Logo
Print this page

ՙԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐԸ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԵԼ ԵՄ՚

99.jpgԱյս օրերին ճանաչողական այցով Արցախում էր թալիշական ազգային շարժման առաջնորդ, քաղաքական և հասարակական գործիչ Ալաքրամ ՀՈՒՄԲԱԹՈՎԸ։ Սեպտեմբերի 26-ին Արցախի մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած նրա հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պատմության ու քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ էր։  
Թալիշները Հարավային Կովկասի հազարամյակների պատմության տեր ժողովուրդներից են, ովքեր ունեն հարուստ մշակույթ և սեփական լեզու, ողջույնի խոսքում ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը։ Առ այսօր հազարավոր թալիշներ ապրում են Ադրբեջանում՝ իրենց նախնիների հողի վրա։  Խորհրդային Ադրբեջանում ապրող ազգերի միաձուլման քաղաքականությունը՝ հայերից ու մյուս ազգերից բացի, վերաբերում է նաև թալիշներին։ Ոտնահարվել են նրանց պատմությունը, լեզուն, մշակույթը։ Չնայած դրան, թալիշ ժողովուրդը, նրա լավագույն զավակները ոչ մի ժամանակ չեն դադարել իրենց իրավունքների համար պայքարելուց։ Այդ պաքարի տրամաբանական շարունակությունը եղավ 1993թ. Թալիշ-մուղանյան Հանրապետության հռչակումը, որում մեծ դեր խաղաց Ալաքրամ Հումբաթովը՝ դառնալով նրա առաջին նախագահը։ Ոչ երկար ժամանակ գոյություն ունենալուց հետո հանրապետությունը լուծարվեց ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնք խիստ ճնշման ենթարկեցին թալիշների ազգային շարժումը։ Իր գործունեության համար Ա. Հումբաթովը ՙսեպարատիստական՚ գործունեության համար բավական երկար ժամանակով դատվեց։  Թալիշ ժողովրդի համերաշխության և միջազգային հանրության շնորհիվ՝ եվրոպական իրավապաշտպան կառույցներին դիմելուց հետո ազգային առաջնորդն ազատվեց, ինչն էլ ոգևորեց աշխարհում ցրված բազմահազար թալիշների։ Ներկայումս նա հնարավորություն չունի վերադառնալ հայրենիք և ստիպված է ապրել արտասահամանում։
Անդրադառնալով հայ-թալիշական ժողովուրդների հարաբերություններին՝ Մ. Մինասյանը նշեց, որ դրանք դարերի պատմություն ունեն։ Բավական է նշել, որ թալիշների մասին առաջին տեղեկություններին հանդիպում ենք միջնադարյան հայկական ձեռագիր մատյաններում։ Հարյուրամյակներ շարունակ հայերն ու թալիշները ապրել են կողք կողքի՝ դառնալով խաղաղ համագործակցության օրինակ։ Բացառություն է կազմում միայն ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանը, երբ թալիշ ժողովրդի ներկայացուցիչները՝ հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացիներ, ոչ իրենց կամքով  պատանդներ են դարձել ստեղծված քաղաքական իրավիճակում։ Այսօր թալիշների ազգային ինքնագիտակցության բարձրացումը և թալիշական ազգային շարժման համերաշխությունը հնարավորություն է ընձեռում երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության վերածննդի համար, ասաց ԱրՊՀ ռեկտորը։
Ա. Հումաբաթովի Արցախ կատարած այցը կայացել է շնորհիվ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, ՙԹալիշստանի ձայն՚ ռադիոկայանի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի, ով ներկա էր հանդիպմանը։ Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին այս օրերին Արցախում գտնվելու և երկրի մտավորականության, հասարակական շրջաններում ջերմ ընդունելության համար։ Գ. Ասատրյանը կարևորեց Ա. Հումբաթովի ծանրակշիռ ավանդը համաշխարհային պատմության, տարածաշրջանային զարգացման մեջ, նշելով, որ թալիշ ժողովուրդը տվել է անվանի գրողներ, մշակույթի գործիչներ։ 
Թալիշական ազգային շարժման առաջնորդի ելույթն ավելի շատ բողոք և քննադատությունն էր պարունակում՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին։ ՙԱյսօր ես գտնվելով այստեղ, հասկացա, թե ինչ էիք ուզում դուք և ինչ եք շարունակում անել ձեր նպատակին հասնելու համար։ Մեր իրավիճակն այլ է. շատ ծանր է հատկապես հյուսիսային թալիշների դրությունը։ Մենք ձուլման ենք ենթարկվում։ Չունենք նույնիսկ տարրական դասարաններ։ Ընդամենը շաբաթական երկու անգամ ֆակուլտատիվ պարապմունք է անցկացվում թալիշերեն լեզվով, որն էլ դասավանդում է ֆիզկուլտուրայի կամ աշխատանքի ուսուցիչը։ Այն, ինչ դուք ստեղծել եք ձեզ համար՝ հրաշալի է։ Մենք էլ ենք ուզում դա ունենալ, խոսել մեր սեփական լեզվով, պայքարում ենք դրա համար, բայց առայժմ մեզ մոտ չի ստացվում։ Հուսով ենք, որ մենք էլ կկարողանանք ձեռք բերել անկախություն, ձեզ նման պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երեխաները նույնպես կարողանան խոսել մեր լեզվով,՚,- ասաց Ալաքրամ Հումբաթովը։ Նրա խոսքերով՝ այսօր Թալիշստանում շատերը ձգտում են չխոսել թալիշերեն, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը, բարդացնել իրենց կյանքը։     
Ա. Հումբաթովը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Այն մասին, թե ինչ դասեր են քաղել Թալիշ-մուղանյան Հանրապետության կործանումից՝ նա ասաց. ՙՄենք երկար ենք քննարկել և այժմ էլ շարունակում ենք քննարկել դրա դասերը։ Մենք մեզ համար արդեն բացահայտել ենք մեր սխալները։ Բայց մենք ոչ մի քայլ հետ չենք կանգնել մեր մտադրությունից և կարծում ենք, որ բավական ժամանակ կորցնելուց հետո պետք է կրկին միջոցներ ձեռնարկենք՝ գործելով այս անգամ արդեն խելացի, գիտականորեն... Կստեղծենք նոր՝ Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետություն։ Հավատացած ենք, որ դա կլինի՚։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի երբեմնի տեղակալը չի թաքցնում այն փաստը, որ կռվել է Ղարաբաղի դեմ. ՙԱյո, սկզբում վաշտի հրամանատար էի, այնուհետև՝ դիվիզիոնի, հետո, ինչպես դուք նշեցիք՝ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ ամենը եղել է։ Բայց մենք՝ նկատի ունեմ թալիշների մեր ջոկատին, կռվել ենք տղամարդավարի, կարող ենք նաև տղամարդավարի բարեկամություն անել։ Այժմ ես ատում եմ պատերազմը, որն ապրել եմ մի ժամանակ։ Ես առաջին կաթվածը ստացել եմ այն ժամանակ, երբ թաղում էինք երեք երիտասարդների։ Դա շատ ծանր էր... Բազմիցս ինքս ինձ հարցրել եմ. ո՞վ էր տվել այդ իրավունքը՝ որոշել ուրիշների ճակատագիրը... Ահավոր բան է պատերազմը՚։   
Չթաքցնելով հիացմունքը ջերմ ընդունելության համար, Ա. Հումբաթովն ասաց. ՙԵս կարծում եմ՝ ամբողջ Անդրկովկասում և Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելով՝ կկարողանանք  զարգացնել մեր հետագա բարեկամությունն ու համագործակցությունը։ Եվ կանենք ամեն ինչ, որպեսզի այլևս չտուժեն մեր երեխաները, որպեսզի նրանք կարողանան խաղաղ պայմաններում սովորել, աշխատել և ապրել հանգիստ՚։ 
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.