[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Հայրենասիրական երգերի փառատոնը, որ անցած շաբաթ անցկացվեց Ստեփանակերտի մշակույթի  և երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճում, նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, Հայրենյաց պաշտպանի օրվան և Անդրանիկի ծննդյան տարեդարձին։ Այն նախաձեռնել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը։ 
Ինչպես նշեց բաժնի պետ Լաուրա Հակոբջանյանը, հանրապետության  մայրաքաղաքի դպրոցները,  որոնց դեռևս սեպտեմբերին բաժինը ներկայացրել էր փառատոնի ծրագիրը, կանոնակարգը, անցկացման պայմանները, նախապատրաստական երկար ճանապարհ էին անցել, և արդյունքն էլ տպավորիչ էր. փառատոնը, որին ներկա էին ԼՂՀ  կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ, անցավ ընդհանուր հետաքրքրության շրջանակներում։  
Հարկ է նշել, որ փառատոնը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն ձևերից մեկն է։ Այն ընդգրկում է նաև գեղագիտական դաստիարակությունը, ազգային գաղափարախոսության և ոգու, հայրենիքի, նրա պաշտպանի և ազգային բանակի հանդեպ հարգանքի,  դպրոցականի մոտ ինքնահաստատման ունակության ձևավորումը։ 
Դպրոցականները  պետք է ներկայացնեին հայրենասիրական երգ կամ երգերի շարան։ Եվ հուրախություն բոլորիս և հանդիսատեսների, դպրոցներում կազմակերպիչները տրորված ճանապարհով չեն գնացել, երգերն ընտրվել են ճաշակով, նաև այնպիսիք, որ ընդգրկեն մեծ թվով երեխաների։ 
Հանձնախումբը, որի կազմում էին ՙՄռակած՚ պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարինե Մեսրոպյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալի դասատու Կարինե Բաբայանը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դասատու Էվելինա Ստեփանյանը, գոհ էր կատարումներից. ՙԶարթիր, լաո, մըռնիմ քըզի՚ (Ավ. Իսահակյանի անվան), ՙՀայոց բանակ՚ (Հովհ. Թումանյանի անվան), ՙՏղաների երգը՚ (թիվ 4 հիմնական), ՙՓառքդ շատ, Տեր Աստված՚ (թիվ 6) ՙՓառք մեր ազգության՚ (Խ. Աբովյանի անվան), ՙԵրազ իմ, երկիր հայրենի՚ (Վ. Ջհանգիրյանի անվան), ՙՔեզ ինչպես կանչեմ՚ (Չարենցի անվան), ազգագրական երգ-պար (թիվ 5), ՙՏեսնեմ Անին ու նոր մեռնիմ՚ (Ա. Սախարովի անվան),  ՙՀայաստան՚ (Ա. Ղուլյանի անվան) դպրոցներ։ 
Վերջում բոլոր մասնակիցները  միասին կատարեցին Մ. Հայրապետյանի ՙԶինվորի երդում՚ երգը։
Հնչեցին երգեր՝ նվիրված հայրենիքին, Հայոց բանակին, քաջազուն զինվորներին։ ՙՀայրենիքներն ընկնում են հայրենասիրության պակասից՚,- ասել է Նժդեհը։ Արցախահայության պայքարը հանուն ազատության ցույց տվեց, որ հաղթանակի գրավականը միասնությունը, ոգին ու կամքն են։ Այս երգերով, մշակույթով դաստիարակվող սերունդը հայրերի գործի արժանի շարունակողը կդառնա։ 
Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր մանկավարժ Լյուդմիլա Բարսեղյանը ողջույնի խոսքում նշեց, որ բոլոր դպրոցներում նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել, և այս գործընթացում ամենակարևորն այն ապրումներն էին, ազգասիրական այն զգացումները, որ ուղեկցեցին երեխաներին։ ՙԵրեխաների աչքերի փայլից զգացվում էր նրանց հոգին։ - Նման միջոցառումները երեխային օգնում են ծանոթանալու հայոց պատմությանը՚,- ասաց Լ. Բարսեղյանը, ապա ամփոփեց փառատոնի արդյունքները.
Քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվեցին թիվ  2, 1, 4 դպրոցները։ Անվանակարգերը շահեցին Էռնա Միրզոյանը (թիվ 8 դպրոց, ՙԼավագույն ձայն՚), Անդրանիկ Վերդյանը (թիվ 10 դպրոց, ՙՀանձնախմբի համակրանք՚), թիվ 4 դպրոցը (ՙԼավագույն բեմադրություն՚, ղեկավար՝ Ա. Գաբուզյան)։ 
 
 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ