[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՏՈՆ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

altԱրդեն չորրորդ տարին է` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում և Արցախում հռչակված է որպես ՙԳիրք նվիրելու օր՚: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, որի նպատակն է տարաբնույթ միջոցառումներով հանրության և հատկապես մատաղ սերնդի ուշադրությունը սեւեռել դեպի գիրքն ու հերթական անգամ կարեւորել նրա նշանակությունն ու դերը:
Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտների և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների շնորհիվ  Ստեփանակերտի մանկական  գրադարանում  փետրվարի է 19-ը վերածվել էր իսկական տոնի։ Տոնական միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրական ընտանիքի անդամներ, գրադարանի պատանի ընթերցողներ: Թումանյանի գրական ժառանգության մեծագույն արժանիքների մասին խոսեց բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը՝ նշելով, որ բանաստեղծի կենսասիրությունը, երջանկության, վեհի ու գեղեցիկի մասին պատկերացումները կարմիր թելի պես անցնում են թե՜ նրա հեքիաթներում, թե՜ բանաստեղծություններում, պոեմներում ու պատմվածքներում: Հովհաննես Թումանյանն այն եզակի գրողներից է, ում ստեղծագործությունները  մարդուն ուղեկցում են  ողջ կյանքի ընթացքում: Մանուկների բազում սերունդներ մեծացել են նրա հեքիաթային աշխարհում: Իսկ ժողովրդական բանահյուսության վրա ստեղծված թումանյանական բալլադներն ու առասպելները  ընթերցողին վերադարձնում են  ազգային ակունքներ: Ս. Խանյանի խոսքերով`  Մեծ լոռեցին իր գործունեությունը կապել է նաև Արցախի հետ։ ՙԹումանյանն ամբողջ կյանքում կապված էր նաև Արցախի հետ, նա միշտ երախտագիտությամբ էր հիշում և խոսում Ջալալօղլիի (այժմ` Ստեփանավան) դպրոցը, իսկ այդ քաղաքը, ինչպես գիտենք, հիմնել են Հասան-Ջալալյանները, նա կապված է եղել Արցախցի նշանավոր գործիչների հետ: Ղարաբաղցի էր նաև նրա գերդաստանի բժիշկը՚,-ասաց նա: Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, չխախտելով գրքի տոնին հարիր բարի ավանդույթը, գրադարանին նվիրեց գրքեր` համոզմունք հայտնելով, որ հայ ժողովուրդը միշտ էլ պաշտամունքային վերաբերմունք է ունեցել գրքի հանդեպ: Բանաստեղծ Արմեն Հովհաննիսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց երեխաներին թումանյանական լուսավոր տոն պարգևելու համար և խորհուրդ տվեց միշտ կարդալ նրա ստեղծագործությունները: Նա ևս մանկական գրադարանին գրքեր նվիրեց: Գրադարանի տնօրեն Վլադիկ Միքայելյանն իր հերթին մեծ բանաստեղծի հեքիաթների ընտրանիները հանձնեց միջոցառման կազմակերպիչներին:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ