ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆ

ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնում ամփոփվել են ուսումնական տարվա 1-ին  կիսամյակի ավարտին անցկացված արտաքին գնահատման արդյունքները: Հիշեցնենք, որ ԳԹԿ-ի կողմից անց է կացվել հանրակրթություն իրականացնող  բոլոր ուսումնական հաստատությունների 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների սովորողների արտաքին ընթացիկ գնահատում` երկուսից մինչև հինգ առարկաներից:  Ընդհանուր ստուգվել է 851 դասարան` 6257 աշակերտի ընդգրկմամբ : 
339  հոգու բացակայությունը, որը կազմում է ընդհանուրի  5 տոկոսը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը  համարում է բնականոն։ 
Ընթացիկ արտաքին գնահատման առանձնահատկության, արդյունքների մասին ԳԹԿ տնօրենը հետևյալ  նկատառումներն արեց:   
Այն  նախորդ նմանատիպ ստուգումներից տարբերվում է նրանով, որ անց է կացվել ոչ թե   50-60 դպրոցներում`ներգրավելով  աշակերտների 50-70 տոկոսին, այլ բոլոր դպրոցներում , նախատեսված բոլոր դասարաններում, կարելի է ասել`  100 տոկոսով: Հասկանալի է` երկրորդ կիսամյակում ստուգումներին  կընդգրկվեն մյուս դասարանները:
Դա նպատակ էր, որ իր առջև դրել և, տնօրենի խոսքերով` ոչ միանգամից, այլ աստիճանաբար  հասել էր կառույցը, երբ համոզմունք է առաջացել, որ կարելի է ստուգման գործընթացի վերահսկողությունը թողնել դպրոցներին:  2008 թվականից, երբ սկսել են արտաքին ընթացիկ գնահատում իրականացնել, բոլոր  ստուգվող դասարաններում վերահսկողությունն իրականացրել են միայն ԳԹԿ աշխատողները: 2009-2010 ուստարում այդ աշխատանքներում ներգրավվել են նաև նախարարության, կրթության ազգային ինստիտուտի, դպրոցների չաշխատող մանկավարժներին: 2010-2011 ուստարում, ԳԹԿ- ից բացի, ներգրավել են նաև ներկայացուցիչներ դպրոցներից. ստուգվող դասարանների մոտ 20 տոկոսում արդեն միայն դպրոցի ներկայացուցիչներ էին: Պարզվել է, որ որոշ դասարաններում խախտվել  է արտաքին ընթացիկ գնահատման կարգը, արդյունքները չէին համապատասխանում սովորողների իրական գիտելիքներին: Բավական էր մեկ ուսուցչի կամ աշակերտի  կողմից հուշում` պատկերը լրիվ կեղծվում էր: Դա զգացվում էր գրավոր աշխատանքների արդյունքներից: Դպրոցի տնօրենների հետ անցկացված սեմինարների, խորհրդակցությունների ժամանակ այդ թերությունները նշվել են, ասվել է, որ դա  պատվի հարց է, ինչո՞ւ  կարգը խախտել, ուրեմն  և՝ աշակերտը ոչ իր իրական գիտելիքներին  համապատասխան գնահատվի: Օգոստոսյան խորհրդակցության ժամանակ դպրոցի տնօրեններին  տեղեկացվել է, որ արտաքին ընթացիկ գնահատումը պլանավորված է անցկացնել բոլոր դպրոցներում, և որ վերահսկողությունն իրականցվելու է դպրոցի ներկայացուցիչների կողմից, քանզի ֆիզիկապես հնարավոր չէ, որ ԳԹԿ-ն պահանջվող սեղմ ժամկետում բոլոր տեղերում ինքը վերահսկողություն իրականացնի։ Եվ 2011-2012 ուսումնական տարում ստուգվող դասարանների 50 տոկոսում արտաքին ընթացիկ գնահատման  վերահսկողությունը կատարվել է միայն դպրոցի ներկայացուցիչների կողմից: Կարգը հիմնականում պահպանվել է: 851 դասարաններից միայն 133-ում գրավոր աշխատանքները վերահսկվել են ԳԹԿ-ի և դպրոցի ներկայացուցիչների, իսկ 718 դասարաններում` միայն դպրոցի ներկայացուցիչների կողմից: Կարգի խախտումը կազմել է 15 տոկոս, և միայն 56 դասարանների արդյունքներն են եղել կասկածելի, որը կազմում է 8 տոկոս: ԳԹԿ տնօրենը դա դրական տեղաշարժ է համարում: ՙԵթե ոչ 100, գոնե 70 տոկոսով ճիշտ գնահատենք, կհամարեմ մեծ առաջընթաց: Կազմակերպչական աշխատանքները գոհացուցիչ են, բայց չպետք է բավարարվել ձեռք բերածով։ Ցանկացած միջոցառում  պետք է նպաստի աշխատանքների կատարելագործմանը: Իսկ  եթե միայն պիտի լինի արդյունք արդյունքի համար, պետք չէ՚,- ասաց նա:  
Ի տարբերություն նախորդ տարիների՝ եղել է ընդամենը 4 բողոք, 4-րդ  դասարանի գնահատականների անհամաձայնություն, բայց բողոքարկումը, որի ընթացքում վերլուծվել է աշխատանքը,  ցույց է տվել, որ ճիշտ է գնահատված: ՙՄեր նպատակը դա է` հասնել իրական գնահատականի նշանակման: Երբ կարգը պահպանվում է, թեստերում  պատահականությունը նվազագույնի է հասցվում, մանավանդ որ  չունենք միայն ընտրովի պատասխաններով թեստեր՚։         
 
Ընդհանուր գնահատված 6257 սովորողներից 10-բալանոց համակարգում 0-3 միավոր (անբավարար) ստացել է 1697-ը (27%), 4-6 միավոր (բավարար)` 2869 (46%), 7-8 միավոր (լավ) 1431 աշակերտ (23%)։  9 միավոր (գերազանց) ստացել է 210  հոգի (3%), 10 միավոր (բացառիկ) ստացել է  48 հոգի  (1%)։  Վիճակը  նախորդ ստուգման համեմատ  գրեթե մնացել է  անփոփոխ։ Դրությունը նույնն է  նաև ավագ դպրոցում։  1-2% աճը ԳԹԿ տնօրենն  առանձնապես առաջընթաց չի համարում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա ավագ դպրոց գնում են ոչ թույլ աշակերտները, թվում է, թե ավելի բարձր արդյունքներ պետք է գրանցվեին: Ոչ մեծ փոփոխության պատճառներից մեկը Յու. Քարամյանը համարում է այն, որ հնարավոր է, նախորդ  տարիներին թեստերում պատահականությունն ավելի շատ է եղել, և  գնալով կատարելագործվում են ինչպես այս, այնպես էլ կազմակերպչական հարցում, և արդեն իրական գնահատականն է նշանակվում:  Նրա կարծիքով, հարցին միակողմանի չպետք է մոտենալ։ Պատճառները կարելի է փնտրել ծրագրերի, դասագրքերի, ինչու չէ` նաև ուսուցիչների մեջ։ Նա համամիտ է, որ այսպես էլ պետք է լինի։ Հնարավոր չէ ամեն տարի  20-30% տարբերությունը։ Բայց գալիս է մի պահ, երբ  բարելավելով-բարձրանալով՝ հասնում ես մի կետի ու կանգ առնում։ Այսինքն` պետք է հաջորդ քայլն անել՝ առաջ գնալու համար։ Արդեն քայլ արվել է` կարգապահության, զգոնության առումով, սովորողները, ծնողները լուրջ են վերաբերվում ուսմանը։ Բայց ուրիշ քայլեր ևս պետք է  արվեն, որպեսզի տեղից պոկում լինի։ Այստեղ արդեն առաջ են գալիս ուսուցիչների ատեստավորման, կարգերի և այլ հարցեր։ ՙԿրթությունն առավել  կոնսերվատիվ համակարգ է։ Արդյունքը միանգամից չի զգացվում։ Մի մասնագետ, մի ուսուցիչ պատրաստելը տարիների աշխատանք է պահանջում։  Չենք ասում արդյունքները վատ են, բայց գոհացուցիչ էլ չեն՚,- ասաց Յու. Քարամյանը։ 
Ռուսաստանում է ապրում ղարաբաղցի նշանավոր թեստաբան Վադիմ  Ավանեսովը:  Յու. Քարամյանը  ափսոսանք է հայտնում, որ մեզանում նրա ներուժը չի օգտագործվում, ինչպես անում են ԱՊՀ մի շարք երկրներ: Նա գտնում է, որ տեխնիկայի և կապի ժամանակակից  պայմաններում ծայրամասային գյուղերում մասնագետների պակասը չպետք է պատճառ դառնա ոչ բավարար ուսուցման։ 
Ըստ դասարանների վերլուծությունը բացահայտել է անբավարարների աճ 11-րդ դասարանում՝ հայոց պատմությունից և հանրահաշվից: ԳԹԿ տնօրենի խոսքերով`  մտածելու տեղիք են տալիս և՜ ուսուցիչները, և՜ աշակերտները։
 Ստուգվողների մեծ մասը հիմնական դպրոցից է: Այստեղ էլ գրեթե նույն տոկոսները պահպանվել են։ Բայց զգացվում է, որ դասարանները բարձրանալով՝  թուլանում են:  ՙԼավ՚և ՙգերազանց՚ գնահատականները հիմնականում պահպանվում են։ Բայց ՙանբավարար՚-ների և ՙբավարար՚-ների քանակում  8-9 %-ով տարբերություն է զգացվում։ ԳԹԿ տնօրենի կարծիքով` այստեղ, հավանաբար, դեր է խաղում այն, որ աշակերտը մտածում է, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո դուրս է գալու դպրոցից, և տեմպերը թուլացնում: Իսկ ցածր դասարաններում ծնողները, ուսուցիչները դեռ կարողանում են ազդել երեխայի վրա, ու նրանք սովորում են։ 4-րդ դասարանում արդյունքները 2-3%-ով բարելավվել են, բայց ՙգերազանց՚-ները (քանակը՝ 8%) ԳԹԿ տնօրենը բավարար չի համարում (գոնե 10-20% պետք է լինի)։  Այնինչ՝ դասամատյանում գերազանցիկների թիվն ավելի մեծ է։  
Ընդհանուր վիճակը նա գնահատում է բավարար՝ ասելով, սակայն, որ եթե երկու տարի արդեն նույն տոկոսային հարաբերությունը մնում է, խորհելու տեղիք է տալիս:   
Յու. Քարամյանի համոզմամբ՝ ընթացիկ գնահատումը տարվա մեջ  պետք է մի քանի անգամ լինի: ՙԴա ոչ թե ստուգում ենք դպրոցը, այլ օգնում ենք,¬ասում է նա։¬ Իրենք ևս հասկանում են , թե ինչ վիճակ է։ Ժամանակ կգա, երբ կպարզվի, որ դպրոցն ավելի ճիշտ է գնահատում իր աշակերտին, քան մենք։ Եվ այն ժամանակ  ահագին գործառույթներ կդրվեն դպրոցի տնօրենների վրա։ Բայց մինչ այդ պետք է օգնենք նրանց: Ես միշտ ասում եմ` գիտելիքի ամենավերջին ստուգումը համակարգիչն է անում, իսկ ամենից ճիշտ ստուգումը` ուսուցիչը։  Մենք օգնում ենք վերականգնելու դպրոցի վարկանիշը, ուսուցչի հեղինակությունը՚։ 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ