Logo
Print this page

ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՊԱՐԸ

Sargis_1.jpgԾննդյան 90-ամյակի առթիվ
Չգիտեմ, թե ինչու է այնպես սովորություն դարձել, որ նայելով հուշարձաններին, մենք հազվադեպ ենք հարց տալիս՝ ովքե՞ր են դրանք ստեղծել։ Գուցե այդպես է լինում այն պատճառով, որ դրանցից լավագույններն օրգանապես մերվում են մեր կյանքին, դառնում մեզ շրջապատող բնության մի մասը։ 
Բայց հավանական է նաև այլ բան. միշտ չէ, որ հուշարձանի վրա տեսնում ես նրա հեղինակի անունը, իսկ եթե այն կա էլ, ապա՝ ինչ¬որ մի անկյունում և այնպես մանրատառ է փորագրված, որ հեշտ չէ նկատել։ Այսպես, Երևանի կենտրոնական զբոսապուրակներից մեկում գտնվող՝ Ավետիք Իսահակյանի հուշարձանն ամենքին է հայտնի, բայց որ դասական ավանդույթներով կատարված այդ ստեղծագործության հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է՝ քչերը գիտեն։ Դա վարպետի ավելի քան երեսուն հուշարձաններից մեկն է, ով կատարելապես առանձնահատուկ հոսանք է մտցրել հայկական մոնումենտալ արվեստի մեջ։
 
ՆՐԱ ԳՈՐԾԵՐՈՒՄ 
ՄԵՐ  20¬ՐԴ ԴԱՐՆ Է
 
Երբ մտածում ես Բաղդասարյանի մասին, երևակայությանդ մեջ հառնում է վարպետի ոչ բարձրահասակ ֆիգուրը՝ դիմագծերի կոպտավուն այրական որոշակիությամբ, առյուծային ալեհեր գլխով։ Աշխատելով՝ նա լայնորեն թափահարում էր կոշտուկավոր, կավի դեզերը հունցած ձեռքերը։ Բավական էր նայես արվեստանոցի նրա գործերը, որպեսզի հասկանաս. դրանք կբավականացնեին ոչ մեկ տաղանդավոր ու եռանդաշատ քանդակագործի։ Արդյո՞ք ժամանակ էր մնում իր համար, ստեղծագործելուց դուրս կյանքի համար։ Դժվար է ասել։ Բայց նկարիչների միությունում նա հաճախ էր հայտնվում, առավել ևս, որ վարպետի կենդանության տարիներին  այդ ստեղծագործական կազմակերպության կյանքը եռում էր՝ ինչպես երբեք։ 
1942 թվական։ Կարելի է այս տարեթիվն անվանել Սարգիս Բաղդասարյանի ստեղծագործական կյանքի սկիզբ։ Սկսելով նրանից, նա, փոփոխվելով՝ մնացել է նույն անկրկնելիորեն ներամբողջական վարպետը, բազում ամենաբազմազան քանդակագործական կերպարների ստեղծողը։ Դրանց թվում է և՜ քնարական դիմանկարը, և՜ դեկորատիվ արձանը, և՜ հակապատերազմական բովանդակությամբ հուզախռով կերպարը, և՜ երաժշտություն մարմնավորող կնոջ ֆիգուրը... Յուրաքանչյուր աշխատանքի վրա նրա ստեղծագործական անհատականության կնիքն է։ Դրանք տարբեր գեղարվեստական արժեք ունեն, բայց ոչ մեկը չկա, որ կատարված լինի սառը սրտով։ Որովհետև քանդակագործությունը նրա համար ճակատագիր է եղել, որից ողորմածություն չեն սպասում։ Այն կառուցում են ըստ սեփական ստեղծագործական հակումների՝ ունկնդիր լինելով ամենից առաջ սեփական ալեկոծ զգացմունքին։
Հավանաբար, այդ պատճառով նրա յուրաքանչյուր աշխատանքում, ինչպես և, ասենք, ամեն մի մեծ վարպետի, դրանից ինչ¬որ բան կա։ Եվ նրա ամբողջ ստեղծագործությունը, ինչպիսին որ այն այսօր բացվում է մեր առջև, ցնցող ուժ ու նմանություն ունեցող ինքնանկար է։ Ծանր խոհերի մեջ սուզված Պարույր Սևակի կերպարում, Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի վիթխարի ֆիգուրի մեջ, որն, ասես, Զանգեզուրի վրա համբարձվել է որպես վեհապանծ ուրվապատկեր, Կոմիտասի արձանի թրթռուն հոգևորության մեջ, քաջարի ղարաբաղցիների կերպարներում, նույնիսկ Դավիթ Բեկի կերպարանքում դրանք արարողի կերպարանքն է ապրում։ Եվ ինձ թվում է, թե նրա ամբողջ ստեղծագործությունը ոչնչի չի ենթարկվում, և այն պարզությունը, որն ուրիշ գեղագետներ գտնում են՝ համակարգ հայտնագործելով, նա գտնում է ինքն իր մեջ, ցանկացած կենսական երևույթի իր ընկալման մեջ, և անում է՝ ինչպես տեսնում և զգում է։
Ս. Բաղդասարյանի աշխատանքներում մի ամբողջ դար կա և այդ դարում գործող մարդիկ։ Դիտելով Բաղդասարյանի ՙԱնվեհեր կինը՚, նրա բազմաթիվ դիմանկարների շարքը, ՙԱրևելքն արթնանում է՚, ՙՓոթորիկ՚ կոմպոզիցիաները, ռուս¬հայկական բարեկամության, Մայիսյան ապստամբության հերոսների հուշարձանները, ՙՄրրկահավեր՚ կոմպոզիցիոն հարթաքանդակը, հասկանում ես, որ նրանք ապրում են դարաշրջանի կրքոտ, մոլեգին կյանքով, որը նրանց ստիպել է ծնունդ առնել։ Պետք է, որ միայն նրան իրեն հայտնի եղած լինի, թե ինքն ինչպես էր ըմբռնում կյանքը, որպեսզի նրանից կերպարների թանձրուկներ վերցնի։ Այստեղ էլ հայտնաբերում ես խոր հարազատությունը իրեն ծնած բնության, հողի հետ։
 
ԾՆՆԴՈՎ՝ 
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ
 
Սարգիս Բաղդասարյանը Արցախի ծնունդ է։ Բոլոր նրանք, ում հաջողվել է լինել այնտեղ, գիտեն, թե ինչքան գեղեցիկ է արցախյան հողն իր կոնտրաստների մեջ, ինչքան անկրկնելի է նրա պատկերը։ Նա չէր կարող դա մոռանալ, ինչպես  չեն մոռանում մոր ձեռքերը կամ մանկության աշխարհը։ Այդ զարմանալի լեռնաշխարհը՝ զարմանահրաշ գույներով ու վսեմությամբ առլեցուն, միշտ շողացել է նրա առաջ, ինչպես հավերժաբար բաց գիրք։
Ուր էլ  որ տարել են նրա կյանքի ճանապարհները՝ երևանյան դպրոցը, որտեղ նա սովորել է, Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատները, Երևանի գեղարվեստի ինստիտուտը, բազմաթիվ արտասահմանյան ուղևորություններ, ամենուրեք նա իր հոգում կրել է հարազատ հողի կերպարանքը, հավատարիմ եղել նրա խոր տվայտանքներին, նրա ապրած ցնցումներին, սիրուն, ցավին և ուրախությանը։
Արցախյան հողը միշտ է ունեցել քարի սքանչելի վարպետներ։ Նրանց տաղանդի ու աշխատասիրության մասին են խոսում այն աշխատանքները, որոնք կանգուն են հարյուրավոր տարիներ։ Դրանք շատ սերունդներ են տեսել՝ դառնալով վկայությունն այն բանի, թե ինչքան գեղեցիկ են վարպետների աշխատանքը, տաղանդը, երևակայությունը։ Հին վարպետների բազմադարյա փորձին հավատարիմ է նաև Բաղդասարյանը (նրա նախնիները քարտաշներ են եղել)։ Այդ պատճառով չի՞  արդյոք այնպես հաճախ ունկնդիր եղել հնամենի ձայներին, որոնք հնչում են նրա արյան մեջ։ Դրանով չի՞ արդյոք բացատրվում պատմության նրա խոր զգացողությունը։
Իսկ չէ՞ որ դա առանձնահատուկ տաղանդ է։ Ոչ ամեն նույնիսկ խոշոր գեղագետ է այնպես շոշափելիորեն զգում պատմությունը, ինչպես դա հատուկ է եղել Բաղդասարյանին։ Այդ զգացումն ի ծնե է։ Նրա հայրենիքի պատմությունը կոփել է արցախյան բնավորությունը, որն այնքան հասկանալի ու սրտամոտ է քանդակագործին։ Դարերի ընթացքում թիվ չի եղել այդ վսեմ հողի թշնամիներին։ Ղարաբաղցիները, իրենց կյանքը տալով, չեն ցանկացել թշնամուն տալ հարազատ հողը։ Նրանց համար կյանքն ու ազատությունը մեկ հասկացություն են եղել։ Նրանք միշտ արիաբար պաշտպանել են իրենց Հայրենիքը, միտքը, հույսը։
Ղարաբաղցու հպարտ, խիստ ու վեհ բնավորությունն էլ Բաղդասարյանն արտացոլել է իր ամենանշանակալի աշխատանքներում։ Դա ամենից առաջ այն վիթխարակերտ հուշարձանն է, որը բլրի վրա հառնել է Ստեփանակերտում։ Նրա անվանումը խորհրդանշական է՝ ՙՄենք ենք, մեր սարերը՚։ Ժայռի նմանվող (9 մետր բարձրությամբ) այդ քանդակի հզորությունն անհավատալի է թվում։ Գեղագետը լեռներն է գովերգել և նրանց զավակներին՝ տղամարդուն և կնոջը, որ քարի են նման։ Նրանք այն բնության մասնիկն են, որը շրջապատում է նրանց` խստաշունչ ու խոժոռահայացք, մեկը մյուսի վրա բարդված լեռների և հեռաստանները սքողող գորշ ամպերի։ Նրանք ինչ-որ բանով հիշեցնում են  և՜ ժամանակի, և՜ պատերազմների համար անմատչելի իրենց լեռները։ Այդ կերպարներն անմահության խորհրդանիշն են, որը կոչված է պաշտպանել կյանքի թրթռուն հուրը։ Այդ կոմպոզիցիայի խոր ու պայծառ իմաստը կայանում է ժողովրդի վերածնվելու հույսի մեջ՝ հակառակ նրան ոչնչացնելու բոլոր փորձերի։ 
 
ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ 
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
 
Ղարաբաղյան թեման Բաղդասարյանին թույլ է տվել արտացոլել իր աշխարհազգացումները, իր իդեալները, այն, ինչն անհանգստացնում էր նրան։ ՙՂարաբաղյան ընտանիք՚, ՙՄայր Ղարաբաղ՚, ՙԱնվեհեր  կինը՚ և մի շարք այլ գործեր շարունակում են ղարաբաղյան սյուիտը, որի մասին արվեստաբան Վ. Տիխոնովան գրել է. ՙՂարաբաղյան սյուիտը՚ ոչ միայն և ոչ պարզապես հատուկ թեմա է։ Դա ամենից առաջ գեղարվեստական կերպարի նոր կառուցվածք է, գեղագետի նոր քանդակագործական հայեցակարգը, որն իրականացվում է հասուն վարպետի թափով ու վստահությամբ՚։
Գլխավորն այդ աշխատանքներում մնում է բովանդակալիությունը։  Քանդակագործը համոզված է, որ արձանագործական լեզվի ամենաճարտար միջոցները երբեք չեն փոխարինի կենդանի կյանքի ուժին, ստեղծագործության մեջ ներդրված գաղափարների նշանակալիությանը։  
Բաղդասարյանի նշանակալի քանդակներից մեկը կանգնած է Կապանի կենտրոնում։ Դա ձիարձան է՝ նվիրված Դավիթ Բեկին։ Ինչպիսի՛ մոլեգնությամբ է սլանում ձին իր քաջարի ու հպարտ հեծյալի հետ, ով չի ճանաչում ոչ մի պատնեշ ու անջրպետ՝ ամբողջովին տրված խոյանքին, առաջշարժմանը. կյանքի անպարտելիության, խիզախության ու ազատության խորհրդանիշ։
Ս. Բաղդասարյանի ստեղծագործության առանձնահատկությունը, եթե խոսելու լինենք ձևի ասպարեզում որոնումների մասին, դա ինքնակայությունն է։ Հենց որոնումների՝ որոշակի հոսանքի շրջանակներում չտեղավորվող ինքնակայությամբ են բացատրվում որոշ ոճային անմիօրինակությունը, ձևի տարբեր մեկնությունը, նրա պայմանականության տարբեր աստիճանը։ Բայց մի բան քանդակագործի ստեղծագործության մեջ մնում է անփոփոխ. նրա քանդակների լիարյուն, պլաստիկորեն արտահայտիչ, ռեալիստական ձևը։
ՙՆորությունը ստեղծագործության մեջ նույնպես անհրաժեշտ է, ինչպես որ տերևների հայտնվելը յուրաքանչյուր գարնան,¬ ասել է քանդակագործը։¬ Բայց նորարարությունն անքակտելիորեն կապված է իսկականության, բնականության հետ։ Մեծ ուրախությունը և մեծ ցավը արվեստի գլխավոր ուժերն են՚։
Սարգիս Բաղդասարյանը, ինչպես և 20-րդ դարի շատ իսկությամբ արվեստագետներ, հիշողության բեռ ունի։ Նա նաև ջանացել է իմաստավորել և արվեստի մեջ, արվեստի կերպարների մեջ մարմնավորել պատերազմի թեման։ Հոգու մեծ լարումով է նա աշխատել Հունան Ավետիսյանի կերպարի, ղարաբաղցի ընկած ռազմիկների, չարդախլուեցիների հուշարձանի վրա։ Այդ աշխատանքներում նույն խստությունը, դրամատիկ յուրօրինակությունը, անողոք պարզությունն են, որոնք առկա են քանդակագործի քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող մյուս կերպարներում։
Ս. Բաղդասարյանին խորապես հուզել է հասարակության մեջ մարդու ստեղծագործական, քաղաքացիականության ավյունի ազատության մասին միտքը։ Այս համատեքստը համարյա միշտ ներշնչված է բնության, լեռների մասին խոհով, որոնք քանդակագործին շանթել են դեռևս մանկության ժամանակ և մնացել նրա գիտակցության մեջ։ Կրակոտ արտահայտչությունը վկայում է նրա հափշտակվածության, դինամիկ հայեցակարգին հավատարմության  մասին։ Դարի գաղափարներն ազդեցություն են ունեցել ինչպես քանդակագործի ոճի, պատկերման յուրաձևության, այնպես էլ այն թեմաների վրա, որոնք նա ընտրում էր։ Հոգևոր վերսլացքը, մտքի անկաշկանդությունը, զգացմունքները նա պատկերել է իր վերջին աշխատանքներից մեկում՝ Անդրեյ  Սախարովի կերպարում։ Նա ասես կրակից է ծնվում, բոցերից։ Քանդակագործը կերտում է անհնազանդություն, մտքի ուժ՝ թափանցելով մարդկային ոգու նվիրական խորքերը։ Նա ընդգծում է հպարտ արժանապատվությունը, նպատակասլացությունը։ Այդ կերպարի մեջ նրան առինքնում է նաև պոռթկումի անաղարտությունը, մանր շահերից հրաժարվածությունը։ 
Բաղդասարյանի այդ գործի հակադրությունն է ՙՀարյուրամյան՚։ Մեր առջև է աշխատավորի, օտարացած հայացքով, անկամորեն ցած թողնված ձեռքերով մարդու կերպարը։ Նրա դեմքը ոչ թե պարզապես հոգնաբեկ է կյանքից. այն բոլոր կողմերից այրված է նրանից, ասես ինչ-որ անգութ ձեռք է մխրճվել նրա ճակատագրի մեջ, ոնց որ ջրապտույտի մեջ՝ այնքան ծանր ու անսփոփ կյանք է ճառագայթում այդ կերտվածքը։ Նրա մարմինը խոշտանգված է տանջալից աշխատանքից, ամեն տոչորանքից...
Խորախորհուրդ իմաստով, հրապարակախոսականությամբ են առլեցուն վերջին տարիների շատ գործեր։ Հարավսլավական օդաչուների հուշարձանը, հայ ¬ հունգարական բարեկամության կոմպոզիցիան, ստալինիզմի զոհերի հուշարձանը և մի շարք ուրիշներ, որոնք կարելի է թվարկել, ցույց են տալիս, թե ինչքան անընդգրկելի է մնացել գեղագետի ստեղծագործական հետաքրքրությունների աշխարհը։
Հայաստանի ժողովրդական նկարչի աշխատանքները վաղուց են դուրս եկել հանրապետության սահմաններից և մշտական գրանցում ստացել արտասահմանում։ Նա եղել է արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից, շատ մրցույթների դափնեկիր։ Պրոֆեսոր Բաղդասարյանը շատ ուժեր ու եռանդ է նվիրել նաև երիտասարդ քանդակագործների դաստիարակմանը։ Իսկ իր աշխատանքներում մինչև  կյանքի վերջը շարունակել է տանջալիորեն դժվարին ընթացքը առավել համապատասխան ձևերի որոնումներում։ 
 
ՙԳոլոս Արմենիի, 
դ 78, 2013թ.  
Նատալյա ԳՈՄՑՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.