[ARM]     [RUS]     [ENG]

ՙՈՐ ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԻ՚

116.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 16-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում բացվեց քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որ նախատեսել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 
Պապովյանը հայ ժամանակակից արձանագործության մեջ աչքի է ընկնում իր ինքնատիպ ոճով։ Նա մետաֆորի, այլաբանության, գրոտեսկի հնարամիջոցներով մարմնավորում է  մարդու էությունը։ Նրա գեղագիտության փիլիսոփայական ուղղվածությունը չարն արմատախիլ անելն է և բարության, բնականի, ներդաշնակի հաստատումը։ ՙՈգեղենացման ճանապարհն ընտրած արվեստագետի հորիզոնը չափազանց լայն է, արդիաշունչ, բարոյականության բարձր ոլորտներում, հստակ ձևակազմությունների մեջ, մարդու գոյաբանական առեղծվածները որոնելիս։ Հումորը և ողբերգական ժպիտը, բարու և չարի մշտնջենական բախումը, կյանքի աբսուրդն ու գոյության իմաստը. հարցեր, որոնք մտահոգում են նրան ողջ ստեղծագործական կյանքում՚ ,- քանդակագործի մասին գրել է արվեստաբան Պողոս Հայթայանը։ 
Ցուցահանդեսի հեղինակն անհատական ցուցադրություններ է ունեցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (1980թ.), Փարիզի ՙԿանց ակումբում՚, ՀՀ նկարիչների միությունում, Հայաստանի դեսպանատանը Փարիզում, Գերմանիայի  Ուլմա քաղաքի ՙՄշակույթի կենտրոնում՚։ Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Ռիգայում, Բուդապեշտում, Ավստրիայում, Սուդանում, Սանկտ Պետերբուրգում, Իտալիայում։ Չորս անգամ մասնակցել է Լատվիայում կայացած՝ քանդակի միջազգային սիմպոզիումների, մեկական անգամ՝ Արցախում և Երևանում։
Ծնվել է Բաքվում, 1941թ., 1971-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1974 թվականից ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։ Ստորև ներկայացնում ենք մեր ճեպազրույցը Ա. ՊԱՊՈՎՅԱՆԻ  հետ։ 
 
¬ Ձեր ստեղծագործական հավատամքը։
- Ես բնությունից շատ բան եմ վերցնում և արտածում իմ արվեստում։
- Ձեր արվեստի թեմատիկան։
- Պատմական թեման ինձ գրավում է։ Երբ ես եկա Հայաստան, գրեթե ոչինչ չգիտեի հայ ժողովրդի, նրա պատմության մասին։ Պատմության թանգարանում ՙսնվեց՚ իմ ստեղծագործական և քաղաքացիական իմացությունների շրջանակը։ Ստեղծեցի մի շարք աշխատանքներ, օրինակ՝ ՙՃիչը՚, դա իմ ժողովրդի ցավն է։ ՙՀեծյալը՚ դարձյալ պատմական թեմայով է. հեծյալը սրով պաշտպանվում է։ Ես սրա մի տարբերակն էլ ունեմ՝ հեծյալը առանց սրի։ Խորհրդային գաղափարախոսությանն եմ տուրք տվել իմ այս գործում. միայն պաշտպանվել կարելի է։ Ժողովրդի ճակատագրի թեման շարունակվում է ՙԽաչելություն՚¬ում։ Ի դեպ, այս գործն ուզում եմ նվիրել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին։ Այս շարքին է պատկանում նաև ՙՎերածնունդ՚ գործը։ Արցախի գերբով քանդակն արել եմ Ղարաբաղյան շարժման սկզբում։
¬ 1996-ին Դուք մասնակցել եք արցախյան քանդակի սիմպոզիումին, և Ձեր քանդակը տեղադրված է քաղաքի կենտրոնի մի փոքրիկ պուրակում։ 
- Այո։ ՙԵրեխաներն ավանակի վրա՚. այս անվանումն է կրում։ Ես շատ անգամ եմ եկել Արցախ, նաև խորհրդային տարիներին։ Արցախի ազատատենչ ոգին,  կարելի է ասել, զնգում է իմ բոլոր գործերում։ Արցախն ինձ միշտ ոգեշնչել է։ Այստեղ իմ ակունքներն են։ 
- Ձեր արմատները։
- Իմ պապերը Շուշիից են։ Բայց ծնողներս ծնվել են Թուրքմենիայում, հետո տեղափոխվել են Բաքու։
- Ձեր ազգանվան պատմությունը։ 
- Անկերծ ասած՝ ստույգ չգիտեմ։ Գուցե և  Տերտերյան է եղել։ Երբ տեղափոխվեցի Հայաստան, ՙյան՚ մասնիկը ավելացրի, Բաքվում խորհրդային տարիներին հայկական ազգանունները խեղաթյուրվում էին։
- Ինչպե՞ս եղավ, որ տարվեցիք քանդակագործությամբ։
- Բաքվում ապրելու ժամանակ սիրում էի շրջել ու դիտել քաղաքի քանդակները, շենքերի ճարտարապետությունը։ Նայում ու հիանում էի և փոքրուց պլաստիլինով ՙքանդակում էի՚։ Ուսումս շատ ուշ եմ սկսել, բայց գիտակցաբար։ Երբ ընկերներս իրենց թույլ էին տալիս տրվելու զվարճանքներին, ես ինձ համար քանդակում էի։
- Ի՞նչ նյութով եք սիրում աշխատել։
- Բոլոր նյութերն էլ սիրում եմ, բայց քանի որ Երևանում տունս բազմահարկ շենքում է, ես ստիպված եմ ավելի շատ աշխատել բրոնզով։
- Ցուցադրանքում ազգային ձևով ու բովանդակությամբ գործեր կան։ Ազգայինի և համամարդկայինի սահմանները։
- Այն, ինչ մարդկային է՝ և՜ ազգային է, և՜ համամարդկային։ Ես սիրում եմ իմ ազգը, սա ազգայինն է, բարությունը, սերը համամարդկային արժեքներ են նաև արվեստում։ 
- Արվեստում Ձեր ասելիքը։
- Որ մարդը բարի լինի։ Որ չարությունը արմատախիլ արվի։ Որ մարդը իր հայրենիքը սիրի ու պաշտպանի։ Շատ և շատ բաներ։
- Ինչպե՞ս է ծնվում քանդակը։ 
- Տարբեր ձևով։ Շատ անգամ ծնվում է, երբ մութ է և խաղաղ, մի քանի վայրկյանում մտքերիս մեջ ձևավորվում է...
- Կենդանիների քանդակները կարծես շատ են ցուցադրանքում։ 
- Խորհրդային տարիներին կենդանիներ շատ եմ քանդակել, բայց տեսեք, բնության մեջ նրանք այդպիսին չեն։ Մարդու մեջ կենդանականը կա, և ընդհակառակը։ Սա կյանքն է, կա մարդ-առյուծ, կա մարդ, որ նման է այծի... Այդպես է, չէ՞... Ես չեմ սիրում բնությունից նույնությամբ կրկնօրինակել։ Ես սիրում եմ... ստեղծել։
- Ժամանակի Ձեր զգացողությունը։
- Ժամանակն արվեստագետի համար բարենպաստ է՝ ստեղծագործելու առումով։ ՙՖրեյդը՚ և ՙԷներգիա՚ քանդակները ստեղծել եմ վերջին շրջանում։ Քանդակն ավարտին հասցնելու համար երկար ժամանակ է պետք։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ