Logo
Print this page

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

200213_XarabaxyanSharjum_25_cucahandes_Info.jpgՓետրվարի  20-ին Ստեփանակերտի  մշակույթի  և երիտասարդության  պալատի ճեմասրահում  բացված ցուցահանդեսը նախաձեռնել էին  ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության  հարցերի  նախարարությունը, Արցախի  պետական  պատմաերկրագիտական  թանգարանը և ԼՂՀ  պետական արխիվը։ Այն  նվիրված էր  Արցախահայության  ազգային-ազատագրական  պայքարի՝ Ղարաբաղյան  շարժման  25-րդ տարեդարձին։
Վահանակներում  և ցուցափեղկերում  ցուցադրված էին  Ղարաբաղյան շարժման  պատմությունն  արտացոլող  լուսանկարներ, ՙՍովետական   Ղարաբաղ՚ թերթի  այն հրաշունչ օրերի  համարներ, 1987-ից ԽՍՀՄ ղեկավարությանը հղած զանգվածային  ստորագրություններ, հայկական, ինչպես  նաև  խորհրդային  կուսակցական  մամուլի  էջերից արձագանքներ 1988-ի  արցախյան  իրադարձություններին, նույնիսկ  ապատեղեկատվական  հոդվածներ,  պատերազմական  շրջանի  լուսանկարներ՝ շարքային   զինվորից մինչև  հրամանատար։ 
Ճեմասրահում  ցուցադրված էին  տեսաժապավեններ 1988-90-ի  խաղաղ ցույցերից ու  հանրահավաքներից։ Հին պլակատներ, կարգախոսներ, խունացած թերթեր, կոչեր, թռուցիկներ։ Կարելի է ասել, սրահում ներկայացված էին ազգային-ազատագրական պայքարի ոգին,  մեր ապրած օրերը, որ դեռ հիշողություն  չեն դարձել։ 
ՙՄենք ներկայացրել ենք  ոչ միայն  1988-ի,  այլև Ղարաբաղյան շարժման սկզբնավորման  հետ կապված  փաստաթղթեր, 1921 թվականից  մինչև 1945 թ., Գ. Արուտինովի  նամակը Ստալինին, 1965-ի 13-ի հայտնի նամակը և այլն։  Շարժումը հզոր էր, նյութերը շատ են,   և մեկ ցուցադրությամբ  հնարավոր չէ ամբողջը ներկայացնել։  Ասեմ նաև, որ  Արցախյան շարժման վերաբերյալ նյութերի, փաստաթղթերի  հայթայթումը  այսօր էլ շարունակվում է։ Մեր պատմագիտությունը   շատ անելիքներ ունի  ղարաբաղյան  հարցի լուսաբանման շուրջ. Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին մեծ տերությունների քաղաքականության արդյունք էր՚,-  հավաքվածներին  ցուցադրությունները ներկայացրեց պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն  Մելանյա Բալայանը։ 
Ցուցահանդեսին ներկա էին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  ԱԺ պատգամավորներ,  կառավարության անդամներ, Արցախյան շարժման նվիրյալներ, հասարակայնության  տարբեր խավերի ներկայացուցիչներ։ 
Ցուցահանդեսից հետո  տեղի ունեցավ  տոնական համերգ։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.