[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԵԼԻՔԸ ԶԵՆՔ Է

altՍպտեմբերի 1-ը, որ համարվում է Գիտելիքի օր, մանկության ու պատանեկության քաղցր հուշեր է արթնացնում մեծ կյանք մտած, աշխատանքային կենսագրություն կուտակած, կարծում եմ, ցանկացած մարդու մոտ։ 
Մեզնից ո՛վ չի հիշում իր՝ առաջին անգամ քիչ-ինչ վախվորած առաջին դասարան մտնելը, տարիներ շարունակ ՙկոխ բռնելը՚ մեկը  մյուսից հետաքրքիր, տվյալ անձի համար հեշտ կամ դժվար առարկաների հետ։
Հիշենք, թե ուսուցիչները քանի անգամ կլինեն հիշեցրած` լավ սովորեք, երեխանե՜ր, գիտելիքը զենք է կյանքում,  այն ձեզ կօգնի վերելքներ հաղթահարել: Ով անսացել է նրանց խորհրդին, ով` ոչ, և  վերջինս, վստահ եմ, հետո առիթ է ունեցել զղջալ ծուլանալու համար…
Գիտելիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորելով մեր աշակերտներին և ուսանողներին՝ կուզենայի նրանց հարց տալ. ի՞նչ եք կարծում, եթե չլինեին ճշգրիտ գիտությունների գծով մեր   մասնագետները, որոնք պատերազմի տարիներին հմտորեն բանեցնում էին մեր հրետանին, տանկերը, ինքնաթիռները և այլն, ի՞նչ կլիներ մեր վիճակը, կկարողանա՞ր արցախահայությունն իրեն բռնափաթաթված դաժան փորձությունից ելնել հաղթանակով: Ինձ թվում է՝ այսօրվա,  վաղվա աշակերտներն իրե՜նք  պետք է այս հարցը տան իրենց ու լուրջ վերաբերվեն ուսմանը:
Ամեն երկիր, ամեն պետություն ուժեղ է ամենից առաջ իր մարդկանցով։ Որքան շատ ուսյալ ու կարող մարդիկ ունենա երկիրը, այնքան կզարգանա նրա տնտեսությունը, կբարձրանա բարեկեցությունը, անհաղթ կլինի բարձրակարգ կադրերով համալրված նրա բանակը: Ժամանակակից աշխարհում ամեն հաջողության հիմքը գիտելիքն է:
եվ սակայն, միայն գիտելիք կուտակելով չի ավարտվում խնդիրը: Երկրորդ հարցն այստեղ այն է, թե մասնագիտություն ստացած շրջանավարտը որտեղ է աշխատելու, ում է նվիրելու իր իմացությունը, ուժն ու կարողությունը. հարազատ երկրի՞ն, թե՞ դրսի աշխարհին: Ի վերջո, գաղտնիք չէ, որ մտավորականության մի զգալի մասը ձգտում է ապրել ու աշխատել այնտեղ, որտեղ իրեն ավելի բարձր են վճարում: Դրանում չես էլ կարող մեղադրել մարդուն, որովհետեւ ամեն ոք էլ ուզում է, որ իր ընտանիքն ապրի ինքաբավ կյանքով: Դրանից էլ ծագում է կադրերին համապատասխան աշխատանքով (ըստ իրենց  մասնագիտության և ընդունակությունների) ապահովելու խնդիրը, որն ի կատար ածողը երկրի կառավարությունն է: Մեր Արցախում այդ հիմնախնդրի լիովին լուծման համար, ավաղ, դեռ ժամանակ է պետք, իսկ մինչ այդ տիրող իրավիճակից ելնելով` հայրենիքը թողնելն ու  օտար ափերում  հեշտ կյանք փնտրելը նույնպես լավագույն միջոցը չէ: Որպեսզի դա չլինի կամ գնալով ոչ թե աճի, այլ նվազի, երկրի իշխանությունններն ու պատկան կազմակերպությունները պետք է ամեն գնով նրանց տեղում ամրացնելու հնարավորություններ ստեղծեն, հատկապես` ձեռքից չտան արդեն կայացած ու երկրին օգուտ բերող՝ կարող ու փորձված  կադրերին: Որովհետեւ եթե գիտելիքը զենք է, ապա գիտելիքի տերն էլ երկրի զինվորն է` զինվորական ուսադիրնելով լինի, թե առանց ուսադիրի…
Մեր չքնաղ երկրամասի` դպրոց թե համալսարան հաճախող   բալիկներ, ձեզ զինեցեք համբերությամբ` գիտելիքների աշխարհը նվաճելու համար:Հանրակրթական դպրոցի աշակերտին ես կհամեմատեի մարաթոնյան վազքի դուրս եկած մարզիկի հետ, որին առջևում սպասում են հոգնեցնող կիլոմետրերը: Հավատացեք` որքան  դժվար լինի դրանք հաղթահարելը, այնքան քաղցր է լինելու հաղթանակի բերկրանքը… 
Բոլորիդ մաղթում եմ կամք ու հաջողություն` ի շահ ձեզ, ձեր ընտանիքների ու մեր ընդհանուր երկրի:
 
                                                                           
Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ 
ԱԿԱՀՄ  հ/կ նախագահ