Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀԸ՚

Պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, ինչպես տեղեկացրել ենք, դաշնակահարների, ջութակահարների, կամերային խմբերում մյուս նվագակցողների համար կազմակերպվել են վարպետության դասեր: Ջութակահարների համար դասը վարում էր Ֆինլանդիայի Էսպո քաղաքի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, ջութակահար Գրաժինա Գերանսկա-Գեբերտը:
 Բացի այդ, նա Արցախի համապատասխան հաստատությունների դասատուների համար կարդաց նաև դասախոսություն ՙՄարդը և երաժշտությունը՚ թեմայով։
Տիկին Գրաժինան երկրորդ անգամ է Արցախում: Նա հասցրել է այդ տարիների ընթացքում բարեգործական դրամահավաք կազմակերպել և հավաքված գումարով մասնագիտական անհրաժեշտ իրեր և գործիքներ ձեռքբերել ու նվիրել արցախցի շնորհաշատ երեխաներին: Այս ամենի մասին փառատոնի բացմանը նվիրված համերգին բարձրաձայնվեց բեմից: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նախարարարության կողմից շնորհակալագիր և Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալ հանձնեց տաղանդավոր ջութակահարին` մեր երկրի մշակույթի զարգացմանն աջակցող գործունեության համար: Շնորհակալագրում, որն ի լուր ներկաների կարդաց նախարարը, մասնավորապես, ասվում էր.ՙ...Ժամանակին, երբ ուզում էինք կազմակերպել ՙՏնջրե՚ դասական երաժշտության փառատոնը, հարց էինք տալիս ինքներս մեզ. արդյո՞ք, մարդիկ կցանկանան գալ մեր երկիր` չճանաչված մի երկիր, որի մասին խոսում են որպես անհանգիստ, հակամարտող տարածաշրջան: Ղարաբաղն աշխարհի ԶԼՄ-ներում ներկայացված է որպես վտանգավոր ու այցելության համար ոչ երաշխավորվող տարածք: Կարծրատիպ, որ ստեղծված է Արցախը մեկուսացնելու նպատակով: Կարծրատիպն այդ քանդելու ցանկությունն ու բարի մարդկանց կամքն օգնեց մեզ որոշումն ընդունել և կազմակերպել փառատոնը: Մենք չենք սխալվել մեր որոշման մեջ: Անտեսելով ցանկացած խոչընդոտ՝ եկել-հասել են Արցախ: Տիկին Գեբերտ, թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ եռանդի, էնտուզիազմի, համարձակության, մեր երախաների հանդեպ անկեղծ ու մշտական խնամքի համար: Շնորհակալություն այն մտահղացումների և նախագծերի համար, որ Դուք նպատակասլաց կերպով իրականացնում եք հանուն Արցախի պատանի երաժիշտների...՚։
Պրոֆեսոր Գերանսկա-Գեբերտը երևի փառատոնի ամենաակտիվ մասնակիցներից էր. նա հասցնում էր  և՜ վարպետության դասեր վարել, և՜ դասախոսություն կարդալ, և՜ համերգներին իր աշակերտների և այլ մասնակիցների հետ նվագել` միաբանելով նրանցից նոր կազմեր` դուէտներ, տրիոներ, կվարտետներ... Նրա ակտիվ ու սրտացավ վերաբերմունքը ցանկացած գործի հանդեպ վստահության մթնոլորտ էր ստեղծում ու միավորում մարդկանց իր շուրջը: Ու այն խոսքերը, որ նա ասաց շնորհակալագիրը հանձնելու ժամանակ` երախտիքի իր պատասխան ելույթում, խորապես բնորոշում էին նրա՝ մարդու և մանկավարժի կերպարը. ՙ... Ինձ համար մեծ երջանկություն է գտնվել այստեղ... Մեծ երջանկություն է, որ ես կարող եմ դառնալ ձեր երկրում խաղաղ ընթացող կյանքի, զարգացող մշակույթի մի մասը...՚,- ահա մի փոքրիկ հատված նրա ելույթից։ 
Ինչպես նշեցինք, այս տարի փառատոնի շրջանակներում առաջին անգամ նաև անցկացվեց դասախոսություն, որը կարդաց տիկին Գեբերտը: Մանկավարժի հետ հարցազրույցն էլ այդ դասախոսության հիմնական դրույթների շուրջն ընթացավ:
- Տիկին Գրաժինա, մեր ոչ դյուրին դարաշրջանում մարդիկ զգու՞մ են երաժշտության հրաշագործության ուժը, նրանց կյանքում նման երաժշտությունը որքանո՞վ տեղ ունի:
- Գիտեք, շատերի համար կարևոր տեղ ունի: Ցավոք, պետք է նաև ասեմ, որ այն մարդկանց շարքերը, որոնք զբաղվում են դասական երաժշտությամբ, հասկանում դրա ուժն ու հմայքը, նոսրանում են: Ժամանակակից տեխնիկան ՙուտում է՚ երաժշտության շուրջ սփռված լայն ու լուսավոր տարածությունը: Այնուամենայնիվ,  շատ երկրներում նկատվում է միտում՝ ազգի ընդհանուր մակարդակը բարձրացնել երաժշտության միջոցով: Իմիջիայլոց, դասախոսությունում չհասցրի խոսել ևս մի կարևոր բանի մասին: Նյու Յորքում, ամենախնդրահարույց դպրոցներում, որտեղ հարկադրված ամբողջ դպրոցը ՙզինել են՚ տեսախցիկներով, որպեսզի կարգապահությունը հնարավոր լինի պահպանել (ասենք, զենք չանցկացնել), հասկացել են, որ մթնոլորտը դպրոցում կարելի է հանգստացնել երաժշտության միջոցով: Այսինքն՝ նրանք կիրառում են ՙBefore school՚ ծրագիր, ըստ որի, երբ երեխաները գալիս են դպրոց, առաջին հերթին զբաղվում են երաժշտությամբ: Եվ պատկերացրեք, այն դպրոցները, ուր կիրառում են այդ ծրագիրը,  խնդիրներ չունեն կարգապահության հետ: Էլ չեմ խոսում Ճապոնիայի մասին: Չափազանց երաժշտասեր ազգ է: Այս երկրի հանրակրթական դպրոցներում երաժշտության ուսումնասիրությունը դրված է մայրենի լեզվին հավասար մակարդակի: Իսկ երաժշտությամբ զբաղվում են դեռ նախադպրոցական շրջանում: 
- Երկրորդ տարին է՝ գալիս եք Արցախ, վարպետության դասեր անցկացնում, ծանոթանում դասատուների, երեխաների հետ: Ի՞նչ կարծիքի եք մեր երկրի երաժշտության զարգացման մակարդակի մասին:
-Դժվար է  խոսել ընդհանուր մակարդակի մասին: Իհարկե, այստեղ կան տաղանդավոր երեխաներ: Բայց, իմ կարծիքով, պետք է ստվարացնել սիրողների շարքերը, ընդլայնել այն երեխաների շրջանը, որոնք այդքան ուժ և ունակություններ չունեն լրջորեն զբաղվելու  երաժշտությամբ: Կարծում եմ, քիչ-ինչ կարելի փոխել մոտեցումը և ավելի շատ միջին կարողություններով երեխաների ներգրավել ուսման համակարգի մեջ: Սակայն, մյուս կողմից,  դասերը պետք է վարել ավելի նրբորեն ու ճաշակով, իսկ լավագույններին ավելի շատ բան տալ ու շատ էլ պահանջել:
- Այդ մոտեցումը գալիս է մանկավարժական իմ մեծ փորձից։ Նախ, պետք է տալ ճիշտ ՙախտորոշումը՚ և հասկանալ` ինչի է ձգտում երեխան յուրաքանչյուր դեպքում: Հետո խորացա հոգեբանության մեջ, ծանոթացա ֆինն հայտնի հոգեբան Բեն Ֆուրմանի հետ և սովորեցի մի շատ կարևոր բան. մանկավարժության մեջ ամեն ինչ պետք է դնել այլ հարթության մեջ: Մենք երեխային  ասում էինք՝  դու խնդիր  ունես, դու պետք հաղթահարես այն: Իսկ մեր դպրոցում մենք ասում ենք. քո մոտ այս բանը շատ լավ է ստացվում, գուցե այս  մեկ ուրիշն էլ լավ ստացվի... Մի խոսքով, ոչ թե արգելակումից, այլ ներդաշնակումից ենք սկսում աշխատել երեխայի հետ: Եվ արդյունքներն էլ երկար սպասել չեն տալիս...
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ