[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ՚ ԿԴԱՌՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Դեկտեմբերի 17-18-ը իր ավարտին մոտեցավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված ՙՄշակութային խաչմերուկ՚  նախագիծը՝  ԼՂՀ համայնքների միջև մրցույթ-փառատոնը։ Դեռ մայիս ամսին սկիզբ առած միջոցառումը կոչված էր աշխուժացնել գյուղական համայնքների մշակութային կյանքը: Եվ պետք է խոստովանել, կազմակերպիչներին որոշ չափով դա հաջողվել է։
Թե՜ գյուղական և թե՜ քաղաքային համայնքները մեծ ոգևորությամբ պատրաստվում էին առաջին` ընտրական փուլին, որն անցավ ամբողջ մայիս ամսվա ընթացքում:  Առաջին փուլի պահանջներին քիչ թե շատ համապատասխանող համայնքային մշակութային ծրագրերից լավագույնները հանդիպեցին դեկտեմբերի սկզբներին  Ստեփանակերտում կայացած երկրորդ փուլին: Արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան չորս` Ասկերանի շրջանի Նախիջևանիկի, Նորագյուղի, Մարտակերտի շրջանի Առաջաձորի, Նոր Շահումյանի շրջանի Նոր Բրաջուրի համայնքների խմբերը, որոնք դեկտեմբերի 17-ին ժյուրիի դատին ներկայացրին առավել  մշակված ծրագրեր:
Բացի եզրափակիչ փուլ դուրս եկած՝ ամբողջական ծրագրեր ներկայացնող այդ համայնքներից, դեկտեմբերի 18-ին կայացած գալա համերգին մասնակցեցին նաև նախորդ փուլերում աչքի ընկած որոշ համայնքներ (երգ, պար, ասմունք, փոքրիկ բեմադրություն և այլն):
Ի զարմանս բոլորի` առաջին մրցանակի արժանացավ Նոր Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի պատրաստած ծրագիրը: Պարզվեց, որ այդ համայնքը`անգամ մշակութային ակումբի շենք, ընդհանրապես, տարրական պայմաններ չունենալով, կարողացել է մի այնպիսի ծրագիր ներկայացնել,  որն  իր հայեցի ոգով և խրոխտ, կրակոտ երգերով ու պարերով արժանացել է համընդհանուր հավանության թե՜ հանձնաժողովի, թե՜ հանդիսատեսի կողմից: Երկրորդ մրցանակի արժանացավ Ասկերանի շրջանի Նորագյուղի, իսկ երրորդին՝ նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի մշակութային ծրագիրը: Նախարարության խրախուսական պատվոգրին արժանացավ Մարտակերտի շրջանի Առաջաձորի խումբը: Նշենք, որ բացի գլխավոր մրցանակներից, կազմակերպիչները նախատեսել էին նաև առանձին` լավագույն երգի, պարի, ասմունքի, հումորի, սուր աչքի, տաղավարի ձևավորման մրցանակներ, ինչի շնորհիվ բավականին շատ համայնքներ ներգրավվեցին մրցանակակիրների շարքում։  
 ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթ-փառատոնը` որպես այդպիսին, մեզանում, իրոք, առաջին անգամ է կազմակերպվում,- մեկնաբանում է հանձնաժողովի անդամ, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեոնիդ Հարությունյանը:- Ուզում եմ ողջունել բոլորիս, որ մենք վերջապես կարողացանք գտնել մշակութային այն ներուժը, որը ՙքնած էր՚ կամ մեզանից ինչ-ինչ պատճառներով հեռացել էր: Պետք է մեր բացթողածը լրացնենք: Այս իմաստով ցանկանում եմ ոչ թե  առիթից առիթ լինի, այլ դառնա մեր, այսպես ասենք, ներքին պահանջը: Եվ տա Աստված, որ մենք կարողանանք ի վերջո մեր հանրապետության մշակութային ներուժն ի հայտ բերել` ներկայացնելով ժողովրդի ճիշտ դիմագիծը՚: Մասնագետը բոլորից առանձնացրեց Նոր Բրաջուրի համայնքի ծրագիրը։ Իհարկե, կային թերություններ, թույլ տեղեր, բայց առաջին անգամվա համար Նոր Բրաջուրի ներկայացումն ուղղակի հիանալի  էր՚,- իր գոհունակությունը հայտնեց հանձնաժողովի անդամը:
Նշենք, որ նախարարությունը  արժեքավոր նվերներ էր պատրաստել` նպատակ ունենալով դրանով որոշ չափով օգնություն ցուցաբերել մշակութային առումով ամենաակտիվ համայնքներին։ Նախատեսված էին ինչպես թանկարժեք նվերներ (երաժշտական կենտրոն, սինթեզատոր և այլն),  այնպես էլ դրամական խոշոր պարգևներ, ինչն, իրոք, մեծ ուրախություն ու ոգևորություն առաջացրեց  համայնքի ներկայացուցիչների մեջ։ Նվերները, պարգևները, պատվոգրերը հանձնելիս նախարար Նարինե Աղաբալյանը մասնավորապես ասաց. ՙԻնչով էր կարևոր այս մրցույթ-փառատոնը։ Մենք անընդհատ խոսում ենք համայնքների զարգացման, նրանց կայացման մասին, բայց պետք է ասեմ, որ համայնքի կայացվածությունը, նրա կենսունակությունը որոշողը միայն նրա տնտեսական վիճակը չէ։ Գուցե  փոքր¬ինչ ավելի համայնքի հոգևոր-մշակութային մակարդակն է բնորոշում, թե ինչպիսի արժեքներով է գյուղն ապրում, ինչ դիմագիծ ունի։ Նախաձեռնելով այս մրցույթ-փառատոնը,  ահա այսպես ներգրավելով մեր համայնքների ստեղծագործական ներուժը, նպատակ ենք դրել   ճիշտ գնահատել իրավիճակը և որոշել, թե այսուհետ որ ուղղությամբ ենք շարժվելու և ինչպիսին է լինելու մեր հետագա մշակութային քաղաքականության ռազմավարությունը՚։ Կարևորելով այս նախագիծը` նախարար  Աղաբալյանը հավաստիացրեց, որ ՙՄշակութային խաչմերուկը՚ կդառնա ավանդական։