[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՙՄ. ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ՚ ԹԱՏՐՈՆ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ

LEONID.jpgՇուշին աշխարհին հայտնի է որպես հինավուրց կրթամշակութային կենտրոն։ 20-րդ դարասկզբին հպարտությամբ ասում էին, որ յուրաքանչյուր երկրորդ շուշեցի գուսան է, յուրաքանչյուր երրորդը՝ բանաստեղծ։ Իրոք, Շուշիի երկնամոտ ժայռերն ու  անդնդախոր կիրճը, փշատերև անտառակն ու բարձունքից բացվող չքնաղ տեսարանը մարդու մեջ ակամա արթնացնում են բանաստեղծին ու երգչին, բյուրեղացնում մարդու հոգին,  մղում արարման։ Իզուր չէ, որ քաղաքի երբեմնի մշակութային փառքի վերականգնումը որպես կարևորագույն խնդիր դրվեց Շուշիի վերընձյուղման ծրագրի հիմքում։ 
Վերջին տարիներին կարևորագույն քայլեր են արվել՝ միտված բերդաքաղաքը մշակութային կենտրոն դարձնելու ծրագրի իրականացմանը։ Աշխուժացել է մշակութային կյանքը, տարեցտարի ավելանում է մշակույթի օջախների թիվը։ Վերանորոգվում են եղածները։ Շուշի են տեղափոխվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՙԳյուրջյան՚ կիրառական  արվեստի ինստիտուտը, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղը։  Առաջիկա տարիներին ևս նախատեսվում են որոշակի աշխատանքներ, որոնք կհաստատեն ծրագրի  շարունակականությունը։ 
Շուշիի թատրոնը, որը ստեղծվել է հետպատերազմյան դժվարին պայմաններում և գոյատևել մի քանի նվիրյալների շնորհիվ, չնայած լուծում պահանջող մի շարք խնդիրների առկայությանը, այսօր էլ շարունակում է իր  աշխատանքը։ Այդ մասին է մեր զրույցը Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի տնօրեն և  գեղարվեստական ղեկավար Լեոնիդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ. 
- Նշեմ, որ մեր թատրոնի գործունեության հիմնական նպատակը ազգային  թատերարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, մանկապատանեկան թատերարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր  պահանջմունքների ձևավորումն ու բավարարումը, ինչպես նաև դասական և ժամանակակից լավագույն դրամատիկական և տիկնիկային արվեստի ստեղծագործությունների բեմադրությունը։
Թեկուզ 2012-ին թատրոնը պետպատվերի շրջանակներում չի ընդգրկվել, այնուամենայնիվ, իր եկամուտների հաշվին բեմադրել է մեկ տիկնիկային նոր  ներկայացում և հատված Մուրացանի ՙՌուզան՚ դրամայից։ Արտագնա  ներկայացումներ են կազմակերպվել Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում, ինչպես նաև հանրապետության մի շարք գյուղերում։ 
Վերանվանվելով Մ. Խանդամիրյանի անվամբ՝ թատրոնն ավելի մեծ  պատասխանատվությամբ է վերաբերվում իր առջև դրված խնդիրներին՝  միաժամանակ ձգտելով պահպանել և բազմապատկել ազգային թատերարվեստի  ավանդույթներն ու արժանի լինել դարասկզբին բերդաքաղաքում գործող թատրոնի հետնորդը լինելու պատվին։ Գյումրիի Ստ. Ալիխանյանի անվան պետական  տիկնիկային թատրոնի հոբելյանի տոնակատարության ժամանակ Շուշիի ՙՄ. Խանդամիրյան՚ թատրոնը ներկայացրել է Հովհ. Թումանյանի ՙՇունն ու կատուն՚, իսկ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում խաղացել է Վ. Սարոյանի  ՙՀե՛յ, ո՞վ կա այդտեղ՚ դրաման։ Ներկայացման մասին ՙՑայգ՚ հեռուստատեսությունը տեսանյութ է տեղադրել ՙՅութուբ՚ կայքում։ Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հրավերով թատրոնի կոլեկտիվը մեկնել է Հայաստան և թանգարանում ցուցադրել ՙՇունն ու կատուն՚ ներկայացումը՝ նույնանուն բալլադի ստեղծման 125-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Այդ առիթով թանգարանի կոլեկտիվը շնորհակալական նամակ է հղել ԼՂՀ  ՄԵ հարցերի նախարարությանը։ Երևանում վերջերս կայացած ՙԳիսանե՚ երիտասարդական առաջին հանրապետական թատերական փառատոնում Շուշիի թատրոնն արժանացել է փառատոնի ՙԼավագույն նկարչական ձևավորում՚ անվանակարգին՝ Վ. Սարոյանի  ՙՀե՛յ, ո՞վ կա այդտեղ՚ ներկայացման  համար։ Դեկտեմբերին վերաբեմադրվել է  Ա. Եգանյանի ՙՁմեռ պապն արթնացավ՚  ներկայացումը, որը ներկայացվել է մի քանի բեմերում և ընդունվել խանդավառությամբ։ 
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է 40 ներկայացում, որից տասնմեկը՝ բարեգործական։ Ներկայումս ավարտին է հասցված մանկագիր Սուրեն Մուրադյանի ՙԾպտված Ձմեռ պապն ու Ձյունանուշը՚ նոր  ներկայացումը։ Արցախի հանրային հեռուստատեսության ՙՀեքիաթն է կանչում՚ մանկական հաղորդումն իրականություն է դարձել մեր դերասանների  մասնակցության շնորհիվ։ Իր գոյության ընթացքում Շուշիի թատրոնը մասնակցել է համահայկական  6 փառատոների, շահել մեկ ոսկե մեդալ, մեկ առաջին մրցանակ, բազում պատվոգրեր, դիպլոմներ և շնորհակալագրեր ու միշտ արժանացել  հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Դրա վկայությունը թատրոնի  տպավորությունների գրքում և մամուլում զետեղված կարծիքներն են։ Թատրոնի փոքրիկ  և աշխատունակ կոլեկտիվը թեպետ երիտասարդ է, բայց ձգտում է  մասնագիտանալ և հասցրել է բեմադրել ժանրային առումով տարբեր  ներկայացումներ։ 
Ներկայումս թատրոնի դերասաններից յոթ հոգի կինոյի և թատրոնի նորաբաց  պետինստիտուտի մասնաճյուղի ուսանողներ են։ 
Այժմ թատրոնը տեղակայված է Շուշիի  մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքում։ Բարելավվել են շենքային պայմանները, սակայն դեռևս շատ բան կիսատ է. տիկնիկային բեմը բացակայում է, չկա  լուսային և ձայնային երանգավորումը։ Փորձերը կատարվում են անտանելի ցրտի պայմաններում։
Առկա են նաև մի շարք տեխնիկական հարցեր, որոնց լուծումը  միանշանակ  կխթանի կոլեկտիվի նվիրվածությունն ու նորանոր հաջողությունների ակունք կդառնա մեզ համար։ 
Իսկ առայժմ... Առայժմ մենք  մերովի ենք փորձում կերտել նոր Շուշիի դիմագիծը՝ նոր  ՙԽանդամիրյան՚ թատրոնով, արժանի իր ոսկեդարյա անցյալին, մեզ համար նշանաբան դարձած՝ մոխիրներից հառնող փյունիկի արարչագործ ոգին հավերժացնելու սկզբունքով։ 
 
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 
ք. Շուշի