[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐԾՎԱԲԵՐԴ՚ ՕՊԵՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին Արցախում՝ Շուշի քաղաքում, նշանակալից իրադարձություն կկատարվի՝ տեղի կունենա Անդրեյ  Բաբաևի (Բաբայան) ՙԱրծվաբերդ՚ օպերայի արցախյան առաջնախաղը։ Այն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում 1957 թվականի նոյեմբերի 3-ին։ Առաջնախաղը դարձել է Անդրեյ Բաբաևի ստեղծագործության գագաթնակետը, քանի որ նա դեպի այն է գնացել իր ամբողջ կյանքում։
Անդրեյ Բաբաևն իր տարրական երաժշտական կրթությունն ստացել է Արցախում։ 10 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Բաքու, և նա այնտեղ ընդունվեց երաժշտական ուսումնարան՝ ժողովրդական գործիքների (թառ) բաժինը, իսկ ավելի ուշ՝ նույն ուսումնարանի կոմպոզիտորական բաժինը։ Պատանի երաժշտի առանձնահատուկ բնական ձիրքը, նրա կատարողական ու ստեղծագործական հաջողությունները մեկ տարի անց նրան տարան Բաքվի կոնսերվատորիան, որից հետո նա ուսումը շարունակեց Մոսկվայում, Պ.Ի.Չայկովսկու անվան Պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Յուրի Շապորինի ղեկավարությամբ։
Նրա առաջին ստեղծագործություններն արդեն Մոսկվայի երաժշտական հասարակայնության ուշադրությունը գրավեցին։ Դրանք էին՝ Դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար տրիոն, Լարային կվարտետը, Երկու դաշնամուրի համար ֆանտազիան, Սյուիտ¬ֆանտազիան, Կոնցերտային ռապսոդիան և մի շարք այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Անդրեյ Բաբաևին մեծ հռչակ բերեցին նրա սքանչելի երգերը, ինչպես նաև բազմաթիվ հայկական, տաջիկական, թուրքմենական և այլ երգերի ու պարերի շարքը։ Սակայն նրա գլխավոր երազանքն է եղել երաժշտական թատրոնը. նա պատանությունից է երազել օպերա գրել, քանի որ նրա երաժշտական լսողությունը հագեցած էր հարազատ երկրամասի՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մսմնա գյուղի վառ կոլորիտային երգասացությամբ։ Այստեղ երբեք չի լռել ժառանգական հայկական երգը, որը կապված է ժողովրդի ավանդույթների և ծեսերի հետ։ Այդ երգերն ու պարերն ընդմիշտ մնացել են տպավորվող ու բնականից տաղանդավոր պատանու հիշողության մեջ։ Գումարած, որ երեխա ժամանակ էլ նա գյուղում սովորել է թառ նվագել, և դա էլ եղել է այն ամուր թելերից մեկը, որը նրան կապում էր իր երաժշտական ակունքների հետ։
Ստանալով փայլուն երաժշտական կրթություն, ներշնչելով խորհրդային արվեստի ինտերնացիոնալիստական լայն ոգին՝ նա մոտեցավ իր համար գլխավոր խնդրին ու երազանքին՝ գրել օպերա։ ՙԱրծվաբերդը՚ գրելուց առաջ,¬ ասել է Անդրեյ Բաբաևը,¬ ես մանրազնին ուսումնասիրել եմ իմ հարազատ հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը՝ ձգտելով ավելի մերձենալ նրա ստեղծագործության ակունքներին, որը Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Արմեն Տիգրանյանի սքանչելի ստեղծագործությունների հիմք է ծառայել՚։ Օպերայի համար թեմա ընտրելն արտակարգ դժվար էր։ Այն ժամանակ երիտասարդ կոմպոզիտորի ժամանակակից օպերան պետք է կապված լիներ երկրի կյանքի հետ, պատմեր սոցիալիզմ կառուցող ժողովուրդների կյանքի իրադարձությունների մասին։ Դրամատուրգիական հանգուցալուծումը պետք է զարգանար աշխատանքային կոլեկտիվում, գյուղում կամ գործարանում, ինչը եղել է այն տարիների ստեղծագործությունների առաջատար գաղափարախոսական գիծը։
Անդրեյ Բաբաևի ՙԱրծվաբերդ՚ օպերան, որը գրվել է Նաիրի Զարյանի ՙՀացավան՚ վեպի հիման վրա (լիբրետոն՝ Զավեն Վարդանյանի և Գուրգեն Բորյանի), վերաբերում է կոնկրետ ժամանակի՝ 30-ական թվականների դժվարին ժամանակաշրջանին, խորհրդային կոլեկտիվիզմի կողմնակիցների և հակառակորդների միջև պայքարին։ Չնայած, որ օպերայի բովանդակությունն արտացոլում էր այն ժամանակվա առանձնահատուկ գծերը, նրա մեջ սիրո, բարու և չարի պայքարի հավերժական թեմաների առկայության, ժողովրդական իմաստնության հաղթական ուժի հաստատման շնորհիվ այն  հրատապ է նաև մեր օրերում։ Օպերայի նոր բեմադրությունում մենք ղեկավարվել ենք երաժշտության գեղեցկությամբ ու հարստությամբ, որն արժանի է բեմի վրա հնչել նաև այսօր։ 
Հիմնվելով  հայկական  դասական  օպերայի ավանդույթների վրա,  կոմպոզիտորն ստեղծել է լիրիզմով, զգացմունքայնությամբ ու ազգային  երաժշտական կոլորիտով  առլեցուն գործ։ Բաբաևի մեղեդիներն  առինքնում են լադային  գույների  առատությամբ, բնականությամբ  ու  արտահայտչականությամբ, դրանք ջերմացած  են հոգեկան մեծ կրակով։ Գլխավոր հերոսի՝ Ռուբենի հերոսական  կերպարում  առկա է  աննկուն  ոգին ու ազատության  անկոտրում  կամքը։
Յուր ժամանակին  ՙԱրծվաբերդ՚ օպերայի  առաջնախաղը  Երևանում  Հայաստանի  երաժշտական կյանքի  մեծ իրադարձություն դարձավ։  Առաջնախաղից հետո  Հայաստանի  կոմպոզիտորների վարչությունից ստացվեց  հետևյալ ողջույն-արձագանքը.
ՙԹանկագին  բարեկամ, Անդրե՜յ։ 
Քո գործընկերները՝ Հայաստանի բարեկամ կոմպոզիտորներն ու  երաժշտագետները, անսահման ուրախ են  քո  ՙԱրծվաբերդ՚ օպերայի  մեծ ու արժանի  հաջողությամբ, որը մեր երաժշտական  մշակույթի  հսկայական նվաճումն է հանդիսանում։ Ամբողջ սրտով շնորհավորում ենք,  մաղթում հետագա  ստեղծագործական  հաղթանակներ ի փաոս հայկական  խորհրդային  արվեստի։ Ամուր  գրկում ենք քեզ։
Հայաստանի կոմպոզիտորների  միություն. Ա. Հարությունյան,  Է.Միրզոյան, Ա.Խուդոյան, Գ. Չիթչյան, Լ. Սարյան, Հ.Ստեփանյան, Ա. Տեր-Գևորգյան, Ռ. Աթայան, Կ. Զաքարյան՚։ 
Այդ օպերայի  համար կոմպոզիտոր  Անդրեյ Բաբաևին շնորհվել է  Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Տարիներ  անց  Դիլիջանում  հիմնադրվել է նրա անունով կոչված  երաժշտական  դպրոց, իսկ մամուլի պետական կոմիտեին հանձնարարվել է  հրատարակել  Անդրեյ Բաբաևի երկերի  ժողովածուն։  Ապրելով Մոսկվայում, Անդրեյ  Բաբաևը սերտորեն կապված էր Հայաստանի  կոմպոզիտորների  հետ, սիրված եղել մեր ունկնդիրների համար։ 
Վերջապես  իրականացել է  կոմպոզիտորի նվիրական երազանքը՝  օպերայի  բեմադրությունը  հայրենի արցախյան հողում։ Ինչպես  արծվաբուն՝ վեր է խոյացած  Շուշի բերդաքաղաքը,  որտեղ  շատ շուտով  կհնչեն ՙԱրծվաբերդ՚  անվանումով  օպերայի  առաջին  ակորդները։ Անդրեյ  Բաբաևն իր սքանչելի ստեղծագործությունն այդպես է անվանել  ինքնաթիռում, երբ հերթական  անգամ  հայրենի երկրամասից  Մոսկվա  էր վերադառնում  և թռչում  զարմանալիորեն  գեղեցիկ ու  հպարտ  լեռների  վրայով։ 
Սեպտեմբերի  1-ին Շուշիում՝ Ռեալական  ուսումնարանի  կիսավեր շենքի  առջևի հրապարակում  կծավալվի օպերային  գործողությունը։  Նախագիծն իրականացվում է  ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի  թևարկությամբ՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի  նախարարության  և Հայաստանի  Պետական  ֆիլհարմոնիկ  նվագախմբի աջակցությամբ։ 
 
 
 
Սարինե ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ 
Դիրիժոր, երաժշտագետ,
նախագծի գեղարվեստական ղեկավար