Logo
Print this page

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԿԱԾ ՄԵՋՔԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Խնդիրներ, որոնք հրատապ լուծում  են  պահանջում
Արցախյան պատերազմից առաջ, երբ ադրբեջանական բանակը սպառնում էր Արցախի սահմանամերձ շրջաններին (Շահումյան, Մարտակերտ, Հադրութ), խնդիր  դրվեց մշակութային ազգային արժեքները, այդ թվում` արխիվային նյութերը դուրս բերել վտանգավոր գոտուց, տեղափոխել Ստեփանակերտ կամ Հայաստան` հետագայում վերադարձնելու պայմանով։ Ինչ-ինչ պատճառներով վերը նշված արժեքները ժամանակին դուրս չբերվեցին վտանգավոր գոտուց և արդյունքում` դրանք կորսվեցին: 
Անտարբերության հետևանքով մշակութային արժեքների կորուստներ  ունեցան հանրապետության տարբեր շրջաններ և Ստեփանակերտ քաղաքը (հանրապետական մանկական գրադարան, կուսակցության մարզկոմի գրադարան, ՙՀոկտեմբեր՚ կինոթատրոն, ԼՂ երգի-պարի պետական համույթ և այլն):
Պատերազմի ընթացքում բնակչության մի մասը ստիպված էր ժամանակավորապես գաղթել հայրենիքից: Զինվորական անցակետերում կուտակվել էին բազմաթիվ ու բազմաբնույթ մշակութային ազգային արժեքներ, որոնք հայրենիքից դուրս չտանելու համար պահվել էին գաղթվող  բնակիչներից:  Այդ կապակցությամբ խնդրվել է համապատասխան մարմիններին` դրանք պահեստավորելու` հետագայում համապատասխան թանգարաններին տալու համար:
Ստեղծվել է հանձնախումբ: Արդյունքում` ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի (ԿՄՍ) նախարարության  կազմած հանձնախմբի կողմից արձանագրվում է. ՙԶինվորական անցակետերում կուտակված մշակութային ազգային արժեքները, որպես թանգարանային էքպոնատներ, արժեք չունեն՚:
Ուրիշ բան է թշնամին, ուրիշ` յուրայինը։ Ցավալին այն է, երբ յուրայինների անտարբերության հետևանքով  կորցնում ենք մեր ազգային արժեքները:
Պատերազմից առաջ, երբ ամեն ինչ խաղաղ էր, Ստեփանակերտի երկրագիտական թանգարանում նոր նախագծի համաձայն վերանորոգման աշխատանքներ էին տարվում: Բաքուն դադարեցնում է աշխատանքները և վերանորոգման համար պահանջում նոր պլան, որն էլ մերժվում է, և պահանջվում նորը, նորից մերժվում, նորից՝ պահանջվում: Այդ պատճառով էլ թանգարանը երկար տարիներ անգործության էր մատնվել: Պարզվում է, որ թանգարանը պետք է ձևավորվեր ազերիների պլանով, իրենց մասնագետների միջոցով: Եվ ահա մի օր էլ Բաքվից ադրբեջանցի ութ մասնագետ է գալիս թանգարան՝ այն  նորովի ձևավորելու համար։ Գիշերելու համար իրենց առաջարկությամբ նրանց տեղավորում են թանգարանում: Սկսվում են թանգարանի ձևավորման աշխատանքները` ադրբեջանական ոճով: Ու մի օր էլ ջարդում են անձեռնմխելի ֆոնդի դուռը, վերցնում իրենց համար ցանկալին և թողնում Ստեփանակերտը: Բոլոր  ջանքերը` նրանց պատասխանատվության կանչելու համար, մնում են անհետևանք, այն պատճառաբանմամբ, թե ազգային հարց կբարձրանա…։ 
Պատերազմից հետո ապակենտրոնացվում է ԼՂՀ մշակույթի ցանցը, լուծարվում են  մասսայական գրադարանները, գրադարանային ունեցվածքը` շենքն ու գրադարանային հաստիքները, ինչպես նաև  մեկ միլիոն միավորից ավելի գրականություն (գիրք) փոխանցվում է կրթական համակարգին` դպրոցներին:
Ի՞նչ տվեց մշակույթի ապակենտրոնացումն անցած շուրջ 20 տարիների ընթացքում: Վնասից բացի` ոչինչ:
Դպրոցներին փոխանցված գրականության 50%-ը գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, քաղաքական և այլ բնագավառի գրականություն է, որոնք պետք չեն դպրոցին: Նշածս գրականության խիստ կարիք ունեն թվարկած ոլորտների աշխատողները, ինչու չէ, նաև ՀՀ ագրարային համալսարանի ԼՂՀ մասնաճյուղը, որտեղ հենց գյուղատնտեսության բնագավառի մասնագետներ են պատրաստում:
Պարզ է, դպրոցական գրադարանը չէ, որ ամեն ոք ցանկացած ժամի կարող է մտնել։ Այն իր աշխատանքներն ավարտում է դպրոցի աշխատանքներն ավարտելու հետ միասին, այսինքն՝  երբ գյուղացին դեռ դաշտում է: Պահպանվո՞ւմ է, արդյոք, փոխանցված գրականության ֆոնդը, թե՞ որպես դպրոցին ոչ պետքական գրականություն, դուրս է գրվել: Բոլորի անունից չասեմ, բայց մի բան պարզ է, որ հատկապես գյուղական  վայրերում գրադարանն ու ակումբը  հեռացել են բնակիչներից։ 
Մեկ քառորդ դար առաջ մարզն ուներ մշակույթի ցանցի մեջ մտնող 496 հիմնարկ,  224 գրադարան,  205 մշակույթի տուն և ակումբ: Գրադարանների գրքային ֆոնդը կազմում էր մոտ 1. 800.000 միավոր: 
Նույն կարգավիճակում են գտնվում նաև ակումբային հիմնարկները: Նրանք կորցրել են իրենց տեխնիկական բազան ու նախորդ առաջադեմ գործելաոճը: Մարզի ակումբներն ունեին ժողգործիքների 179 կոմպլեկտ, 325 բայան-ակորդեոն, 203 մագնիտոֆոն, 224 հեռուստացույց, 239 ռադիոհաղորդիչ, 55 դաշնամուր և բազմաթիվ այլ անհրաժեշտ միջոցներ: Մեկ տարում անց էր կացվում մոտ 20.000 միջոցառում, որին մասնակցում էր  2 միլիոն բնակիչ: Մոտ 1000 խմբակների մասնակցում էին 15.000-ից ավելի երեխաներ և այլն: Իսկ հիմա որտե՞ղ են դրանք…: Ամեն ակումբում տեղակայված է եղել կինոապարատ, և ամեն օր բնակիչները հաճախում էին ակումբ ու զբաղվում սեղանի խաղերով, ինքնագործունեությամբ, դիտում կինոնկար, լսում ռադիոհաղորդումներ: Այժմ որտե՞ղ են այդ սարքավորումները։ Մի՞թե կարելի է անուշադրության մատնել քարոզչության այդ հզոր միջոցները;
Ես չեմ ասում, որ մշակույթի ոլորտն ամբողջությամբ փակուղի է մտել։ Ոչ: Խրախուսելի շատ գործեր կան արված, հատկապես  վերջին տարիներին։ Պարզապես մշակույթը շերտավորվում և դառնում է էլիտար:
Մի գիտակ մարդ ասել է, որ յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ հնի ու նորի միջև առաջանում է ճեղքվածք. խելոքը նա է, ով հնից վերցնելով լավը՝ լրացնում է ճեղքվածքը ու դրա հիման վրա ստեղծում նորը: Իսկ մենք ի՞նչ ենք արել։ Քանդել ենք մեր հին լավ կառույցը, ոչնչացրել մշակութային արժեքները, բնակչության ճնշող մասին զրկել հոգևոր սննդից, դեն նետել կադրային ճիշտ  քաղաքականությունը  և մնացել կոտրած տաշտակի առաջ։
Կարծում եմ՝ խնդրի լուծումը մշակույթը ապակենտրոնացումից դուրս բերելն է, համապատասխան քոլեջներում ու բուհերում ակումբագրադարանային և այլ մասնագիտությունների գծով բաժիններ բացելը: 
Այսօր երկրի ամենաառաջնահերթ խնդիրը բոլոր բնագավառների զարգացումն է` եվրոպական չափանիշների համաձայն: Հետևողական բարեփոխումներ են պետք՝ կառուցվածքային փոփոխություն, կադրային ճիշտ քաղաքականություն: Այդ ինչպե՞ս է, որ առողջապահության, կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի և այլ նախարարությունների աշխատողները զուտ մասնագետներ են, իսկ մշակույթի նախարարության աշխատողները` ոչ: Մշակույթի չլուծվող խնդիրների պատճառն ու հիվանդությունն էլ հենց դա է:
Չե՞նք տեսնում, որ մեր աչքի առաջ վերանում են մեր ազգային ավանդույթներն ու մշակութային արժեքները, որոնք եկել են դարերի խորքից  և զարգացման փոխարեն  գնում են դեպի անհետացում: Ճկունություն է պետք՝ մշակույթի ճկած մեջքը շտկելու: Հո չի՞ կարելի հայելի անվանել այն, ինչն ակնհայտորեն չի արտացոլում երևույթները: Իսկ մշակույթի զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխանեցնելը չափազանց բարդ խնդիր է: 
Իսկ ո՞վ է դա իրականացնողը, եթե ոչ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Իհարկե, եթե նրան այդ իրավունքը գործնականորեն վերապահված է:
 
Արտո ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.