[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՆԵՑԱԾԸ ԳՆԱՀԱՏԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ

t.jpgԹատերախոսության փոխարեն
Ալբեր Հերնիի ՙՍիլվիա՚ առաջնախաղի ազդագրերում երևացին բեմադրիչների նոր անուններ, որոնք շարժեցին մայրաքաղաքի թատերասերների հետաքրքրությունը. Գոհար Առաքելյանը և Էդգար Թաթիկյանը Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժնի (Հրաչյա Գասպարյանի արվեստանոց) շրջանավարտներ են, ովքեր այս մայիսին կավարտեն նաև նույն ինստիտուտի մագիստրատուրան (Գոհարի թեզը՝ ՙԾաղրածուական դիմակը աբսուրդի թատրոնում՚, Էդգարինը՝ ՙՀաղորդակցմանն ուղղված վարժանքները դերասանի կրթության ընթացքում՚)։ Գոհարը Եղեգնաձորից է, Էդգարը՝ Երևանից։ Երիտասարդ ամուսինները 4-5 ամիս է, ինչ աշխատում են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական  պետական դրամատիկական թատրոնում և իրենց առաջին գործն են ներկայացրել հանդիսատեսի դատին։ 
Բեմադրությունը և առաջնախաղը, որ 15-16-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում ապրիլի  կարելի է համարել երեք կողմերի՝ բեմադրիչ¬դերասան¬հանդիսատեսի ծանոթություն, որից պատվով դուրս եկան բեմադրիչներն ու բեմադրության կազմի մեջ ընդգրկված երիտասարդ դերասանները։
Ներկայացումը հանդիսատեսի կողմից միանշանակ չընդունվեց. մի մասը դահլիճը թողեց հիացած, մի մասը՝ երկմտանքի մեջ, թե թեմատիկ առումով արդիակա՞ն է, արդյոք, ամերիկյան դրամատուրգի ռոմանտիկ կատակերգություն կոչված պիեսի ընտրությունը։ Բոլոր դեպքերում կասկածից վեր է ներկայացման բեմադրական հաջողությունը, և ուրախությամբ արձանագրենք այն փաստը, որ թատրոնի կոլեկտիվը համալրվել է երիտասարդ, խոստումնալից կադրերով։
Նշենք, որ ներկայացման գործող անձինք և դերակատարներն են Նելլի Ղահրամանյանը (Սիլվիա), Պարույր Ներսիսյանը (Գրեգ), Նունե Դավթյանը (Քեյթ), Արցախ Տեփնանցը (Թոմ), Օֆելյա Մարտիրոսյանը (Ֆիլլիս), Գենադի Առուշանյանը (Բոցման), Մարիա Խաչատրյանը (Կատու)։
Ներկայացման ավարտից հետո զրուցեցինք բեմադրիչ Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ և ռեժիսորի ասիստենտ Է. ԹԱԹԻԿՅԱՆԻ հետ։
-Ի՞նչը Ձեզ տարավ թատրոն։
Էդգար.- Եթե անկեղծ լինեմ՝ պատահականությունը.երազում էի ժուռնալիստ դառնալ, վճարը բարձր էր, դիմորդները՝ շատ, որոշեցի թատերական տալ, չնայած այստեղ էլ այնքան հեշտ չէր ընդունվելը։ Երկու տարի մրցույթից դուրս մնացի, հետո՝ ազատ ունկնդրի կարգավիճակ, ապա՝ ռեժիսուրայի բաժին, Երվանդ Ղազանչյանի արվեստանոցը, հետո նկարահանումներ սերիալում, չհասցնելու պատճառով՝ տարկետում, այնուհետև՝ 2-րդ կուրս և մինչև վերջ։ Ռեժիսուրայից բացի՝ կուզենայի աստղագետ դառնալ. երկու մասնագիտություններն էլ բացահայտելու համար անսահման տարածություն ունեն, մարդն ու տիեզերքը ինչքան բացահայտես՝ խորքեր միշտ մնում են։ 
Գոհար.- Մեր երկուսի երազանքներն իրարից անկախ, բայց կարծես թե միշտ համընկնում են իրար։ Ժուռնալիստ դառնալը երազանք էր, որն ինձ տարավ Եղեգնաձորի պետական քոլեջ, որի համար չեմ ափսոսում, քանի որ բանասիրական կրթությունը որոշակի աշխարհայացք ձևավորեց, տվեց գիտելիքներ, որն այսօր իմ աշխատանքում ինձ շատ է օգնում։ Չեմ ափսոսում ռեժիսուրայի ճանապարհը ընտրելու համար, այն ինձ դուր է գալիս։ Թատրոնը կյանքի համեմունքն է...
- Հետաքրքիր է, ինչպե՞ս հայտնվեցիք Ստեփանակերտի թատրոնում։
Գոհար.- Առաջին անգամ Ղարաբաղ եկա, երբ եղբայրս զինվորական ծառայության մեջ էր, ու սիրեցի այս երկրամասը։ Պատմությունը գիտեի, բայց այլ բան է անմիջական հաղորդակցությունը, շփումը։ 2011¬ի Մայիսյան եռատոնը հայաստանյան բոլոր ալիքներով ցույց էին տալիս, վավերագրական ֆիլմեր և այլն, Էդգարի հետ ոչ մի հաղորդում բաց չէինք թողնում։ Անառիկության, անպարտելիության, հպարտության խորհրդանիշ է Արցախը։ Մեր ոգևորությունը կաթի՛լ¬կաթիլ հավաքվեց, որոշեցինք գալ, մեր ունեցածով էլ օգտակար լինել։ 
- Մուրացանի Կամսարյանի նման հանկարծ չհիասթափվենք...
Գոհար.- Չէ, կմնանք։ Այստեղ պատերազմ է եղել, մարդիկ մահ, արյուն, սով են տեսել, այսօր խաղաղ է, և ինչ¬ինչ դժվարություններ պարտավոր ենք հաղթահարել։ Առհասարակ պիտի կարողանաս ունեցածդ գնահատել ու պինդ  պահել։ Մենք նույնիսկ պատրաստ էինք գյուղ էլ գնալ և այդ մասին Շուշիում հայտնեցինք մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարին։ Ասեմ նաև, որ Երևանի մշակութային կյանքը գերհագեցած է, և ինքնադրսևորման համար տեղ և հնարավորություն դժվար է գտնել։ 
Էդգար.- Շուշին ազատագրելն էլ հեշտ չէր։ Թուլանալու, ՙսուրը պատյան դնելու՚ իրավունք չունենք։ Իսկ մշակույթը զենք է։ Չէ՞ որ այսօր աշխարհում մշակութային ՙպատերազմներ՚ են ընթանում։
- Ալբեր Հերնիի ՙՍիլվիա՚ գործն ընտրելը արդյո՞ք լավագույն տարբերակն էր, հատկապես արդիական հնչողության համար։ 
Գոհար.¬ Նախ՝ պիեսը ռեժիսորական աշխատանքի համար լայն հնարավորություններ է տալիս։ Երկրորդ, կարող էինք դրամատուրգիական առումով հզոր գործ վերցնել, բայց, անկեղծ ասած, և՜ մենք էինք անփորձ, և՜ կոլեկտիվն էր անծանոթ, դրա համար փոքր, ուրախ, թեթև գործ վերցրինք։ Աստիճանաբար ՙբեռը՚ կծանրացնենք։ Թատրոնը ժամանցի վայր է, ճառ չեմ սիրում։ 
- Գաղափարը, ասելիքի խորությունը դեռ ճառ չէ։ 
- Ասելիք այս գործի մեջ էլ կա։ Ցանկացած գործ մարդու մասին է։ Էքզյուպերիի մոտ Աղվեսը Փոքրիկ Իշխանին ասում է. ՙԴու պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես՚։ Այս պիեսի մեջ էլ Սիլվիան ասում է՝ ՙՃիշտ չէ, երբ հայրը իր երեխաների  դայակի հետ փախչում է, ճիշտ չէ, երբ ծնողները միակ զավակին որբանոց են տանում։ Ճիշտ է, երբ ունեցածդ կիսում ես, մարդիկ դրան սեր են կոչում՚։ 
- Ի դեպ, բեմադրության ՙհանգուցալուծումը՚, վերջնավարտը գտնված է։ Բոլոր հերոսները միավորվում են սիրո, մարդկայնության գաղափարի շուրջ։
Գոհար.- Ասեմ, որ տեքստային միջամտություններ, ավելացումներ ենք կատարել բարության, սիրո, հավատարմության գաղափարային շեշտադրումների համար։
Այսօր մարդը բնությունից շատ է հեռացել, մարդու էությունը կործանարար բնույթ է ստանում։ Բնության հետ ներդաշնակ ապրել ու բնությունից սովորել.  սա է ասելիքը։
Էդգար.- Հեռուստասերիալներում բռնությունը, վախի, սարսափի տրամադրությունները շատ են, կարծես թե մոռացվում է, որ աշխարհում  կա սեր, բարություն... Հեռուստացույցի որ ալիքը փոխում ես՝ ագրեսիա ու լաց է... Չապլինն ասել է. տխրության մեջ էլ գեղեցկություն կա, բայց այն լացի առիթ չպիտի տա։
- Ձեր ստեղծագործական հավատամքը...
Գոհար.- Մենք որոշել ենք այնպիսի բեմադրություններ անել, որ լավատեսություն ներշնչի։ Մեր նպատակն է այս կյանքի քաոսի մեջ բեմից դահլիճ ջերմություն, լույսի շող ուղարկել։ Պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, և կյանքի գեղեցիկ կողմերը մշտապես պետք է հիշեցնել մարդկանց, լույս ու ջերմություն տալ։
- Կոլեկտիվին նոր էիք ծանոթացել, չե՞ք դժվարացել դերաբաշխման ժամանակ, մանավանդ որ թատրոններում այդ առթիվ անդրկուլիսային խոսակցություններ լինում են։ 
Գոհար.-  Փորձերի ընթացքում ընտրեցինք ու բոլորս միասին սկսեցինք աշխատել։ Շատ շնորհալի երիտասարդներ կան։  
- Երաժշտական ձևավորումը հաջողված է և տրամադրություն է ստեղծում։
Էդգար.- Ես դրա համար երախտապարտ եմ  Մարտին Վարդազարյանին, ում մասնագիտական և մանկավարժական վարպետության շնորհիվ ինչ¬ինչ բաներ սովորեցինք։
- Ձեր ապագա ծրագրերը...
- Առայժմ ոչինչ կոնկրետացնել չենք կարող։
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ