[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅՍՊԵՍ ԷՐ ԾԱԳՈՒՄ ԱՐԵՎԸ՚

020801.jpgՀուշ-երեկո` նվիրված Արեվ Բաղդասարյանի  100-ամյակին
Հուլիսի  31-ին  Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության  պալատում տեղի ունեցավ Հայաստանի  ժողովրդական արտիստուհի, աշխարհի  ժողովուրդների  երգերի ու պարերի անզուգական կատարող Արև  Բաղդասարյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո։ 
Ավելի քան 50 տարի իր արվեստով  խորհրդային բազմազգ երկրի  ունկնդիրների ուշադրությունը  գրաված  արտիստուհուն նվիրված  երեկոն անցավ լեփլեցուն դահլիճում. լսարանի  գերակշիռ մասը նրա արվեստի երկրպագուներն էին հենց  կենդանության օրոք։ Շատերն էին լսել նրան, երբ  հյուրախաղերի  էր գալիս Արցախ, առնչվել, զրուցել էին  նրա հետ։ 
Արև Բաղդասարյանը  ծնվել է Շուշիում, միշտ  հպարտացել է իր   արցախյան   ծագումով, և իր  գործունեության ընթացքում բեմից  խանդավառ ու ոգեշունչ հնչեցրել է ղարաբաղյան ժողովրդական ՙՆախշուն բաջի՚ երգը, որի  հեղինակը հենց ինքն է. նրա կատարմամբ  (տեսագրություն) ՙՆախշուն բաջի՚ երգով  բացվեց  արտիստուհուն նվիրված  հուշերեկոն։ 
Արվեստաբան Ռոբերտ Դավթյանը (Երևան)  և հեռուստալրագրող  Սարինե Հայրիյանը  (Ստեփանակերտ) վարում էին երեկոն։ Ռ. Դավթյանի  ողջույնի  խոսքն  ուղղված էր  Արցախ աշխարհին, նրա մարդկանց, որ  կարողացան  հերոսական  գործունեությամբ  կերտել իրենց ազատությունն ու  անկախությունը, կարողացան  հայոց բազմադարյա  պատմության  մեջ  նորագույն էջ բացել,  արժանապատիվ ներկայանալ աշխարհին իր հին ու նոր պատմությամբ, հերոսական  անցյալով  ու ներկայով։  Արցախը տվել է արվեստի, գիտության, գրականության  հայտնի գործիչներ,  տվել է գեներալներ, մարշալներ,  որոնք հպարտություն  կբերեին  յուրաքանչյուր  ժողովրդի։ Հաղորդավարն  իր խոնարհումը  բերեց զոհված  ազատամարտիկների  հիշատակին և Շուշին ազատագրած  հերոսներին, այդ շարքում՝ լեգենդար  Արկադի  Տեր-Թադևոսյանին, որ ներկա էր  միջոցառմանը, և որին  պատվեցին հոտնկայս ծափահարություններով։
Ի դեպ,  Ռոբերտ Դավթյանը մոտիկից  ճանաչել է արտիստուհուն, մտերիմ է եղել  նրա հետ, ուստի և նրա  խոսքը ներկայացնելը  հուզառատ  էր ու  զգացմունքային։ րող  Ալեքսանդր  Արաքսմանյանը  լավագույնս է  բնութագրել  արտիստուհուն և նրա   արվեստը. ՙԱրև Բաղդասարյանի  արվեստի  ակունքը նրա հոգեկան աշխարհն է,  ինքնադրսևորման  անընդմեջ ձգտումը, որը բնորոշ է միայն  խոշոր արվեստագետներին, իսկ  էստրադայի  ասպարեզում  դիտվում է եզակի  դեպքերում։ Արև Բաղդասարյանը  եզակի երևույթ է։ Նրա  ցայտուն, խիստ ինքնատիպ տաղանդն ինքնամոռաց աշխատանքի և իր սիրած արվեստին  ֆանատիկ  նվիրվածության հետ  զուգակցված՝ արժանի է այն բանին, որ նրա  մասին  պատմվի ժողովրդի լայն  զանգվածներին և ամենից առաջ՝ երիտասարդությանը՚։ Արտիստուհին իր ժանրում  բացառիկ  էր և միակը՝ չհաշված Թամարա-Խանումին, որը նույնպես  ծագումով  Շուշիից էր։  Արևը հայկական արվեստը  ճանաչելի  դարձրեց  խորհրդային  հանրապետություններին  և դրսին։  Նրա համերգային  ծրագիրը  ծառայում էր  նախևառաջ ժողովուրդների  բարեկամության  ամրապնդման  գործին. խաղացանկը  ներառում էր 70  երգուպար, որի կեսը՝ հայկական։ 
Ծնվել է շուշեցի հմուտ փայտափորագրիչ  վարպետ րիգորի ընտանիքում։  1937թ. Դոնի  Ռոստովում  կայացած  ժողովրդական  ինքնագործունեության  օլիմպիադայում  իբրև  պարուհի նվաճում է առաջին տեղը, որը  ճակատագրական  է լինում և որոշում է աղջկա  հետագա կյանքի ընթացքը դեպի արվեստի  աշխարհ։ Այդ նույն  թվականին Արևն ավարտում է  Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։  Այնուհետև  ընդունվում է  Ադրբեջանի  ժողովրդական  պարի անսամբլը,   դառնում նրա  մենակատարուհին։  Մեկ տարի անց անսամբլի կազմում Արևը  մասնակցում է Մոսկվայում  անցկացվող  ադրբեջանական  արվեստի  տասնօրյակին։ Ավետիք Իսահակյանը տեսնելով նրա ելույթը, ծանոթանալով  նրա հետ՝  խորհուրդ է տալիս  տեղափոխվել  Հայաստան, և մեծ  բանաստեղծը դառնում է նրա համերգների մշտական  հաճախորդը։  1942 թվականից  Արևը  դառնում է  Հայֆիլհարմոնիայի  մենակատար, ստեղծում է  փոքրիկ  երաժշտախումբ։  Արտաքին  հմայք, բեմական  բնատուր  ունակություններ, աներևակայելի  աշխատասիրություն. այս ամենի  շնորհիվ  Արևը սեր, համընդհանուր  ճանաչում է  ձեռք  բերում։ 
Հուշ-երեկոն ունկնդիրներին  ծանոթացրեց  Արև Բաղդասարյանի  գործունեությանը  հատկապես Մեծ  Հայրենականի տարիներին։ Նա  իր խմբով մի քանի անգամ եղել է  89-րդ Հայկական  Թամանյան  դիվիզիայում, իսկ 1944-ին մեկ ամիս ելույթներ է  ունեցել  Կերչում։ Նվեր  Սաֆարյանն  իր  հուշերում  շեշտել է այն  խանդավառությունը, որով մարտիկներն ընդունել են  խմբի  ելույթները, որը մեծապես  նպաստել է  ռազմիկների մարտական  տրամադրության  բարձրացմանը, օգնել  հաղթանակին։ Հենց այս  համերգների  կազմակերպման  ժամանակ  արտիստուհին  ծանոթանում է  իր ապագա ամուսնու՝ մայոր  Կարո Ավագյանի  հետ։ 
Պատերազմից հետո  արտիստուհու  գործունեությունը  մի նոր շրջան  է թևակոխում . խաղացանկում  հայտնվում  են նոր երգեր ու պարեր, ելույթներ  Մոսկվայում  և  խորհրդային  երկրի  քաղաքներում։ Նրա արվեստի մասին  դրվատանքի  խոսքեր են ասել Մայա  Պլիսեցկայան, Հայկանուշ  Դանիելյանը, սիրով են արտահայտվել  Արամ  Խաչատրյանը, Մարտիրոս  Սարյանը, երգահան  Ալեքսանդր  Հարությունյանը, դիրիժոր  Էմմա  Ծատուրյանը,  արվեստաբան  Վահան Հարությունյանը,  գրաքննադատ  Վազգեն  Մնացականյանը։ Բանաստեղծները  նրան տողեր են ձոնել, ժողովուրդը նրան  կոչել է՝ ՙմեր Արևը՚։  1958-ից հետո սկսվում են  Արև  Բաղդասարյանի  շրջագայություններն  արտասահմանյան  երկրներ՝ Հնդկաստան, Լիբանան,  Վիետնամ, Բիրմա,  Չինաստան,  Կանադա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, որտեղ նրա  ինդոնեզիական  ազգային  պարը ցնցեց  դահլիճը և նվեր ստացավ տեղի ազգային տարազ, իսկ երկրի  նախագահն  այնքան  ոգևորվեց, որ  բեմ բարձրացավ և պարեց արտիստուհու  հետ։ Խորհրդային շրջանում հայկական  արվեստի տասնօրյակներն  այլ  երկրներում  անհնար էր  պատկերացնել  առանց  Արև Բաղդասարյանի  և իր   անսամբլի։  Յուրաքանչյուր  ուղևորություն  նրա խաղացանկը  հարստացնում էր տվյալ  երկրի որևէ պարով։ 
Արտասահման կատարած  մի այցելության  ժամանակ  Արևը  ծանոթանում է  արգենտինացի  կինոաստղ Լոլիտա Թորեսի հետ, որի  հյուրախաղերը  Հայաստանում  համընկան Արև Բաղդասարյանի  հոբելյանին, որտեղ սիրով  ներկայացավ  և հանդես եկավ  իր երգերի  կատարումներով։ Դրանից  առաջ Հայաստան կատարած մի այցելության ժամանակ, երբ աշխարհահռչակ արտիստուհին ցանկացավ հայկական մի երգպար սովորել, այն հանձնարարվեց Արև Բաղդասարյանին, որը նրան տվեց նաև ՙՆախշուն բաջիի՚ հագուստը, որով Լոլիտան հանդես է եկել Արգենտինայում։ րաքննադատ  Վազգեն Մնացականյանն Արևին բնութագրել է որպես եզակի և նուրբ լսողության տեր անձնավորություն, որ աշխարհն ընկալում էր սրտով ու հոգով, որ կարողանում էր յուրացնել այլ ժողովուրդների երգերն ու պարերը, հարստացնել նոր գույներով՝ ունկնդրին վերադարձնելու հազվադեպ ձիրքով օժտված։
Հուշերեկոյի ընթացքում հնչում էին արտիստուհու լավագույն կատարումների տեսաձայնագրությունները, որոնք խորապես արձագանքվում էին հավաքվածների կողմից ծափերով։
Երեկոյին եկել մասնակցում էր և իր երաժշտական կատարումներով (Բախ, Շուման, Կոմիտաս) ջերմ վերաբերմունքի արժանացավ արտիստուհու թոռը՝ Նարեկ Ավագյանը, որն իր երաժշտական ուսումը շարունակում է Շվեյցարիայում։ Նարեկի կատարումներին նվագակցում էր դաշնակահար, միջազգային մրցույթի դափնեկիր  Լիլիթ Մկրտչյանը։ Տաղանդավոր արտիստուհու տաղանդավոր թոռան ՙՈւզունդարա՚ պարի նվագն արժանացավ հանդիսատեսների օվացիային։ 
ՀՀ վաստակավոր արտիստ, նշանավոր թառահար Ռաֆայել Վարդանյանն իր ՙՄայր Արաքսի ափերով՚ կատարումը նվիրեց արտիստուհու պայծառ հիշատակին։
Արև Բաղդասարյանի ավանդույթների լավագույն շարունակող Մադլեն Ասրյանը, ով աշխատել է արտիստուհու հետ, և ինչպես ինքը նշեց՝ նրանից շատ բան է սովորել, կատարեց արցախյան ժողովրդական երգ ՙՆախշուն աքեր՚ը, ապա  ուրգեն աբրիելյանի հանրահայտ երգերից գրված ղարաբաղյան բարբառով՝ ՙԱյան մատաղ լաչին բոյիդ՚, ՙԴե յեր կացեք, պար եկեք՚։
Շուշիից Արուս Բաղրյանը կատարեց ՙՈւզունդարա՚ պարը, իսկ Վանքից Տաթևիկ ուրգենյանը՝ Սայաթ  Նովայի ՙՔամանչա՚ երգը։
Երեկոյին իր սրտի խոսքն ասաց ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը. ՙԵս փոքրուց եղել եմ Արև Բաղդասարյանի երկրպագուներից, սիրել եմ նրա հրաշք արվեստը։ Արտիստուհին իր ժանրում եղավ և՜ առաջինը, և՜ վերջինը։ Հաճախ էր գալիս Ղարաբաղ հյուրախաղերի, հպարտանում էինք նրանով, իսկ երբ վերջանում էին հյուրախաղերը, նրա արվեստի երկրպագուները մինչև Եվլախ մեքենաներով ուղեկցում էին։ Իմ խաղացանկում նրա երգերից կան, որը կատարում են նաև իմ սաները՚։ Այնուհետև Ն. Ալավերդյանը նմանակեց արտիստուհու ՙՆանեի երգը՚, ապա կատարեց ուրգեն աբրիելյանի ՙՂարաբաղի հորովելը՚։   
Բեմ հրավիրվեցին գեղանկարիչներ, ամուսիններ Վլադիմիր րիգորյանը և Ֆլորա Բաղդասարյանը, ովքեր հայտնի են իրենց գործերի նվիրատվություններով։ Նրանք  հատուկ Ղարաբաղի համար արված իրենց 4 գործերը հանձնեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին։ ՙՎստահեցնում եմ, որ այս գործերն իրենց արժանի տեղը կգտնեն Շուշիի արվեստի թանգարանում, բազմաթիվ նվիրատվությունների շարքում, ասաց նախարարը։ Այսօր Շուշիում, արտիստուհու ծննդավայրում, ստեղծվում է հոգևոր  մշակութային միջավայր, որը ծնունդ կտա նոր նշանավոր մարդկանց։ Շուշին արվեստի մեծերի հայրենիք է, իսկ Արև Բաղդասարյանը, որ մարմնավորել է շատ ժողովուրդների երգեր ու պարեր, դարձել է ազգային խորհրդանիշ՚։
Նշանավոր մոր մասին հետաքրքիր հուշեր պատմեց Կարեն Ավագյանը, որը նաև ՙԱյսպես էր ծագում Արևը՚ գրքի հեղինակն է։ Այն լույս է տեսել 2013թ. Երևանում։ Հեղինակը լայն շրջանակներ ընդգրկող աղբյուրների հիման վրա ստեղծվում է արտիստուհու պայծառ կերպարը։ րքի առաջաբանում Արև Բաղդասարյանին ներկայացնում է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։ 
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում, որտեղ ցուցադրված էին նաև  արտիստուհու ստեղծագործական կյանքն  արտացոլող լուսանկարներ՝ տեքստերով։
Տեղի ունեցավ նաև գրքի նվիրատվություն՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը և արտիստուհու  արվեստի երկրպագուներին, որոնց սիրով մակագրություն նվիրեց Կարեն Ավագյանը. ՙԱյս միջոցառումը երկար կարձագանքվի իմ հոգում՚, ասաց նա իր երախտագիտությունը  հայտնելով Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարություններին,  որ օժանդակեցին հայրենի երկրամասում մեծարելու արտիստուհու լուսավոր հիշատակը։ 
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ