[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՄԲԱԳՐԻ ՀԵՏ

88.jpgՕրերս ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հյուրն էր ՀՀ ԿԳՆ ՙԿրթություն՚ պաշտոնաթերթի խմբագիր Գագիկ Մինասյանը: Նախարար Սլավա Ասրյանի մոտ տեղի  ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ գերատեսչության պատասխանատու աշխատողներից բացի մասնակցում էր  ՙԼուսարար՚ պաշտոնաթերթի խմբագիրը, շոշափվել են համագործակցության հետագա ծրագրերի, թերթ-դպրոց-ընթերցող կապն ուժեղացնելու մասին հարցեր: 
Ընդլայնված հանդիպումը ՙԿրթություն՚ շաբաթաթերթի խմբագրի հետ տեղի ունեցավ  Ստեփանակերտի հ. 3 դպրոցի դահլիճում`  ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանի, գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի,  կրթության և գիտության նախարարության, քաղաքապետարանի կրթության բաժնի, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, լրագրողների մասնակցությամբ: Հանդիպումը վերածվեց  Գ. Մինասյանի ՙ100 խմբագրական։ Հայեցի դաստիարակության գաղափարական նմուշներ՚ գրքի շնորհանդեսի: 
Ներկայացնելով Գ. Մինասյանին որպես կրթության և լրագրության ասպարեզների  երկարամյա աշխատողի՝ Արմեն Սարգսյանն անդրադարձավ նրա հեղինակած գրքին, որը,  ինչպես վերնագիրն է հուշում, թերթի խմբագրականների ժողովածուն է և, ինչպես նշված է առաջաբանում, հրապարակախոսական էսսեների ժողովածու լինելով`  հայեցի դաստիարակության գաղափարաբանական գեղեցիկ նմուշներ է: Ժողովածուն ընդգրկում է բազմաթիվ  թեմաներ, որոնք բնորոշում են հայոց ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները: Խմբագրականները հրապարակախոսական ժանրի են` ձևով գեղարվեստական: Նրանցից յուրաքանչյուրը մտքի յուրատեսակ խտացում է:
Գիրքն օգտակար կարող է լինել  դասղեկների, կազմակերպիչների համար միջոցառումներ կազմակերպելիս, բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են և լծված սերնդի հայեցի դաստիարակության գործին:  
Լրագրության և կրթության ասպարեզների անխոնջ աշխատողի` իր վաղեմի գործընկերոջ ու բարեկամի հետ հանդիպումն արցախյան հողում ողջունեց ԼՂՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: Նրան առանձնապես ոգևորել էր գրքի բնականոն ծնունդը. այն գեղեցիկ նվեր է մեր դպրոցներին, ինչու չէ` բոլորիս: Գրքի բովանդակությանն անդրադառնալն առիթ հանդիսացավ, որ գրողն իր ելույթում արծարծի Շարժման քառորդդարյա ճանապարհի բացթողումները, այդ առնչությամբ մտավորականի դիրքորոշումը` նշելով, որ  Գագիկ Մինասյանի գրքում անուղղակիորեն այս հարցերն են շոշափվում: Նշենք, որ Գ. Մինասյանն աշխատել է ՙԵրեկոյան Երևան՚  թերթում, որի ժամանակ այն դարձել էր Արցախյան շարժման մունետիկ: Նա մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում` ՀՀ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի մասին ժողովածուի:    
ՙԼուսարար՚ թերթի խմբագիր Ս. Խաչատրյանի ելույթը  գլխավորապես  մեր երկու հանրապետությունների կրթության համակարգի պաշտոնաթերթերի համագործակցությանն էր վերաբերում:
Գագիկ Մինասյանի խոսքն իր խմբագրականների պես հակիրճ էր և զգացմունքային: Նա անդրադարձավ իր արցախյան արմատներին` նշելով, որ, ծնվելով Երևանում, իր երակներում միշտ  զգացել է արցախյան արմատներից եկող ավիշը, որն իրեն տվել է շնորհ, գրիչ, եռանդ, հայրենասիրություն: 
Խմբագրականների ժողովածուի լույսընծայման գաղափարը, նրա խոսքերով, գալիս է  հայ մամուլի պատմությունից: Դեռևս մեր առաջին` ՙԱզդարար՚ թերթից սկսած,   բոլոր խմբագիրներն ունեցել են խմբագրական սյունակներ, որտեղ զետեղել են իրենց համար նվիրական գաղափարներ, ձևակերպումներ և որտեղ արտահայտել են իրենց  քաղաքական, գեղագիտական տեսակետները: Հետևելով հայ լրագրության այդ ավանդույթին՝ ինքն էլ ունեցավ իր խմբագրական սյունակը և, 2005 թվականից ստանձնելով ՙԿրթություն՚ թերթի խմբագրի պաշտոնը, ամեն համարին գրեց խմբագրականներ, որոնք օրացուցային հերթականությամբ համընկնում են մեր որևէ հիշարժան օրվա, տոնի, ազգային արժեքի մեծարման, համաժողովրդական գնահատման իրադարձությանը: 
Հանդիպումից հետո Գ. Մինասյանի հետ զրուցեցին լրագրողները՝ արծարծելով կրթությանը, ազգային խնդիրներին առնչվող հարցեր: Այն հարցին, թե ինչն է պակասում հայեցի դաստիարակությանը, նա պատասխանեց` ՙՄիայն մի բան` ինքնաճանաչողությունը։ Մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք և հավատանք ու արժանապատիվ ձևով, Աստծո կողմից մեզ տրված շնորհները կարողանանք դրսևորել, ծաղկեցնել հայրենիքը՚: Այդ առումով, նրա համոզմամբ, Արցախը կարող է դառնալ իդեալական Հայաստանի մանրակերտը: