ՍՊՈՐՏԸ` ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Տնօրեն Վոլոդյա Ղահրամանյանի տեղեկատվությամբ՝ այստեղ աշխատում են 21 մարզիչ-մանկավարժներ, պարապմունքներին ընդգրկված են 24 խմբեր` հետևյալ մարզաձևերից. ազատ ոճի ըմբշամարտ, աթլետիկա, սեղանի թենիս, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ:
Խմբերից 13-ը Մարտունի քաղաքից են, մյուս 11¬ը` Քերթ, Գիշի, Կաղարծի, Ննգի, Ճարտար, Խնուշինակ, Մաճկալաշեն, Հերհեր գյուղերից: Բոլոր խմբերում ընդգրկված են 300 պատանիներ:
Վ. Ղահրամանյանը իրազեկեց, որ 2011-12 ուստարում վոլեյբոլի 5 և թեթև աթլետիկայի 1 խմբերում ընդունվել են 89 սաներ։ Նույն տարում 4 ուսումնամարզական խմբեր (47 հոգի) ավարտել են ուսումը: Մարզադպրոցի տարեկան պլանի համաձայն անց են կացվել ներդպրոցական մրցումներ աթլետիկա, բասկետբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտբոլ մարզաձևերից:
Այստեղ մշտական ուշադրության կենտրոնում են պահվում մարզադահլիճների և մարզահրապարակների սանիտարական վիճակը, ինչպես նաև սովորողների անձնական հիգիենայի հարցերը։ Նոր ընդունված 89 մարզիկներն անցել են համապատասխան բուժզննում: Դպրոցի սաները սպորտային զգալի հաջողությունների են հասել։ 2011-12 ուստարում ազատ ոճի ըմբշամարտի խմբի սաներից 4 հոգի հանրապետական առաջնությունում գրավել են 2-րդ, 3 հոգի` 3-րդ մրցանակային տեղերը։ Աթլետիկայի մարզիչ-մանկավարժ Հրանուշ Բաբաջանյանի երկու սաներ, շրջանի հավաքական կազմում մասնակցելով ԼՂՀ առաջնությանը, զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: Ֆուտբոլային թիմը 1999թ. ծնված և փոքր տարիքի պատանիների միջև կայացած ՙՀուսո գավաթ՚ փառատոնի ժամանակ գրավել է 2-րդ, իսկ դպրոցական սպարտակիադայում՝ 3-րդ տեղը: Այդ թիմից 3 հոգի ընդգրկված են ԼՂՀ հավաքականի կազմում։ Վոլեյբոլի մարզիչ-մանկավարժ Մելիք Ահարոնյանի սաները նույնպես աչքի են ընկել դպրոցական սպարտակիադայում. պատանիների թիմը գրավել է 2-րդ, իսկ աղջիկներինը` 3-րդ տեղը: Նույն թիմը մասնակցելով ԼՂՀ 1995թ. ծնված և փոքր տարիքի աղջիկների միջև վոլեյբոլի առաջնությանը, գրավել է 3-րդ տեղը: Աղջիկներից երկուսն ընդգրկվել են ԼՂՀ հավաքականի կազմում, որը համապատասխան տարիքի ՀՀ առաջնությունում գրավել է 1-ին տեղը:
Մարզիչ-մանկավարժ Ռաֆիկ Գասյանի ձեռքի գնդակի տղաների թիմը՝ հանդես գալով սպարտակիադայում, գրավել է 1¬ին, իսկ աղջիկներինը` 3-րդ տեղը: Պատանիներից և աղջիկներից երկուական հոգի ընդգրկված են ԼՂՀ հավաքականի, իսկ աղջիկներից Մերի Սարգսյանը` ՀՀ հավաքականի կազմում:
Սեղանի թենիսի խումբը, մասնակցելով 1994թ. ծնվածների և փոքր տարիքայինների միջև, մրցումներին ԼՂՀ 2012թ. առաջնությունում գրավել է 2-րդ մրցանակային տեղը, իսկ անհատական պայքարում Արմեն Ալեքսանյանը գրավել է 2-րդ տեղը: Բասկետբոլի աղջիկների թիմը սպարտակիադայում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ