Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ամառն իր ավարտին է մոտեցել, սակայն,. դպրոցական, ուսանող պատանիներն ու երիտասարդներն իրենց հանգիստն են անցկացնում, մասնակցում ամենատարբեր մշակութային ու մարզական միջոցառումների՝ զուգակցելով հաճելին օգտակարի հետ։
Հերթական ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ողջունելով հյուրերին ու ճամբարականներին՝ ճամբարի պետ, ԱԱՄ ՙՀայրենյաց պաշտպան՚ երիտասարդական կազմակերպության նախագահ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ իրենց ճամբարը յուրօրինակ է. այստեղ կազմակերպության գաղափարներն առավել ընդգծված են սերմանվում երիտասարդության շրջանում։ Արդեն 8 տարի անընդմեջ կազմակերպվող 7¬օրյա  ճամբարաում  հանրապետության բոլոր շրջաններից ընդգրկված 135 երիտասարդներ հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ, փոխանակելու այդ տարիների ընթացքում ձեռք բերած հասարակական գործունեության փորձը, հանդիպելու մի շարք պաշտոնական անձանց հետ։ Ասվեց նաև, որ նրանք իրենց գործուն մասնակցությունը կունենան Պաշտպանության բանակում կատարվող ինժեներական աշխատանքներին։
Ողջույնի խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ճամբարականներին հորդորեց  լինել նպատակամետ, ակտիվ մասնակիցը երկրի պետականակերտման՝ ակտիվ հանգիստը զուգակցելով հետաքրքիր, բովանդակալից  ու նպատակային միջոցառումների հետ։ Ըստ բանախոսի՝ նաև երկխոսելու հետաքրքիր առիթներ կլինեն, ու ձեռք կբերվի ապագա բոլոր փորձությունները հաղթահարելու վճռականություն։ ԱԺ նախագահը  շնորհավորեց երիտասարդներին ընձեռված բարեպատեհ առիթի համար ու հաջողություն մաղթեց  ապագա բոլոր ձեռնարկումներում։
ՙՃամբարում ձեռք բերածն, անշուշտ, հիմք կդառնա ձեր հետագա գործունեության ընթացքում։ Դուք ճամբարին հրաժեշտ կտաք ֆիզիկապես ու հոգեպես առավել կոփված։ Ձեր ակտիվությունից ու համախմբվածությունից շատ բան է կախված՚,- այս խոսքերով ու բարեմաղթանքներով ճամբարականներին ողջունեց ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը՝ հույս հայտնելով, որ երիտասարդները ոչ միայն այսօր ու վաղը, այլև մեկընդմիշտ կլինեն ակտիվ ու նպատակասլաց, հատկապես երկրի պաշտպանության գործում, և հարեհաս կլինեն այն բոլոր խնդիրներին, որոնք առաջադրվելու են պետության կողմից։ 
ՊԲ  ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանը, ճամբարականներին ողջունելով բանակի հրամանատարութան անունից՝ մաղթեց նպատակների հաջող  իրագործում։  Նրա խոսքերով՝  մեր երիտասարդներին բախտ է վիճակվել ապրելու մի այնպիսի ժամանակաշրջանում ու տարածաշրջանում, որտեղ նրանք երիցս պարտավորված են պատրաստ լինելու երկրի պաշտպանությանը և  հավատարիմ՝ նրա համար պայքարելու սրբազան ուխտին։ ՙՄենք պետք է հաստատակամ քայլերով շարժվենք առաջ, և դուք, որ այս պահին ձեր հագուկապով մարմնավորում եք մեր եռագույնը,  վստահություն եք ներշնչում բոլորիս և, առաջին հերթին՝ վստահություն առ գալիքը՚,- ասաց Ն. Մկրտչյանը։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանի ելույթի առանցքում արտաքին սպառնալիքներին դիմակայելու խնդիրն էր, մտավոր զարգացած, ֆիզիկապես ու հոգեպես կոփված երիտասարդության կամային որակներն ու նրանց նպատակաուղղված հայրենասիրական դաստիարակության շարունակական գործընթացները։
Իսկ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը, ով ականատես է եղել տարբեր տարիների ճամբարում ընդգրկված երիտասարդների կարողություններին, նրանց կատարած ինժեներական աշխատանքներին ու զենքին տիրապետելու փորձառությանը, մաղթեց, որ նրանց փորած խրամատներում միայն ծաղիկներ աճեն, իսկ կրակային կարողություններն  օգտագործեն միայն խաղաղ զորավարժություններին։
Ճամբարի բացման հանդիսավոր արարողության ավարտին զրույցի հրավիրեցինք օրվա հերոսներին՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն ջոկերից.
Արթուր ԱՌՍՏԱՄՅԱՆ, Հադրութի շրջան (կարմիր ջոկից). - Սպասելիքներս շատ են, ինչպես և նախորդ ճամբարների ընթացքում՝ դրանք միշտ իրականանում են։ Երբ գալիս է ճամբարին հրաժեշտ տալու ժամը, տխրում ենք և միշտ խնդրում երկարաձգել այն։ Ե՜վ հաճելի հանգիստ ենք անցկացնում, և՜ օգտավետ գործով զբաղվում։ Հպարտ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ թեկուզ մի փոքր խրամատ փորելով, հպարտ ենք նաև, որ ՙՀայրենյաց պաշտպան՚ պատվանունն ենք կրում։ Մեր հոգուն հարազատ ու մեր սրտին մոտ են այն բոլոր աշխատանքները, որ կատարում ենք ի սեր և ի շահ հայրենիքի... Մենք ինժեներական աշխատանքներ ենք կատարելու պաշտպանական բնագծերում, մասնակցելու ենք մարզական ու մշակութային միջոցառումների, կատարելու ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է զարգացած, ճկուն, ֆիզիկապես կոփված ՙՀայրենյաց պաշտպան՚ լինելու համար։
Վարդգես ՄԱՆՈՒԿՅԱՆ, Շահումյանի շրջան (կապույտ ջոկից). - Առաջին անգամ եմ ճամբարում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար, և դա բոլոր իմ ընկերների անունից եմ ասում։ Դեռ ամեն ինչ նոր է սկսվում, բայց արդեն աշխուժություն կա, մթնոլորտը ջերմ է, ընկերական ու բարեկամական։ Նոր ծանոթություններ ենք հաստատում, մտերմանում իրար և անհամբեր սպասում առաջին գիծ մեկնելուն։ Կաշխատեմ արդարացնել ճամբարի կազմակերպիչների սպասելիքները, որ մյուս անգամ էլ  ընդգրկվեմ ճամբարականների կազմում։
Նելլի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Շուշիի շրջան (ծիրանագույն ջոկից).- Արդեն վեցերորդ տարին է, ինչ մասնակցում եմ ՙՀայրենյաց պաշտպան՚ ռազմամարզական ճամբարին... Թող տարօրինակ չթվա, բայց ես հարմարվել եմ և՜  առավոտյան ստուգականչին, և՜ հրաձգությանն ու տարբեր մարզական միջոցառումների կազմակերպմանը։ Ինձ լիարժեք ՙՀայրենյաց պաշտպան՚ եմ զգում... Ես համամիտ չեմ, երբ ասում են, թե հայրենիքի պաշտպանոթյունը տղաների գործն է։ Ձգտում ենք ոչնչով ետ չմնալ տղաներից, օր օրի հմտանում  ռազմական գործում, և դա  մեզ պատիվ է բերում... Ես վստահ եմ, որ այս օրերի ընթացքում մենք մեծ առաջադիմություն ենք ցուցաբերելու բոլոր միջոցառումների ընթացքում, այդ թվում նաև՝ հրաձգության ժամանակ... 
Գևորգ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Քաշաթաղի շրջանի ՙՀայրենյաց պաշտպան՚ կազմակերպության պատասխանատու.- Ճամբարին ներկայացել ենք մասնաճյուղի 15 երիտասարդներով՝ 7 աղջիկ և 8 տղա։ Նրանցից շատերն արդեն հին մասնակիցներ են, իսկ նորերը լսելով՝ ցանկություն են հայտնել միանալ մեզ, մենք էլ ընդառաջել ենք։ Նրանց ոգևրությունն ինձ ուրախացնում է, մեր տղաներից շատերը դեռ չեն ծառայել բանակում, սակայն արդեն պատրաստի զինվորներ են... Աստված մի արասցե, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նրանք պատրաստ են պաշտպան կանգնելու մեր սրբություններին։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին բացառիկ հնարավորության համար և պարտավորված՝ ինքնադրսևորվելու լավագույն կողմերով։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ