[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ՝ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

1_1.jpgԱրցախյան Տիգրանակերտի պեղումներն այս տարի սկսվել են հունիսի 25-ին։ Արշավախմբի կազմը բավականին մեծաթիվ է. անդամներն են պատմական գիտությունների թեկնածու Ինես Կարապետյանը, ով  նաև Արմավիրի արշավախմբի ղեկավարն է, Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը։
 Կազմի մեջ է հայտնի հնագետ Համլետ Պետրոսյանի ասպիրանտ Նժդեհ Երանյանը։ Նա զբաղվում է քարե կոթողների մշակույթով, որն Արցախում վիճահարույց խնդիր է, և ըստ Հ. Պետրոսյանի՝ փորձում են պարզել։ Կան մի քանի ուսանողներ Երևանի պետական համալսարանից, որոնք այստեղ են անցկացնում իրենց գործնական պարապմունքները։
Արշավախումբը ղեկավարում է հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Նրա և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի բաժնի ավագ գիտաշխատող Ինես ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ մեր զրույցը արշավախմբի այս տարվա աշխատանքների, պեղումների արդյունքում նոր գտածոների, դրանց նշանակության շուրջ է։ Tigr1.jpg
-Պարոն Պետրոսյան, արշավախմբի մեջ կա՞ն օտարազգի մասնագետներ, և այս ժամանակաշրջանի պեղումներում ուշագրավ ի՞նչ գտածոներ կան։
- Այս տարի մենք սպասում ենք նաև մեր հնէաբուսաբանին, սպասում ենք մի ուրիշ հնագետի՝ Արմինե Գաբրիելյանին և Ֆլորենցիայի համալսարանի երկու աշխատողների, իտալացիներ, որոնց ինձ հաջողվել է հրավիրել։ Նրանք կգան հուլիսի վերջին, 15 օրով։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կընդարձակվի, և մենք դուրս կգանք միջազգային նոր ասպարեզ։
Պեղումներն ընթանում են Ամրացված, Կենտրոնական, Անտիկ թաղամասերում։ Մենք նաև պեղումներ կատարեցինք այստեղից 4 կմ հեռու գտնվող Գյավուր կալա կոչվող բնակավայրում, որը թարգմանաբար նշանակում է ՙԱնհավատների բերդ՚, հզոր մի բնակավայր, որտեղ ժամանակին հայերեն արձանագրություններ են գտնվել։ 
Tigr2.jpgԱյս տարի մենք փորձեցինք նաև եկեղեցին վերաբացել, որտեղ ժամանակին ազերիները քիչ-միչ  փորփրել էին (այդ մասին` փոքր-ինչ հետո)։ Ամրացված թաղամասում շատ հետաքրքիր աղյուսաշեն պատեր են բացվում։ Անտիկ թաղամասը տիպիկ քաղաքային, հելլենական թաղամաս է՝ իր բարձրորակ գտածո նյութերով։ 
Գրեթե ամեն օր գտածոներ ենք հայտնաբերում, որոնց շարքում ես կարող եմ առանձնացնել մի կնիք, որի վրա արամեերեն կամ պահլավերեն արձանագրություն կա։ Մենք լուսանկարներն արդեն ուղարկել ենք Երևան` մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն, փորձեն կարդալ։
Նոր գտածոների մեջ Տիգրան Մեծի ժամանակի զանազան տիպի շատ¬շատ խեցեղեն կա, նաև՝ ապակի։
Մի ուրախալի փաստ էլ հաղորդեմ. այս տարի Մարտակերտում, շինարարության ժամանակ,  պատահաբար երկու կարասային թաղում է բացվել։ Մենք առաջին անգամ գտել ենք թաղման կարասներ, որոնց վրա ռազմիկներ, որսի տեսարաններ են քանդակված՝ մի եզակի երևույթ այդ ժամանակի խեցեղենում և հատկապես կարասների վրա։
Մենք հիմա կազմում ենք Տիգրանակերտի թանգարանի նոր ցուցադրությունը և հուսով ենք, որ վերականգնված բոլոր նյութերն այնտեղ տեղ կգտնեն։
- Տիգրանակերտում աշխատանքներն ինչքա՞ն կտևեն։ 
- Մինչև օգոստոսի 20-ը։ Այսինքն՝ արշավախումբն աշխատում է մոտավորապես 2 ամիս, որից 50 օր պեղումների ժամանակն է, և կարծում եմ՝ ուշագրավ բաներ շատ կլինեն։ 
- Ինչպիսի՞ն է Տիգրանակերտն այս օրերին՝ որպես զբոսաշրջության վայր։Tigr3.jpg
- Հիմա Տիգրանակերտը հայտնի զբոսաշրջության վայր, ուխտավայր է դարձել, շատ մարդիկ են գալիս, հետևաբար, պիտի մտածել հուշարձանը պահպանելու, որոշ տեղեր ամրակայելու մասին։ Որովհետև գիտենք, որ պեղումների ընթացքում մենք ինչ¬որ բաներ բացում ենք, դրանք լինում են բացօթյա, և պետք է աշխատանքներ տարվեն դրանց պահպանման համար։ Ընդհանուր առմամբ, սա զուտ պեղում չէ, զուտ ակադեմիական քայլ չէ։ Բացի քաղաքական շեշտադրումից, սա հզոր մշակութային շարժում է, և դրա ամենաէական վկայություններից մեկն էլ Տիգրանակերտում Տիգրան Չուխաջյանի ՙԿարինե՚ օպերետի բացօթյա բեմադրությունն էր պարիսպների ներսում։ Արցախում շատ չեն այն վայրերը, ուր ինտելեկտը, արվեստը, գիտությունը կարող են համատեղվել միջավայրի հետ։ Մի խոսքով, զբոսաշրջիկները շատ¬շատ են։ Կարծում եմ, Գանձասարից, Շուշիից հետո Տիգրանակերտը ամենասիրված արգելավայրն է, և հատկապես դրսից եկածներին  հետաքրքրում է անտիկ մշակույթը։ Օտարազգի զբոսաշրջիկները շատ անգամ ցանկություն են հայտնում նորից գալու, և դրա պատճառը նաև այն է, որ այսօր Կովկասում չկա ավելի հզոր, ավելի դիտարժան հնավայր, քան Տիգրանակերտն է։ Այն զբոսաշրջիկների համար և՜ հաճելի է, և՜ զարմանալի։  
- Ձեր երազանքը՝ կապված հնավայրի հետ։
- Իմ երազանքն է տեսնել Տիգրանակերտը որպես հզոր գիտամշակութային կենտրոն, որը, նախևառաջ, մշակութային քաղաքականության իրականացման վկայությունը կլինի։ 
 
* * *
Ինես Կարապետյան.- Պեղումներին մասնակցում եմ 2009 թվականից։ Մինչև 2010 թվականը մենք պեղումներ էինք իրականացնում միայն Միջնաբերդում։ Բայց որևէ քաղաքի մասին որոշակի պատկերացում կազմելու համար միայն միջնաբերդը բավարար չէ։ Որովհետև հելլենիստական քաղաքը, ինչպիսին Տիգրանակերտն է, ուներ իր կազմակերպման որոշակի ձևը։ Միջնաբերդ, քաղաք, երկրագործական գոտի և դամբարանադաշտ։ Կարծես թե չորս հատվածներից է կազմված։ Ուստի, 2010¬ից որոշեցինք, որ պեղումները պետք է սկսել նաև քաղաքային թաղամասերից։ Միջնաբերդն ամենից առաջ պաշտպանական, վարչական, տնտեսական գործառնություն ունի։ Հասարակ ժողովուրդը, արհեստավորությունը զարգանում էր քաղաքային թաղամասերում, դրա համար մենք որոշեցինք պեղել, ու երկու տարի է արդեն, և գոհացուցիչ արդյունքներ ունենք՝ ներկայացնելով և՜ մեր տեղական մշակույթը, և՜ կապերը հելլենիստական աշխարհի  որոշ ռեգիոնների հետ։ Թեկուզ բեկորային, քաղաքային թաղամասերն անընդհատ վերակառուցվել են, իսկ դրանցից վերև կա ավելի ուշ շրջանի՝ մեր թվարկության 2-րդ, 3-րդ դարերի, վաղ միջնադարի և ուշ միջնադարի կառույցները։ Այնպես որ, 4 դարաշրջանների մշակութային շերտերն  այժմ մենք կարողանում ենք առանձնացնել ամեն մեկը իր բնորոշ նյութական մշակույթի հետքերով։ Մեզ համար, իհարկե, ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքը միջնաբերդի հետ հիմնադրվել է հենց Տիգրանի ժամանակ, մ.թ. առաջին դարում և շարունակել է իր գործունեությունը հետագայում՝ հռոմեական շրջան, վաղ միջնադարյան շրջան և այլն։ Նաև պատմական գրավոր աղբյուրներն են հիշատակում այս մասին։ Մեզ համար շատ հետաքրքիր է, որ մենք խոսում ենք նաև այլ երկրների հետ ունեցած կապերի մասին։ Այդ նյութերն առայժմ շատ չեն, որպեսզի անընդհատ հոսքի մասին խոսենք, պնդենք, որ դա առևտրական կապերի հետևանք  է։ Չնայած որ այդտեղով դեպի Մարտակերտ գնացող ուղին ունի ռազմավարական կարևոր նշանակություն։ Ես համոզված եմ, որ այդ ուղին գործել է դեռևս Տիգրանի ժամանակից, կապել է հարավը հյուսիսի հետ, արևմուտքը՝ արևելքի հետ, և Տիգրանակերտի ընտրության հարցը կարևոր է ոչ միայն նրա համար, որ այն դաշտավայրից՝ հյուսիսից ու հարավից եկող անկազմակերպ ցեղերի անընդհատ գրոհը կանխելն էր դեպի Հայաստան։ Որովհետև Խաչենագետը մուտքն էր դաշտավայրից, և Տիգրանը հենց այդ դաշտավայրի մուտքին կանգնեցրեց ամուր¬ամրոցը, միջնաբերդը։ Հայոց արքան հաշվի էր առել նաև այն, որ առևտրի համար հարմար է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այստեղ առատ էր ջուրը, քաղաքային կյանքի համար պահանջվող ամենակենսական հանգամանքներից մեկը։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ