[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԱՐԴԸ ԽՌՈՎԵԼ Է ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ՈՒ ԱՊՐՈՒՄ Է ԱՅԼ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚

123.jpg(դիմանկարի փորձ՝ բանաստեղծական լրացումներով)
Լիանա Քոչարյան։ Գեղանկարիչ։ Հայտնի անուն ոչ միայն կերպարվեստի երկրպագուներին, այլև մտավորականներին և հասարակության տարբեր խավերի մարդկանց։ 
Ցուցահանդեսների ժամանակ նրա գործերն առանձնանում են վառ գույներով, որ երբեմն որդան կարմիրն են հիշեցնում, ինչպես նաև՝ անկեղծությամբ։ Ասում են՝ ոճը մարդն ինքն է։ Լիանան անհատականություն է։ Նա այն մտավորականներից է, ում չես կարող բարևել ու անտարբեր անցնել։ Կաշառում է դրական էներգետիկ դաշտով, իմպուլսիվ խառնվածքով։
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի ակումբում, որտեղ աշխատում է, ամեն ինչ խոսում է նրա ստեղծագործական ձեռագրի մասին. աշխատասենյակում կախված նկարաշարը, փոքրիկ արվեստանոցում այսպես կոչված աշխատանքի գործիքները, հուշանվերները, կիսատ գործերը, որոնց վրա ներկը դեռ չի չորացել։
 Ինչքան փորձում ես ներքաշել առտնին ու գործնական զրույցի կամ հարցազրույցի մեջ, չի հաջողվում, ստիպված գնում ես նրա մտքերի ու հույզերի հետևից ու ծանոթանում այն աշխարհին, որ իրենն է։ 
- Այնուամենայնիվ, Լիանա, արի խոսենք ժամանակի մասին և դու՝ ժամանակի մեջ։
- Արժեքները փոխվել են, կյանքը դարձել է ջղագրգիռ, ես ինձ գտնում եմ իմ նկարներում։ Ես եմ և իմ արվեստը։ Մարդը խռովել է ինքն իրենից, հեռացել ու ապրում է այլ հարթության մեջ։ Ես իմ աշխարհի մեջ եմ՝ ինքս ինձ հետ։ Մի անգամ հավաքվել էինք, սեղանի շուրջ կենացներ, օսլայած խոսքեր են հնչում, Նժդեհից մեջբերումներ արվում, մտքեր՝ Սոկրատեսից, չհամբերեցի, ասացի՝ բա դո՞ւ ինչ ես ասում, մի քոնն ասա՝ տեսնենք։ Մարդը վիրավորվեց, ցույց չի տալիս, բայց զգում եմ, որ ներքուստ վիրավորված է։ Ախր, մարդ կոչված է ինչ¬որ բան անելու, իրենը ստեղծելու, ոչ թե...  Կիսատ¬պռատություն չեմ սիրում։
Շատ եմ նկարում։ Օրվա մեծ մասը զբաղվում եմ նկարչությամբ։ Հիմա չմահավան եմ դարձել։ Արվեստը խաղալիք չէ՝ ինչ ուզես անես։ Աշխատում եմ շատ մնալ իմ աշխարհում. 
 
Շուրթերիցդ նժույգներ էին իջնում 
և խմում 
ծոցիս բաբախյունը։ 
Լ.Ք.
 
Պատերազմի ժամանակ կարծես արվեստն ավելի պահանջված էր։ Գուցե կարծիքս սուբյեկտիվ է։ Այսօր արվեստի հանդեպ հետաքրքրությունը նվազել է։ Նույնիսկ անհատական ցուցահանդեսն ինձ չի բավարարում։ Ինձ թվում է՝ մարդիկ պատրաստ չեն արվեստն ընկալելու։ Ես ցուցահանդես չեմ կազմակերպում, ինձ թվում է՝ դա ձևական է լինելու, ցուցահանդեսից հետո հիասթափություն եմ ապրելու, գալու եմ տուն և տխրելու եմ։ 
 
Բառերս մաշկիս տակ թափառում են,
Երևակայությանս սահմանը 
հատվում է 
պատրանքի մի անընդգրկելի 
տիրույթում։
Մարդիկ մոռացված իրեր են թվում, 
անաղմուկ հեռանում, անհետանում են 
երկնքից այն կողմ,  
Որտեղ ժամանակը դռներ 
ու փականքներ չի ճանաչում։
Լ.Ք.
 
- Այսինքն, դու քեզ չհասկացված ես համարում։ 
- Չէ։ Մարդկանց հետաքրքրության շրջանակն է  նեղացել։ Ավելի շատ են կենցաղային դարձել։
- Հետաքրքիր շարք է՝ պատին կախված։ Քո վերջի՞ն գործերն են։ 
- Համարյա։ Վերնագիր չեմ դրել։ Գրաֆիկական աշխատանքներ են՝ խոհափիլիսոփայական շարք։ Եղեռն, քրիստոնեություն, դաժանություն։ Ես այսօր սիրում եմ համարձակ հնարքների դիմել՝ արվեստական հնարքների։ Փնտրում եմ, փորձում եմ իմը գտնել, դուռը փակ է, արվեստի խորքն է դա, որտեղ չպիտի մոլորվես, որպեսզի քոնը գտնես։ Այժմ ավելի շատ եմ ենթագիտակցությամբ նկարում։ Այդ շարքը միանգամից չեմ նկարել, միտքը երկար կրել եմ իմ մեջ։ Հայի ողբերգական ճակատագիրն է՝ եղեռն, արտագաղթ... Նկարիչը կախարդ պիտի լինի։ Նկարչությունն ինձ շատ բան է սովորեցրել։ Նա իմ ընկերն է, ցույց է տալիս աշխարհը։ 
- Կյանքը քեզ չի՞ սովորեցնում։
- Կյանքն ավելի շատ հիասթափեցնում է։ Արվեստն է մնայուն, և մարդն ապրում է  արվեստի մեջ։ Ես, համենայն դեպս, այսպես եմ մտածում։
- Այժմ ինչի՞ վրա ես աշխատում։
- Այս նկարը կոչվում է ՙԱնտարբերություն՚։ Կյանքն է այստեղ։ 
- Արվեստում ի՞նչ հատկանիշներ ես գնահատում։
- Արհեստավարժությունը։ Անկատար բաներ չեմ սիրում։ Իմ մեջ դեռ անկատարություն կա, որ ձգտում եմ հաղթահարել։ Երբեմն ինձ թվում է, թե ես նկարել չգիտեմ։ Ինչքան տարիքս առնում եմ, այնքան հիասթափությունս մեծանում է։
- Լիանա, դու զբաղվում ես նաև գրքերի ձևավորմամբ։
- Սիրում եմ գիրք ձևավորելը։ Սա գեղանկարչության առանձին ճյուղ է և շատ նուրբ գործ է։ Ավանդականին հավատարիմ մնալով՝ պիտի նոր ոճ բերես։ Գրքի ձևավորումը պիտի ձգի ընթերցողին։ Ձևավորած վերջին գիրքս Զորի Բալայանի ՙՀայդուկը և աղջիկը՚ երեք լեզուներով տպագրված պատմվածքն է։ Ընտրել եմ ավանդական ոճը՝ ելնելով պատմվածքի գաղափարական բովանդակությունից։ 
- Նկարչությամբ կարողանո՞ւմ ես ապահովել քո կենցաղը։
- Իհարկե։ ՙԿենաց ծառ՚, ՙԱրևդ կըծիմ՚ և այլն։ Սրանք արվեստի գործեր են և միաժամանակ՝ հուշանվերներ, որոնց վաճառքն ապահովում է իմ կենցաղը։ Այս առումով դժգոհ չեմ։ 
- Քո այդ շարքում կա լավատեսություն, կենսասիրություն, հումոր, բարություն։ Այդ նկարներն արված են Ժողովրդական մտածողությամբ։ Դու նաև բանաստեղծությունների մի ժողովածու ես հրատարակել։ Ի՞նչ է տալիս քեզ բանաստեղծությունը։
- Չգիտեմ ինքն է ինձ տալի՞ս, թե ես՝ նրան։ Ես հանդիպում եմ բանաստեղծության հետ, գաղտնի մի աշխարհ, որտեղ ես ինքս իմ էության հետ հանդիպում եմ։
Ես ինձ թաքուն վայելում եմ բանաստեղծության մեջ։ Մեր երկուսի հանդիպման վայրը բանաստեղծության հարթությունն է։ Բանաստեղծական շարքեր ունեմ։ Չեմ շտապում տպագրել։ Երբ տպագրվում է, կարծես էլ իմը չէ, կարծես այդ աշխարհը հեռանում է ինձնից։  Չեմ ուզում բաժանվել...պոեզիայի հետ իմ հանդիպման վայրից։ 
- Երջանկությունը քո պատկերացմամբ։
- Ոչ մեկը երևի դեռ չի ասել՝ ես երջանիկ եմ։ Ես նկարում եմ։ Ես հասկացվում եմ իմ նկարներում։ Կյանքս իմաստավորվել է նկարչությամբ։ Մարդ¬արարածը պիտի ստեղծագործի։ Ապրել՝ նշանակում է ստեղծագործել։ Թեկուզ ծառ տնկել։ 
 
Ես առավել սեր եմ, քան սերն ինքն է, 
Եվ այս ամենը անտեսանելի 
ստվերն է միայն... 
Լ.Ք. 
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ