[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ` ԾՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ԳՐՉԻ ՀԱՄԱԴՐՈՒՄՈՎ

      Հայ ազգի համար ճակատագրական օրերին միշտ էլ զինվորին համահավասար կռվել են նաև հայ  բանաստեղծն ու գրողը, լրագրողն ու պատմաբանը: Այդպես եղավ նաև ահեղ պատերազմի վերածված մեր ազգային վերազարթոնքի օրերին: Ասվածն ապացուցելու միտումով էր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանն օրերս կազմակերպել ՙՈչ միայն զենքով, այլև` գրչով՚ գրական երկխոսությունը:

     Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը մուտքի խոսքում նշեց, որ միջոցառմանը հրավիրվել են մարդիկ, ովքեր այս կամ այն չափով իրենց մասնակցությունն են ունեցել մեր ազգային վերազարթոնքի առանցքային փուլերում:
 Ըստ Մ. Խաչատրյանի` այդ հանդիպումը  դահլիճում գտնվող երիտասարդությանն է ամենից առաջ հասցեագրված և նպատակ ունի գոնե ինչ-որ չափով նրանց հաղորդել այն ոգևորությունն ու նվիրական զգացողությունները, որոնք առայսօր ուղեկցում ու ոգեշնչում են ավագ սերնդին: Միջոցառման սկզբում դահլիճին առաջարկվեց դիտել Վարդգես Բաղրյանի ՙ88-ի արձագանքները՚ ֆիլմը: Արցախյան պատերազմի օրերին  բազմաթիվ ռեպորտաժների հեղինակի` Շարժման առաջին ակորդներով սկսվող և ամբողջովին վավերագրական տեսագրություններ պարունակող ֆիլմի միջոցով դահլիճը դարձյալ ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձությունների մասնակիցը դարձավ, հիշեց անմոռաց ու մոռացված հերոսներին, տեսավ ինքն իրեն:                                         Ֆիլմի ցուցադրմանը հետևեցին երիտասարդների ու կազմակերպիչների հարցերը, որոնք փորձում էին  ընդգրկել Շարժման տարիները, արցախյան ֆենոմեն-առեղծվածի հնարավոր պարզաբանումները, 25 տարիների ընթացքում ստեղծված վավերագրական ու գեղարվեստական արձակը և այլ թեմաներ: Իրենց հուշերով, կարծիքներով ու առաջարկություններով, ինչպես նաև պատերազմական օրերին ծնված տողերով միջոցառմանը հանդես եկան   լրագրող-հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, բանաստեղծ, ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Արկադի Թովմասյանը: ՙԱրցախյան ֆենոմենի գաղտնիքը,- ասաց Վ. Բաղրյանը,- հենց նրանում է, որ այն մինչև վերջ բացահայտված չէ: Ցավոք, այսօր արժեհամակարգի որոշ փոփոխություն է տեղի ունեցել, 88-ի աստեղային պահը գուցե էլ երբեք չկրկնվի, սակայն վստահ եմ, որ ճակատագրական պահին նորից բոլորս միասին ենք լինելու և արժանի հակահարված ենք տալու մեր թշնամուն՚:  Սոկրատ Խանյանը վերհիշեց Րաֆֆու ՙմի գիրքը մի ազգ է փրկում՚ միտքը և խիզախություն որակեց Վ. Բաղրյանի ռազմական բոլոր ռեպորտաժները: Նա շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատողներին` վստահեցնելով, որ  նման կարևոր միջոցառում կազմակերպելով`  ցավող վերքի վրա ենք դնում մեր մատը, որովհետև արցախահայության պայքարը շարունակվում է նաև այսօր: Հայ ժողովրդի կյանքում չի եղել մի պատերազմ, երբ զենքն ու գիրքը չմիաբանվեն և չծնվի հաղթանակ` ասաց Ս. Խանյանը: Ըստ բանախոսի` գիրքը գրվում է ժամանակակիցների համար, սակայն ամենից շատ ծառայում է ապագա սերունդներին: Իբրև ապացույց նա վերհիշեց հայկական միջնադարյան պատմիչների գրքերը, որոնց հետագայում դիմել է գրողների մի քանի սերունդ: Բանաստեղծ Ռոբերտ Եսայանն ընթերցեց զենքին ապավինած պահերին ծնված իր բանաստեղծություններից: Բանաստեղծն ապրում է սեփական երկրի ճակատագրով, և նրա ապրած ամեն մի վայրկյանում իր երկրի ներկայությունը կա՝  ասաց նա: Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը ժամանակակից գրողներին ու լրագրողներին խորհուրդ տվեց պատմել այն հերոսների մասին, ում անուններն անհայտ են: Վ. Բաղրյանը կարևոր համարեց վերջինիս հորդորը, նշելով, որ ղարաբաղյան ամեն մի գյուղի ինքնապաշտպանությունը չգրված հերոսապատում է, և ինքը միշտ էլ խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր պատմելու, ասելու ճշգրիտ պատմություններ ունեն անցած օրերից, անպայման դիմեն գրչին: Իսկ բանաստեղծ Ա. Թովմասյանը վերհիշեց Գևորգ Էմինի տողը` խոսքը զենքի պես, զգույշ գործածիր, երբ խառն է դարը. նույն արճճից են ձուլում, իմացի‘ր, գնդակն ու տառը:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ