ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Օրերս Հադրութի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն՝ նվիրված շրջանի համայնքների մշակութային օջախների գործունեության բարելավման հիմնախնդիրներին:
Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երմոնյա Զաքարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից այդ ասպարեզում շրջադարձային փոփոխություններ են ծրագրվել 2010 թվականից։ Ըստ հաստատված ծրագրի՝ գործընթացն իրականացվում է երեք ուղղություններով:
Մի ուղղությունը գյուղերում արվեստի դպրոցների հիմնադրումն ու զարգացումն է, ինչի վառ օրինակը ՙՏողի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ն է, որը դարձել է ենթաշրջանի գյուղերի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության հուսալի օջախ: Կարևոր էր նաև կառուցվածքային փոփոխությունների գործընթացը, ինչի արդյուքում Հադրութի մշակույթի տունը վերակազմավորվել է ՙՄշակույթի և երիատասարդության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի, որը կոչված է միավորելու և համատեղելու շրջանում գործող գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվների գործունեությունը: Եվ երրորդ` նախարարությունը զանազան միջոցառումներ է նախատեսում անցկացնել։ Ապահովվել է շրջանի 10 համայնքների մասնակցությունը շրջանային, իսկ 3 համայնքներինը` հանրապետական մրցույթին: Հադրութի, Մեծ Թաղերի և Ուխտաձորի համայնքների մշակութային օջախները հանրապետական մրցույթում նվաճել են մրցանակային տեղեր:
Առաջին հայ տպագիր գրքի 500-ամյակին, Սայաթ-Նովայի 300-ամյակին, ինչպես նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումներ է կազմակերպել գրադարանը: ՙՄշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱԿ, ՙԴիզակ՚ ժողգործիքային համույթը համերգներով հանդես է եկել շրջանի գյուղերում, Պաշտպանության բանակի զորամասերում, մասնակցել Ստեփանակերտում տեղի ունեցած մրցույթին՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Օհանյանը նշեց, որ ոլորտում կատարվող փոփոխությունները վաղուց անհրաժեշտ էին։ Նա հիմնականում կանգ առավ երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել է պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարությունը, որը նպատակ է հետապնդում ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդ անձի ձևավորումը, նրա իրավունքների ապահովումը, հետաքրքրությունների և նախաձեռնությունների քաջալերումը, գործող երիտասարդական հասարակական կառույցներին աջակցության և նոր կառույցների ստեղծման միջոցով քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Այսօր անհրաժեշտություն է գյուղերում ստեղծել երիտասարդական խորհուրդներ, որոնք պետք է համակարգեն գյուղի երիտասարդության հետ տարվող աշխատանքները, նշեց Լ. Օհանյանը: Նա ներկայացրեց նաև մեթոդական առաջարկություններ երիտասարդական խորհրդի ստեղծման և ծրագրերի մշակման վերաբերյալ:
Սեմինար-խորհրդակցությանը ներկայացվեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման հետ կապված միջոցառումների ծրագիրը: Ե. Զաքարյանը սեմինարի մասնակիցներին հորդորեց յուրաքանչյուր գյուղում մեծ պատասխանատվությամբ պատրաստվել և անցկացնել Ղարաբաղյան շարժման 25-ամյակի տոնակատարությունը:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ