստեփանակերտի երաժշտական դպրոցում։ Այս նվիրյալների շարքը, ինչ խոսք, գլխավորում է մաեստրո Մուրադյանը, ով իր լարային նվագախմբի  պրոֆեսիոնալ երաժիշտներով այս ութ տարիների ընթացքում կարողացավ շտկել մեր միակ երաժշտանոցում լարային գործիքների բաժնում ստեղծված իրավիճակը և դաստիարակել ջութակահարների, թավջութակահարների մի քանի սերունդ: Այսօր ավագները նվագում են խմբում իրենց երևանցի գործընկերների հետ, միջին սերունդը սովորում է Երևանի կոնսերվատորիայում, պատանի ջութակահարներ Դավիթ Հակոբյանն ու Դիանա Մեսրոպյանն էլ արդեն գտել են իրենց պատվավոր տեղը նվագախմբում, թեկուզ դեռ մեծ ճանապարհ  ունեն անցնելու, ինչպես և փոքրիկ շեփորահար`վեցամյա Արսեն Սաֆարյանը, որը կարողացավ հանդիսատեսին զարմացնել մաքուր և հմուտ նվագով:
Խորին երախտագիտությամբ էր լցված մաեստրո Մուրադյանը, երբ բեմից շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարներին իրեն բնակարան տրամադրելու համար: Կարծում ենք, դա ամենամեծ գնահատականն է Արցախի պետական կամերային նվագախմբի անփոփոխ ղեկավար, դիրիժոր Գևորգ Մուրադյանի  գործունեությանը, որին միանում ենք նաև մենք` հանդիսատեսներս,  և մաղթում նոր ձեռքբերումներ` ի նպաստ Արցախի մշակույթի զարգացման: