Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՀԱՏԱՆՔՆԵՐԸ ԺՈՂՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

111.jpgԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ Ռոբերտ Եսայանի ծննդյան 55-ամյակի առթիվ լույս է տեսել ՙՌոբերտ Եսայանի ստեղծագործությունը՚ գիրքը։ Ժողովածուն, որում ընդգրկված են բանաստեղծի պոեզիային նվիրված հոդվածներ և գրախոսություններ, կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, խմբագիրն է ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։ 
Տեղական, հայաստանյան և արտասահմանյան  հայատառ թերթերում ու ամսագրերում տարբեր տարիների տպագրված հոդված-գրախոսականներում հեղինակները փորձել են բացահայտել Եսայան-բանաստեղծի աստվածատուր գաղտնարանները, թափանցել նրա պոեզիայի խորքը...Եվ ամեն մի հեղինակ յուրովի է բացահայտել նրան...Նույն ինքը՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, Ռ. Եսայանի խոստումնալից մուտքը գրականություն անխզելիորեն կապում է մեր պատմության նոր շրջանի հետ։ Ժամանակաշրջան, որի ոչ միայն գովերգողը եղավ բանաստեղծը, այլև նրա մարտաշունչ զինվորը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին։
Բանաստեղծ Վարդան Հակոբյանի բնորոշմամբ՝ ՙՀետաքրքիր երևույթ է Ռոբերտ Եսայանի պոեզիան։ Եվ անկրկնելի՛ է ինքը՝ Ռոբերտը, որպես մարդ, անհատականություն։ Հինավուրց հայկական հողն ազատեց՝ որպես հրետանու զինվոր, իսկ հոգևոր աշխարհում ՙտարածքներ գրավեց իր բանաստեղծությամբ՚։
Թե՜ տեղական և թե՜ դրսի հեղինակների վերլուծությունն ընթերցելիս տարվում ես այն մտայնությամբ, որ գրքի հերոս բանաստեղծն ինքը, ով հայտնագործել է իր հոգու հայրենիքը՝ իր մեջ կրում է բանաստեղծական հզոր մտածողության կնիքը։
Գրքից տեղեկանում ենք, որ ռուս բանաստեղծ Պյոտր Կոշելը, 1989թ. ծանոթանալով Ռ. Եսայանի բանաստեղծական շարքերին, նկատի ունենալով դրանց գաղափարական խորքն ու ձևի թարմությունը, գրել է. ՙԼեռնային Ղարաբաղից  Ռոբերտ Եսայանի պոեզիան արժանի է սևեռուն ուշադրության։ Այն նրա հասակակիցների կողմից իսկույն թարգմանվեց ռուսերեն ու հրատարակվելու երաշխավորվեց մոսկովյան ամսագրերում։ Հայ մշակույթն իրավունք ունի հպարտանալու իր զավակով. պոեզիայի երկնակամարում հայտնվել է ևս մի տաղանդ՚։
Սփյուռքահայ հեղինակ Շահանդուխտը Բեյրութի ՙԱզդակ՚ ամսագրում Ռոբերտի ստեղծագործությունները կարդալուց հետո գրում է. ՙՆա ընթերցողը կը տանի Արցախ ու անոր կը ծանօթացնէ այս տառապած, բայց միշտ հպարտ ու հերոսական հայաշխարհը՚։
 Ի դեպ, հարկ է նշել, որ Ռ. Եսայանի բազմաթիվ բանաստեղծական շարքեր թարգմանվել են ռուսերեն և անգլերեն լեզուներով... Նա, որ իր պոեզիայով ՙՀողի երազանք՚-ի ձայն է հղում աշխարհին, իսկ Արցախը նրա համար օրրանն է ՙ...Առասպելված արյան, ծլող եղյամի, զսպանակված շքերթի, տրոփող երկնակամարի, պարող ոտնահետքերի, կյանքի և սիրո ակունքի թևավոր ոգու...՚,  միշտ ձեռքը կյանքի զարկերակի վրա է պահում... իսկ  նրա ՙԱմեն տողից ցավի ծուխ է ելնում...՚, ու բառը դառնում է զրահ.
Երբ սեղմում եմ իմ բռան մեջ
Արցախի հողը տաք,
կարծրանում է բառը,
ինչպե՜ս...
զրա՜հ...
Բառը զրահ դարձնող պոետի մասին բազմաթիվ գեղեցիկ, դիպուկ, բազմաշեշտ ու ճշմարտացի գնահատանքի խոսքեր կան ՙՌոբերտ Եսայանի ստեղծագործությունը՚ գրքում։ Բանաստեղծ, ով իր բազմաշերտ մտածողությամբ, պոեզիայի ժանրային առանձնահատկություններով, նորարարական ինքնատիպությամբ նոր էջ է բացել արցախահայ (և ոչ միայն) պոեզիայի կենսատարածքում՝ իր ձայնով ընդլայնելով ճակատագրի ասելիքը։ Հիրավի, յուրաքանչյուր բանաստեղծ ինքն է կերտում իր ժամանակը։ Ռոբերտ Եսայանի ժամանակը լցոնված է պատերազմի ու խաղաղության պարունակներով, իսկ եսայանական բառախորհուրդը յուրաքանչյուր գրախոս-հեղինակ բացահայտում է յուրովի ու ինքնատիպ։ 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ