[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՑԱԽԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՔԻՆ

12_1.jpgԱյս  հիմնարկության անունը հաճախ է հիշատակվում Արցախի կրթական համակարգի, մասնավորապես, դպրոցաշինության զարգացման գործում պետական միջոցներին զուգահեռ բարեգործական խողովակներով իրականացված աշխատանքներում:
 Վերջերս Հայ կրթական  հիմնարկությունը (ՀԿՀ) ներկայացավ հերթական ծրագրով, այս անգամ բուհական, ավելի կոնկրետ` Արցախի պետական համալսարանում ՙԿառավարման տեղեկատվական համակարգեր՚ նոր մասնագիտության  ձեռքբերման գործում   աջակցելու պատրաստակամությամբ, ինչի մասին արդեն տեղեկացրել ենք: ՀԿՀ նախագահ Հերմինե ՓԱԽԱՆՅԱՆԸ մեր խնդրանքով հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց  կազմակերպության գործունեության մասին: 
ԱՄՆ-ում հիմնադրված ՀԿՀ¬ն գոյություն ունի 63 տարուց ավելի: Սկզբում այն օգնություն էր ցուցաբերում սփյուռքահայությանը, այն ամենին, ինչ կապված է հայ աշակերտների կրթության հետ: Հիմնականում դա վերաբերում էր Սփյուռքի ուսուցիչների ֆինանսավորմանը: Հունաստանում, Լիբանանում հայկական դպրոցներ հիմնելուց հետո, երբ հայությունը շատացավ ԱՄՆ-ում, Հ. Փախանյանի խոսքերով` պետք եղավ ամենօրյա ուշադրություն դարձնել հայկական դպրոցների ստեղծմանը: ՙՎերջին 20 տարում` Հայաստանի ու Ղարաբաղի անկախացումից հետո, մենք աշխատում ենք կարելվույն չափով օգնել հայրենիքին՚,-ասաց ՀԿՀ նախագահը: Ծրագրերից գլխավորը գյուղական դպրոցները վերանորոգելն է: Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 20 տարում ՀԿՀ¬ի կողմից բարենորոգվել են Հայաստանի ու Արցախի 180 դպրոցներ: Հիշեցնենք, որ ՀԿՀ անդամ Հակոբ Բաղդասարյանի միջոցներով վերանորոգվել են Շուշիի մանկական երաժշտական և Քարին տակի հանրակրթական դպրոցները: Շիրվանյանները, Թուֆենկյանները հայտնի բարերարներ են, որոնց աջակցությամբ բազմաթիվ ձեռնարկումներ են կյանքի կոչվել Արցախում: 
Ըստ  Հ.  Փախանյանի՝ կազմակերպության գործունեության մյուս կարևոր ուղղությունը կրթաթոշակներն են, որոնք տրամադրվում են թե Սփյուռքի, թե Հայաստանի, այդ թվում` Արցախի, առաջավոր ուսանողներին: Կազմակերպության հատուկ հանձնախումբը ստուգում է դիմումները և խիստ ու անկողմնակալ քննարկումներից հետո որոշում` ով պետք է ստանա այդ կրթաթոշակը:   ՙՀիմնադրամի շարունակական  գործունեության շնորհիվ բազմաթիվ շնորհալի հայորդիներ Հայաստանում և այլ երկրներում կարողացել են բարձրագույն կրթություն ստանալ և հետագայում իրենց լուման ներդնել հայության  շահերի պաշտպանության և ՀՀ զարգացման գործում: Այդ ամենը հնարավոր չէր լինի, եթե մեր բարեկամներն իրենց նվիրատվություններով նեցուկ չլինեին ՀԿՀ նախաձեռնություններին՚,¬ասաց կազմակերպության երիտասարդ նախագահը՝  ավելացնելով, որ կարևորը գումարի չափը չէ, այլ այն փաստը, որ յուրաքանչյուրն իր կարողությունների սահմաններում փորձում է մասնակցել  համընդհանուր այս  գործին: 
ՀԿՀ նախագահը նշեց, որ  տարիների ընթացքում ձևավորվել են կազմակերպության հետաքրքրիր ավանդույթներ, որոնցից մեկն էլ բարեգործությունը ծնողներից զավակներին փոխանցվելն է։ Խմբի մեջ էր հայտնի բարերար  Շիրվանյան գերդաստանի դուստրը`տիկին  Ալիսը, որը մեկ այլ բարերարի՝ Վահիկ Պետրոսյանի՝ ՀԿՀ երբեմնի ղեկավարի կինն է: Հարսներն էլ ընտանիքի անդամ դառնալով` համալրում են բարեգործների շարքը։ Ինքն էլ՝ ՀԿՀ նախագահ Հ. Փախանյանը, բարեգործությունը ժառանգել է հորից՝ Գալուստ Փախանյանից, ով պատկառելի տարիք ունենալով հանդերձ՝ խմբի կազմում եկել էր Արցախ և  դստեր մեջ  հայրենասիրական վսեմ գաղափարներ սերմանել: Ավելին, անդամներն իրենց հետ ոչ հայ ընկերներ են բերում կազմակերպություն: Խմբում կար մեկը` տիկին Շիլա Փափայանը, ով իր  առաջին` մահացած ամուսնու ազգանունն է կրում` ինքը լինելով օտարազգի: Բայց այնքան է սիրում հայ ազգին, որ շարունակում է ամուսնու բարեգործությունը. նա  տասից ավելի դպրոց է վերանորոգել: Իսկ նրա ջանքերով  կազմակերպությանն անդամագրած  ամերիկացի ընկերուհին`  պատկառելի տարիքով տիկին Դաքիսլին, արդեն ութերորդ անգամ էր այցելում Արցախ: 
Ֆինանսական աջակցությունից ոչ պակաս կարևոր է բարոյական սատարումն Արցախին: ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը համալսարանում տեղի ունեցած  շնորհանդեսի ժամանակ  երախտագիտություն հայտնեց Հայ կրթական հիմնադրամին՝ այսքան տարիներ Արցախի կրթական համակարգի կողքին լինելու համար և հատուկ շնորհակալություն՝ նրա  ծերունազարդ անդամներին, որոնք ոչ միայն իրենց լուման են ներդնում Արցախի զարգացման գործում, այլև առողջության գնով օվկիանոս  կտրելով՝ գալիս են իրենց աչքով Արցախը տեսնելու և նրա մասին պատմելու իրենց  շրջապատին։ Անշուշտ, սա է մեր երկրի ճանաչման ուղիներից մեկը:    
Հայ կրթական հիմնարկությունը ուրիշ ծրագրեր ևս  ունի, ինչպես, օրինակ, դպրոցներին համակարգիչներ տրամադրելը, ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելը: ՀԿՀ նախագահը վստահեցրեց, որ  բոլոր այդ  ծրագրերը շարունակական բնույթ կկրեն: