[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՅՔԷՋ ՈՒՆԻ

SAM_2168_1_.jpgԳրիգոր Նարեկացի համալսարանը  համացանցում արդեն  ունի իր տիրույթը։ Grigornarekatsi.info հասցեով գործում է համալսարանի պաշտոնական կայքէջը։  Այն  բաղկացած  է մի շարք բաժիններից ու ենթաբաժիններից, որտեղ հանգամանորեն ներկայացված են համալսարանի կառուցվածքը՝ իր բոլոր ստորաբաժանումներով, պատմությունը, պրոֆեսորադասախոսական կազմը։ Գործում են  գիտական հրապարակումների, ֆոտոսրահի, տեսանյութերի, գրքերի աշխարհի եւ այլ հետաքրքիր բաժիններ ու ենթաբաժիններ։ 
Փետրվարի 1-ին համալսարանի հարկի տակ հանդիսավոր պայմաններում կայացավ կայքէջի շնորհանդեսը։ Ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ եւ հյուրեր։
Ողջունելով ներկաներին, համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն ասաց. ՙՑանկանում եմ, որ կայքէջը համալսարանի համար դառնա մի գեղեցիկ դուռ՝ բացված դեպի մեծ աշխարհ։ Այսօր չկա մի ուսումնական կենտրոն, որ հագեցած չլինի տեխնոլոգիական սարքավորումներով։ Դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է բարձրագույն ուսումնական հաստատություններին։  Բուհի ստեղծման առաջին իսկ օրից ունեցել ենք մասնագիտական հարուստ գրադարան, որն Արցախում առաջինն է իր տեսակի մեջ։ Բայց այսօր արդեն էլեկտրոնային գրադարանի խնդիր է առաջացել։ Կայքէջը նաեւ հնարավորություն կտա լուծելու այդ խնդիրը՚։ 
 ԼՂՀ կրթության եւ գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ բուհի համար  կարեւոր ձեռքբերում համարելով կայքէջի ստեղծումը, նշեց, որ այն մեդիամիջոց է, որի օգնությամբ  հնարավոր է տեղեկատվություն ստանալ  ուսումնական հաստատությունում գործող ընդհանուր ընթացակարգերի, ուսանողական կյանքի, դասախոսական կազմի մասին։ 
Ըստ  Միքայել Համբարձումյանի՝ անհրաժեշտ է կայքում բացել նաեւ ֆորում, որտեղ ուսանողներին հնարավորություն կընձեռվի ակտիվ քննարկումներ ծավալել։
Կայքի առկայությունը կարեւորեցին  նաեւ ուսանողների ծողները, համալսարանի դասախոսները, ուսանողները։ 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ