Logo
Print this page

ՀԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Գեղարվեստական մտածողությունը սահման չունի։ Ամեն հավակնող փորձում է յուրովի ընկալել այն։ Որքան մարդ, այնքան ոճ. անցե՞լ է սրա ժամանակը, թե ոչ։ Մի բան հավերժական է. գեղարվեստը զտելու, ընտրելու է իրենը՝ որ փորձարարությունից էլ լինի։ Այն ընդունում է իրենը՝ չհանդուրժելով անընդունելին։ 
Դա անում է ժամանակներն իրար շաղկապող՝ սպառող մարդ-ընդհանրականը։ Խոսքս մասնավորեցնելով՝ դառնամ արձակի ամենաճանաչ ժանրի՝ պատմվածքի դրսևորումներին. ո՞րն է այն ամենաընդունելին, որը կուղեկցի ստեղծագործողին և ընթերցողին այսօր ու վաղը, ընդմիշտ։ 
Այդ տեսակը վաղուց է գտնված և ապրում է մոտ երկու դար։ Դա Գոգոլի ՙՇինելն՚ է, Պուշկինի ՙԿրակոցը՚, Չեխովը, Թումանյանը, Բակունցը, Շուկշինը... քանի որ հասարակ մարդու առօրյան այնպես են ներկայացնում, որ նրանում ամփոփված ենք տեսնում ժողովրդյան կյանքը ժողովրդյան պարզ ու խորունկ զգացմամբ. մարդն իր ժողովուրդն է՝ կերպավորված մի կաթիլ ջրում՝ տեսանելի, ընկալելի, սիրելի, ատելի։ Եվ ինչպիսի՛ խոչընդոտներ են ծառացել ստեղծագործողների առաջ։ Չեխովին մեղադրել են ռուս մարդուն կործանյալ պատկերելու մեջ, ինչին նա սրտի ցավով պիտի պատասխաներ, թե նրան ճահճից բարձրացնելու մեջ է տեսնում իր առաքելությունը, Դոստոևսկին թե՝ իմ ՙհիվանդ՚ գրականությունը ձեր առողջից առողջ է, Թումանյանը Լեոյին ու մյուսներին թե՝ ՙեզերքի՚ գրականությունը եզերքի տիրույթում չէ և այլն։ Նրա արձակը՝ ՙԳիքորը՚, ՙԱրջաորսը՚, ՙԵրկաթուղին՚, ՙԵղջերուն՚, ՙՄայրը՚, բոլո՛րը Լոռի եզերքի հայելում կերտեցին համայն հայ ժողովրդական կյանքի՝ մարդ-բնության, կենդանու, թռչնի, ծառ ու ծաղկի անընդգրկելի հանրագիտարանը. ընթերցիր ու ճանաչիր ու սիրիր քո երկիրը։ Երբ ասում եմ՝ պատմվածքի այս տեսակը վաղուց է գտնված, նկատի ունեմ նրա հավերժական կենսունակությունը՝ դաս բոլոր ժամանակների նորեկ ստեղծագործողների համար։ Հենց Գոգոլի, Չեխովի, մյուս մեծերի առաջադրած ավանդույթն է կյանքի կոչել ռուս խորհրդային փայլուն փաղանգին հարյուր և ավելի տարի անց, որովհետև այն ՙհնանալ՚ չունի։ Որովհետև չի կորցնում ներքին առողջ կենսազարկը, բայց և ամեն ստեղծագործող իր ոճի մեջ է զգում այն առանց նոր փետրավորման։ Ինչքանո՞վ է տարբերվում Մաթևոսյանը Բակունցից, բայց և ինչքանո՞վ չի տարբերվում։ Որովհետև պահպանում է կառույցի ճշմարիտ հիմքը։ 
1960-ականներից մեզանում սկսեցին հայտնվել արտասահմանյան գրողների ազդեցության առաջին հոսքերը՝ Հեմինգուեյի, Սարոյանի, Ռեմարկի, Սելինջերի... և առաջամարտիկը Վարդգես Պետրոսյանն էր, ով հոսանքի բերումով հետևողների նոր մտածողությունը հակադրեց ավանդույթի ՙդարն ապրածին՚։ Երկար գնաց վեճը վարդգեսականների և հրանտականների միջև, թեպետ վերջիններիս կրողը ուշադրության էլ չէր արժանացնում այն, ուղղակի գրոհ էր մի դարպասի վրա՝ ճիգով հաստատելու, թե պապերի, տատերի կերպարի ժամանակն անցել է, նույնիսկ նման հեգնանքով։ Այսօր մեզ համար պարզ է՝ ինչն ուր հասավ։ Այնուամենայնիվ, պատմվածքի ժանրը ժամանակի մեջ նոր կերպավորումներ է առնում և չի կարող չառնել։ Հո չես վերցնի ու գրի Չեխովի մի նոր ՙՏափաստան՚, եթե նույնիսկ նույն լեզվաոճական կատարելությամբ։ Այդ դեպքում Տոլստոյը հրճվանքով չի բացականչի. ՙՈ՛նց է այսինչը գրել ՙՏափաստանը՚։ Նոր կերպավորումը ամուր հիմնավորման մեջ պիտի լինի, կյանքի փաստը՝ ընտրված ճշգրիտ, համոզիչ։ Այս նոր հղացվածը կարող է պարզ պատումային խոսքը չունենա, հերոսների երկխոսությամբ բացահայտվող հոգեբանական խորքերը, կենսական հարաբերությունները, հեղինակն ասելիքը մատուցում է ներքին խոր ընկալման շերտերում, ուր ընթերցողը պիտի թափանցի ու յուրացնի։ Հնարավոր է ոճի բարդացում, բայց եթե ենթատեքստում առկա է հերոսի ոչ միայն ամփոփ ներաշխարհի, այլև կյանքի առնչվող զգացման զարկերակը, այդ պատմվածքն, իհարկե, ունենալու է սպասելիք ներուժն ու ազդեցությունը։
 Կյանքի նշածս ճշգրիտ համոզիչ փաստի առիթով անդրադառնամ Լևոն Խեչոյանի մի պատմվածքին (ՙԵրրորդ որդին՚)։ Այս գրողը բնաշխարհիկ է, բերում է իր Ջավախքի դիմագիծը։ Տիրապետում է վիճակների ուժեղ զգացումների, խոսքն ազդեցիկ է, բայց, կարծում եմ, պատմվածքի հյուսվածքում վրիպում են կատարյալի տարրեր։ Պարզ է, որ լավ գրված գործը առաջինից մինչև վերջին տողը խոր օրգանական կապվածության մեջ պիտի լինի, հագեցած այն ողջ հղացումով, ինչին ձգտում է հեղինակը։ Շարադրանքը պիտի չունենա կցկտուր տատանումներ, տողերի երբեմն անհարկի կրկնություններ։ Բայց խոսքը կյանքի փաստի ընտրության մասին է։ Մարդը հնձում է իր մարգագետնի խոտը, հետն են երկու երեխան։ Փոքրը տրակտորից անզգուշորեն ընկնում է անվի տակ, զոհվում։ Հայրը ի՞նչ է մտածում առաջին իսկ պահ, նույնիսկ հոգեկան մեծ ցնցումից էլ առաջ. եթե գործն ընկնի ոստիկանություն, բանտարկելու են ինձ, քեզ (մեծին) և տրակտորի տիրոջը, հարկավոր է թաքցնել կատարվածը։ Թաքցվում է ողջ գյուղից։ Մահացածին հենց խոտատեղը հողածածկ են անում, խնամքով ճմապատում բնականին նման, որ հետքն անգամ չերևա։ Չեմ ասում, թե հայրը, մայրը, մյուս հարազատները մեծ ցավի մեջ չեն, բայց հարցում  անենք ընթերցողին. այդ ո՞ր քարսիրտ հայրն անգամ նման դեպքում իր չբանտարկվելը կգերադասի այդքան մեծ ցավից՝ երեխայի հիշատակից։ Նա ողբալո՞վ չի թաղի իր ծնյալին ժողովրդի աչքառաջ, նրա գութը հայցելով, այն էլ գերեզմանոցում, որ միշտ այցելի ինքնադատապարտման ցավում։ Չի՞ ստացվում, որ պատահարի զոհ երեխան մնաց անգերեզման, և հարազատները մարդկանցից թաքո՞ւն պիտի այցելեն թաղման վայր՝ չեղած շիրմին։ Այդպես  ո՞նց կլինի։ Իսկ ո՞ր արդարադատություն պիտի նման անմեղ պատահարի ՙմեղավոր՚ հորը դատի։ Ավելի անբնական է, երբ հայրն էլ է մյուս հարազատների հետ շրջակայքում փնտրում ՙանհայտացած՚ երեխային։ Ինչո՞վ է հեղինակը պատմվածքի շարադրանքին հարիր գտնում երեք լճերի երեք կրկնությունը, մեկը դեղին է, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ կապույտ... որ ի՞նչ։ Հայրն էլ մտել է ջուրը, փնտրում է... Առկա՞ է նրա կերպարում հայ աշխատավորի, այն էլ գյուղացի մարդու խորունկ ու զգայուն ներաշխարհը, Լևոն։ Լավ, դեպքը եղավ, փնտրեցին չգտան, գործը քննվեց, հանցանշան չգտնվեց, մարդիկ էլ մխիթարեցին հարազատներին՝ գուցե մոլորվել է հանդում, կգա, բայց ի՞նչ է ասում պատմվածքը ընթերցողին, ո՞րն էր մտահղացմանդ նպատակը։ Քո գրքում ես  գտա իմ ամենահավանած պատմվածքը՝ ՙԵրկու կրակոցը՚, նաև ՙՍպասումը՚, որոնցում ոչ թե զուտ մարդիկ են, այլ բնավորության տեր համոզիչ կերպարներ։  Բայց և գտնում եմ, որ առօրեականը նկարագրելով՝  պատմվածքը ընթացքում կամ վերջում զարմացնող մի անիրական (միստի՞կ) դիպվածով տպավորիչ դարձնելը խորազգաց ընթերցողին չի գոհացնի։ Գործը իմաստով չպիտի՞ հագեցած լինի տող առ տող, ինչպես մեղվախորիսխը մեղր-բովանդակությամբ։
Պատմվածքի մի այլ դրսևորում. գրողը ճամփորդում է, ականատեսը լինում հետաքրքիր դեպքերի, դրանք նյութ է դարձնում ստեղծագործության, և որքան էլ կատարյալ է իրագործում մտահղացումը, գործը մնում է նրա ստեղածգործության ծիրից դուրս՝ նրա թեմային անհունչ, ինչպես, օրինակ, ՙԵս և նա՚-ն՝ Նար-Դոսի, ՙԱրտիստը՚՝ Շիրվանզադեի դեպքերում։ Մնում է թխվածքի տեսակ, ոչ որպես հաց հանապազօրյա։ Ունի՞ Զանգեզուրի գրողը նման պատմվածք, չեմ հիշում, կամ Լոռվա երկու մեծերը։ Նրանց վաստակի ամբողջականությունը որոշվում է հայրենի թեմայում։ 
Պատմվածքի հյուսվածքը մաքուր մարդկային խղճի մեջ պիտի լինի ամեն ինչով. ընտրված նյութով, արտահայտչաձևերով, հերոսների բարոյական թե անբարո նկարագրերով, այնպես, որ ամեն ինչ միտվի ժողովրդի հոգեկերտվածքին։ Որքա՛ն անտանելի է, երբ հեղինակը ընթերցողի էժան հետաքրքրվածությունը շարժել է ուզում ոչ թե հոգեբանական շերտեր արտածելով, այլ էրոտիկ ՙգրավիչ՚ տեսարաններ պատկերելով։ Գոնե դրանք գեղարվեստական հնչեղության մեջ լինեին։ Դոստոևսկու վեպերում չեմ  հանդիպել անգամ սիրո համբույրի, այն էլ այնպիսի մեծ սիրո տեսարաններում, որոնց կրողներն են Նաստասյա Ֆիլիպովնան, Գրուշենկան, Դմիտրի Կարամազովը։ Այսօր ի՞նչ է կատարվում աջուձախ, մշակույթի ու գրականության որ բնագավառում էլ լինի, ասելն անիմաստ է։
Վերջերս մեզանում անդրադարձ եղավ նաև պատմավիպասանությանը։ Օրինակ  առնենք մեր լավագույն երկու գործը՝ ՙՍամվելը՚ և ՙԳևորգ Մարզպետունին՚։ Խոսեմ համալսարանական իմ բարձրաճաշակ դասախոսի՝ Մկրտիչ Մկրյանի ավանդածով. ՙՍամվելը՚ փայլում է պատմական միջավայրի կոլորիտով, ինչն արդյունք է Րաֆֆու չգերազանցված պատմահայեցողության։ Ընթերցողդ քեզ զգում ես 4-րդ դարի իրականությունում։ ՙԳևորգ Մարզպետունին՚ ուժեղ է հերոսների հոգեբանության դրամատիկ արտացոլմամբ՝ մի կողմից Աշոտ Երկաթի ու Ասպրամի տառապագին սիրո, մյուս կողմից՝ վերջինի հայրենասեր ամուսնու՝ Ցլիկ Ամրամի ողբերգական հոգեվիճակի բացահայտումներով, ինչը Մկրյանը բնորոշում էր որպես շեքսպիրյան ուժ։ Գրականության մեջ հազվադեպ է լինում, երբ գլխավոր հերոսներից մեկը վեպում հանդես չի գալիս (Ասպրամը), բայց այդքան խոր հետք է թողնում ընթերցողի հոգում։ Տաղանդի շնորհն է։ Պատմական թեմայից հիշեմ վաղամեռիկ տաղանդի՝ Վարդան Գրիգորյանի գործերը, որոնք արժանի ավանդ որպես կմնան մեր պատմավիպասանությունում։ Արշակ 2-րդի կերպարին ձեռնարկել է նաև Պերճ Զեյթունցյանը, ով նպատակակետին չհասավ հիշյալ երկու վեպերի արժանիքներից մեկնումեկին բարձրանալու առումով։ Պատմական կերպարի  գործունեությունը  ինչ-որ չափով քննելով այսօրվա քաղաքագիտական պատկերացումներով՝ դժվար հասնես հաջողության։
Ինձ ուրախացնում է արցախյան պատմվածքում վերջերս նկատվող  առաջընթացը։ Ուղղակի երևույթ էր Նվարդ Ավագյանի գիրքը, հաճելի զարմանքով ընթերցեցի Համլետ Մարտիրոսյանի գործերը, որոնցում սիրո թեման բացահայտված է՝ ինչպես վայել է։
Մամուլում լավ պատմվածքներ ներկայացրեց Կոմիտաս Դանիելյանը։ Գրավիչ ընթերցանության էին մղում Նվարդ Ալեքսանյանի ու Լիանա Սաֆարյանի գրքերը։ Ափսոս, որ այս առողջ շարժը մեր արձակում չի հասնում հանրային ընթերցողին, մնում է միայն գրողական, լրագրողական շրջանակներում։
Մենք դեռ շատ բան ենք կորցնելու, եթե մեզանում, ինչպես պետք է, չգործի անշահախնդիր գրականագիտական-գրախոսական մոտեցումը սույն, ինչպես և գրվելիք գործերը պրոպագանդելու համար։ Նաև խոտանը կանխելու՝ հանուն մեր գրականության։
Գեղարվեստական մտածողությունը, ինչպես ասացի, չի ընդունում անընդունելին։ Այն հուշում է լինել ունկնդիր ժողովրդական կյանքի զարկերակին, երկյուղածությամբ յուրացնել գրական մեծերին, դեռ ոչինչ չստեղծած, ավելին՝ ստեղծած էլ հեռու մնալ փառք ակնկալելուց, նաև հեղինակությունների երաշխավորությունից, քանի որ այն միշտ չէ, որ տեղ է հասցնում։ Վազես փառքի հետևից՝ չես հասնի, փառքը վազի քո հետևից՝ կհասնի։
 
 
Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆ 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.