ՙԴԻՋԻԹԵՔԸ՚՝ ՄԵԴԻԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրն իրականացնում է այլընտրանքային կրթական ծրագրեր, որոնցից է մեդիակրթությունը: Նրա շրջանակներում մի շարք բաց ծրագրեր են իրականացվել: Դրանցից է ՙԴիջիթեքը՚` հանրակրթական գործընթացում թվային միջոցների կիրառումը: Հինգ տարի է՝ կրթահամալիրն անցկացնում է ՙԴիջիթեքի՚ միջազգային ստուգատես, որին վերջին երկու տարում մասնակցել են նաև Արցախի ներկայացուցիչները` կրթահամալիրի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև համագործակցությամբ պայմանավորված:
Սեբաստացիների կողմից անցած ամռանը Ստեփանակերտում շուրջ 120 դասվարներ են վերապատրաստվել, իսկ աշնանը արցախցի մեկ տասնյակ դասվարներ տեղում ծանոթացել են կրթահամալիրի մասնագետների փորձին:
Փետրվար ամսին մասնակցելով ՙԴիջիթեք-2013՚ ստուգատեսին` Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնց հետ պարապմունքներ են անցկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Արցախում գործունեություն իրականացնող ՙԻնստիգեյթ՚ ընկերության ներկայացուցիչները, ՙՄեդիակրթության նորարարական ծրագիր՚ անվանակարգում արժանացել են գլխավոր մրցանակին: Ստուգատեսին մասնակցել են նաև Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ և Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցների աշակերտները: Վերջիններս արժանացել են խրախուսական մրցանակի:
Կրթահամալիրի նախագծերից մեկն էլ ճամբարային ստեղծագործական հավաքներն են: Մարտի 27-31-ը ԼՂՀ ԿԳՆ հովանու ներքո գործող Վանք գյուղի ՙԳանձասար՚ ճամբարը հյուրընկալել էր ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի շուրջ 70¬հոգանոց պատվիրակությանը: Վանքի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում մարտի 29-ին տեղի ունեցավ ՙԴիջիթեք-2013՚-ի արդյունքների յուրատեսակ ամփոփում-ցուցադրություն և 2014-ի մեկնարկի հայտարարում: Ներկա էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ԼՂՀ ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:
Ողջունելով ճամբարի մասնակիցներին` Ա. Բլեյանն ասաց, որ ՙԳանձասարը՚ հավակնում է դառնալ միջազգային: Եթե նախորդ տարի մասնակիցները միայն սեբասատացիներն ու արցախցիներն էին, ապա այս անգամ ընդարձակվել է աշխարհագրությունը. ճամբարային կյանքին ընդգրկվել են ներկայացուցիչներ նաև Լոռու, Վայոց ձորի մարզերից, հաջորդ տարվա համար հայտ են ներկայացրել Վրաստանից: Արցախի ներկայացվածությունը նույնպես մեծացել է. մասնակիցների մեջ էին Ստեփանակերտի, Ասկերանի շրջանի մի քանի գյուղերի և բնականաբար` Վանքի երեխաները: Ճամբարը նաև ավելի ՙփոքրահասակ՚ է դառնում. եթե անցյալ տարի գալիս էին 10-12-րդ դասարանների սովորողները, ապա հիմա` սկսած 5-րդ դասարանից: ՙԵվ դա բնական է, քանի որ թվային միջոցները հայտնվում են ավելի ու ավելի ցածր տարիքի երեխաների ձեռքում՚,-ասաց Ա. Բլեյանը:
Մասնակիցները կատարեցին ՀՀ և ԼՂՀ օրհներգերը: Այնուհետև ցուցադրեցին տարբեր թեմաներով իրենց անհատական ստեղծագործությունները։ Դրանք ուսումնական փոքրիկ ֆիլմեր էին, որոնցում երևում են հեղինակների ստեղծագործական կարողությունները: Գնահատելի են նրանց խոսքի մշակույթը, թարգմանական հմտությունը, տեխնիկական, տեղեկատվական իրազեկվածությունը և այլն:
ՙՄեդիակրթությունը մարդուն ինքնավստահություն է ներշնչում, ինչպես նաև՝ ամենակարճ ճանապարհն է հայտնի դառնալու: Դա նախևառաջ գյուղական դպրոցի համար է, որպեսզի նա իրեն զգա իրադարձությունների կենտրոնում՚,-ասաց Ա. Բլեյանը` կոչ անելով ավելի ակտիվորեն մասնակցել ՙԴիջիթեք-2014՚-ին` դրանով իսկ հայտարարելով նրա մեկնարկը: Ծրագրերին կարելի է ծանոթանալ կայքում, իսկ վաղ մեկնարկի պատճառն ավելի լավ նախապատրաստության համար է: Մոտակա ծրագրերից մեկը էկոտուրն է, որը կանցկացվի այս ամիս և որտեղ կքննարկվեն բնապահպանական հարցեր: Ա. Բլեյանն առաջարկեց արցախցի ճամբարականներին, մասնավորապես՝ Վանքի երեխաներին, իրենց ուսուցիչների հետ մասնակցել նման միջոցառումներին` հիմիկվանից ընտրելով թեման, ինչպես, ասենք՝ ՙԱղբահանության խնդիրները Վանք գյուղում՚: Ի դեպ, սեբաստացիների առաջին գործը ՙԳանձասարում՚ եղել է շրջակայքի մաքրությամբ զբաղվելը: Հաջորդ օրերին աշխատանքի ուղղություններից մեկը եղել է ճամբարի գրադարանը կարգի բերելը: Այդ ամենի մասին կարելի է տեղեկանալ կայքից:
Ա. Բլեյանը տեղեկացրեց, որ այդ պահին կրթահամալիրի 60¬հոգանոց մի խումբ` արվեստի գծով դպրոցի սաները, գտնվում են Վրաստանում, արհեստագործական խումբը` Վայոց ձորի Խնձորուտ գյուղում, մեկ այլ խումբ` Լոռու մարզում, որտեղ համապատասխան ուղղություններով աշխատանքներ են տանում:
ԼՂՀ ԿԳ փոխնախարար Մ. Համբարձումյանը, ողջունելով գործընկերների նախաձեռնությունները` հույս հայտնեց, որ փոխշփումները կընդարձակեն նաև Արցախի աշխարհագրությունը ՙԴիջիթեքում՚: Իսկ աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանն աշխարհագրական նման ընդարձակում սեբաստացիների կողմից ակնկալեց նաև ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարում:
Ա. Բլեյանն ասաց, որ Մայիսյան եռատոնի կապակցությամբ նախապատրաստվում են ՙՄշակութային Շուշի՚ ծրագրին:
Թվային միջոցների կիրառմամբ ուսումնական գործընթացը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու առավելությունը գնալով ավելի տեսանելի է դառնում: Մեդիակրթության հնարավորություններից, ցավոք, Արցախի շատ գյուղական բնակավայրերի դպրոցականներ չեն կարողանում օգտվել այն պարզ պատճառով, որ համացանցը հասանելի չէ նրանց: Օրերս ՙՍինոփսիս Արմենիա՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև եռակողմ համաձայնագրի կնքման կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ այս խնդրի առնչությամբ հարց ուղղեցինք ՙՂՏ՚-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Նա պատասխանեց, որ ընկերությունը լայնածավալ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, նաև որակյալ ենթակառուցվածք ունենալու համար, որպեսզի Արցախի ողջ տարածքում հասանելի լինի համացանցը: Մի մասը կիրականացվի այս տարի, մյուսը` հաջորդ:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ