[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱԽՄԱՏԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ԴՊՐՈՑՈՒՄ

DSCN0581.jpgՆախանցած ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական կրտսեր դպրոցում մտցվեց շախմատ առարկան։ Արցախում այն սկզբում միայն Ստեփանակերտի հ. 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի ուսումնական ծրագրերում ներառվեց փորձնական կարգով, իսկ անցած ուստարվանից՝ հանրապետության բոլոր դպրոցներում։ 
Դասավանդող ուսուցիչների ընտրությունը Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնագետները համապատասխան քննության արդյունքում կատարել են Արցախի շախմատասեր ուսուցիչներից և շախմատիստներից, որոնց համար նաև վերապատրաստումներ կազմակերպվեցին և նրանց տրվեց մեկ տարվա դասավանդման իրավունք։
Օգոստոսի 12-18-ը Ստեփանակերտի հ. 2 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատ առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հրավերով արցախցի ուսուցիչների համար դասընթացներ վարեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի մի խումբ մասնագետներ. մարզիչներ՝  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Միսաքյանը (խմբի ղեկավար),  Անդրանիկ Սասունյանը, Արշակ Ռամազյանը, հոգեբաններ` Երևանի պետական համալսարանի ասպիրանտ Սոնա Պողոսյանը, ԼՂՀ ԿԳՆ գլխավոր մասնագետ Լուսինե Ղարախանյանը։ 
Ավելի քան 200 ուսուցիչներ, ըստ շրջանների, տարբեր լսարաններում տեսական ու գործնական պարապմունքներ անցան մասնագետների հետ։
Ինչպես տեղեկացրեց Ս. Միսաքյանը, դասընթացների նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել հիմնականում  3-րդ դասարանի ծրագրերի հետ. այս ուսումնականում երկրորդ դասարանի հետ միասին նաև 3-րդ դասարանում կուսումնասիրվի շախմատ առարկան։ Դասընթացների հենց սկզբում ուսուցիչներին տրամադրվեցին դասագիրք, մեթոդական գրականություն՝ ուսուցչի ձեռնարկ, ուղեցույց, գրավորների տետրեր, և մինչև սեպտեմբերի 1-ը նրանք կհասցնեն լիարժեք ծանոթանալ նյութին։
Ինչպես նշեցինք, շախմատի դասախոսների հետ մեկտեղ ուսուցիչներին դասավանդում են նաև հոգեբաններ։ Ս. Միսաքյանի խոսքով, քանի որ շախմատը կրտսեր դպրոցում փորձաշրջանի փուլով են անցնում և չկան համապատասխան բուհական կրթություն ստացած պատրաստի ուսուցիչներ, օգնությունը ինչպես շախմատիստների, այնպես էլ հոգեբանների կողմից կարևոր է։ Ս. Միսաքյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում  ստեղծվել է շախմատի և սպորտի ամբիոն` Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ։ 
Վերոնշյալ հոգեբանների խոսքով`  նպատակ ունեն ուսուցիչներին ծանոթացնել նաև կրտսեր տարիքի դպրոցականների հոգեբանական առանձնահատկություններին, նրանց զարգացման մակարդակին, ունեցած կամ հավանական խնդիրներին, որպեսզի ուսումնական գործընթացը կազմակերպեն նրանց ընդունակությունները հաշվի առնելով, և, ամենակարևորը` ուսուցիչների հետ քննարկել դասավանդման արդյունավետության բարձրացման միջոցները։ 
Հոգեբանների տեղեկացմամբ` իրենք ուսումնասիրություններ են կատարել կրտսեր դասարաններում շախմատի ազդեցությունն իմանալու համար։ Պարզվել է, որ  երկրորդ դասարանում, որտեղ անցնում են շախմատ առարկան, երեխաների տրամաբանությունը և ստեղծագործական կարողություններն ավելի բարձր են, քան 3-րդում, որտեղ չեն ուսումնասիրում շախմատը։ Մինչդեռ տարիքային դինամիկ օրինաչափությամբ հակառակը պիտի լիներ, պնդում են հոգեբանները`  ավելացնելով, որ մեկ ուրիշ հանգամանք էլ կա` ուսուցչի գործոնը։ Այն ուսուցիչը, որը դասի ժամանակ ցուցաբերում է ստեղծագործական մոտեցում և կիրառում  արդյունավետ միջոցներ, կարողանում է զարգացնել երեխաների մտածողությունը։ 
Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչների կարծիքն արցախցի ուսուցիչների մասին բարձր է։ Մեզ հետ ունեցած զրույցում բոլորն էլ լավ արտահայտվեցին նրանց սովորելու, գիտելիք ստանալու ձգտման մասին։ Ուսուցիչները նույնպես իրենց գոհունակությունն արտահայտեցին դասընթացներից։ Չնայած նրանք հիմնականում սիրող շախմատիստներ են` տարբեր մրցությունների մասնակցած, բայց մանկավարժամեթոդական գիտելիքների կարիք ունեն, ինչն էլ ստացան։
Մեր այն հարցին, թե Արցախը երբևիցե կդառնա՞ շախմատային երկիր, մարզիչներից Ա. Ռամազյանը պատասխանեց. ՙՇախմատը միանգամից չի կարող առաջ գնալ։ Դա գործընթաց է։ Դրա համար շախմատային միջավայր պետք է լինի։ Շախմատում հիմնականում երեք գործոն կա՝ աշխատասիրություն, կամք և Աստծո կողմից տրված շնորհ։ Այստեղ կամք, աշխատասիրություն տեսանք, Աստված էլ եթե ողորմած լինի շնորհի հարցում (ինչը չենք կասկածում, ղարաբաղցին օժտված է բնատուր խելքով), հաղթանակներ անպայման կլինեն՚։ 
Շախմատի մասնագետները տեղեկացրին նաև, որ տարվա ընթացքում իրենք կհետևեն ուսումնական գործընթացին։
Դասընթացների վերջում ուսուցիչները քննություն հանձնեցին շախմատ առարկան դասավանդելու իրավունք ձեռք բերելու համար։ Իսկ նրանք, ովքեր անցյալ տարվա վերապատրաստումների արդյունքում ստացել էին մեկ տարվա իրավունք, վերահաստատեցին այն։
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ