[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Sirvard_1.jpgԱյս տարվա ապրիլի 3-ից Ստեփանակերտ քաղաքում գործում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերի իրագործման կենտրոնը։ Հնգամյա շարունակական կրթական ծրագիրը հովանավորվում է Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից և նպատակ ունի խթանել տնտեսական, ակադեմիական, մասնագիտական և անձնական կրթական աճը։
Ծրագիրն առաջարկում է նաև անգլերենի վեց մակարդակի մատչելի դասընթացներ՝ երկամսյա ժամկետով։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ԼՂՀ ծրագրի համակարգող Նոնա Պողոսյանի իրազեկմամբ՝ բացի անգլերենի դասընթացներից և 4 վկայական տվող ծրագրերից, անց են կացվում նաև ավագ դպրոցների, համալսարանների անգլերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Ներկա դրությամբ արդեն վերապատրաստվել են 350 անձինք՝ ինչպես անգլերենի, այնպես էլ մենեջմենթի ու այլ գծով։
Արդեն երրորդ անգամ է՝ ԼՂՀ կառավարության համար անց են կացվում անվճար դասընթացներ՝ հասարակական հատվածի կառավարում, բիզնես կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլ թեմաներով։ Համագործակցում են նաև ԼՂՀ Ազգային ժողովի ու տարբեր նախարարությունների հետ՝ ակնկալելով նաև հատուկ թեմաներ՝ իրենց իսկ ընտրությամբ ու հետաքրքրվածությամբ։
Ամերիկյան համալսարանից հրավիրվում են պրոֆեսորներ (ըստ մասնագիտության ու ընտրված թեմայի), որոնք շատ մատչելի դասախոսություն են ընթերցում համապատասխան լսարանի առջև։
Ըստ Նոնա Պողոսյանի տեղեկատվության՝ իրենք իրագործում են նաև չորս մեծ սերտիֆիկատ-ծրագիր (այսինքն՝ վկայագրեր տվող ծրագիր), որոնք յուրացրած ուսանողները ստանում են Ամերիկյան համալսարանի սերտիֆիկատ-վկայական, ինչը հավասարազոր է թերի (կես) մագիստրոսի կոչմանը։ 
Շարունակական կրթության ՙՀանրային քաղաքականության մշակում և կառավարում՚ ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ ոլորտները. կառավարություն, բիզնես և հասարակություն փոխհարաբերություն, հանրային քաղաքականության վերլուծություն և գնահատում, մարդը  հասարակական կազմակերպություններում, հանրային ֆինանսական կառավարում, սոցիալական քաղաքականություն և քաղաքաշինություն, հանրային ոլորտի ռազմավարություն, արդյունավետության հաշվարկ և կառավարում, ինչպես նաև հանրային վարչության ավարտական դասընթաց։ Ուսումնական ծրագիրը կողմնորոշված է քաղաքականության կերտմանը և վարչական գործընթացների հիմնական բաղադրիչների դիտարկմանը, ծրագրերի նախագծմանն ու գնահատմանը և քաղաքականության վերլուծությանը։ Ծրագրի նպատակն է վերապատրաստել ներկա և ապագա օրենսդիրներին, ինչպես նաև հասարակական և ոչ առևտրային սեկտորների ղեկավարներին՝ հանրային ոլորտի խնդիրների նորարարական լուծումներ նախագծելու և իրագործելու համար։ Դասընթացները պետք է ուսանողներին պատվաստեն խնդիրներն ու հնարավորությունները բացահայտելու վերլուծական, ինչպես նաև այդ հնարավորությունները քննելու և լավագույն լուծումներ առաջարկելու հմտություններ։
Այն անձանց, ովքեր ցանկանում են լինել արդյունավետ և ռազմավար գործարար կառավարիչ-գործադիր, ՙՍտրատեգիական բիզնես կառավարում՚ ծրագիրը կօգնի իրականացնել իրենց նպատակները։ 
ՙԳործադիր առաջնորդություն՚ ծրագիրը նրանց համար է, ովքեր պատրաստ են մարտահրավերների և ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները բիզնեսում կամ այլ ձեռնարկումների մեջ հաջողակ ղեկավար դառնալու համար։ Այս դասընթացներն իրենց մեջ ներառում են հետևյալ գլխավոր սկզբունքները. ՙԹիմային ոճի աշխատակերպի առաջնորդում, հաղորդակցում ղեկավարների համար, ֆինանսական վերլուծություններ գործադիրների համար, խնդիրների լուծում և որոշումների կայացում, հակասությունների լուծում, տարբեր մշակույթների կառավարում, գործադիր առաջնորդություն և այլն՚։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ստանալ նոր կամ խորացնել եղած գիտելիքները զբոսաշրջության առանձին թեմաների շուրջ, կարող են օգտվել ուսուցման ճկուն տարբերակից։ Գրանցվելով և հաճախելով ՙԶբոսաշրջություն և հյուրասիրության կառավարում՚ դասընթացին,  կսովորեն զբոսաշրջության զարգացող ոլորտում հաջողության հասնելու համար հիմնական բառապաշարը, հասկացությունները, սկզբունքներն ու ընթացակարգերը։ Ծրագիրը նաև ապահովում է բիզնես կառավարման ամուր հիմքեր՝ առաջարկելով այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են վաճառքի կառավարում, հասարակայնության հետ կապեր, մարքեթինգ, ձեռներեցություն, ծառայությունների որակի կառավարում և այլն։
Վերոնշյալ հավաստագրեր շնորհող ծրագրերին կարող են դիմել բակալավրի կամ դրան համարժեք աստիճան ունեցողները։ Բակալավրի աստիճան չունեցողները կարող են մասնակցել առանձին դասընթացների, հետո միայն դիմել ծրագրին։ Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության ծրագրով, կարող են իրենց դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել Ազատամարտիկների փողոց 6 հասցեով (Ստեփանակերտի հ. 3 դպրոցի շենք)։ Դիմումները քննարկվում են միայն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում։ 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ