Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵԶՆԱԳՈՄԵՐ-ՂԱՐԱՔԵՇԻՇ

MG_0047.jpgՎերջին երեք ամիսների ընթացքում ՙՄեր երկիրը՚ հաղորդաշարի հեղինակ, այժմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, օպերատոր Բենիամին Ղարախանյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ այցելել ենք Քաշաթաղի  շրջանի հյուսիս¬արևելյան կողմում գտնվող տարածք, ուր կան հայտնի և նորահայտ հուշարձաններ:
 Հաջողվել է հայտնաբերել 5 հնամենի՝ անտիկ և միջնադարյան ամրոցների ավերակներ, դամբարաններ, բնակատեղիներ, խաչքարեր, արձանագիր քարեր և այլն: Չնայած այս ամենին՝ տարբեր համայնքներից բնակիչները տեղեկացնում են, որ այստեղ ու այնտեղ խաչքար ու տապանաքար, շինության հետքեր ու գերեզմանատեղիներ են տեսել: Այս ամենը վկայում է, որ պատմական Աղահեճքը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը, հազարամյակներ ի վեր եղել է բազմամարդ, մշակութային երկիր, և այստեղ ապրել ու արարել են մեր նախնիները: 
Միրիկի կիկլոպյան ամրոցը հայտնաբերելուց հետո մեզ սպասում էր մի նոր անակնկալ՝ Եզնագոմեր գյուղի մոտակա բլուր-ամրոցը: Եզնագոմեր գյուղը գտնվում է շրջանի հյուսիսային ամենաբարձր մասում՝ ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ ալպիական գոտում: Բնակավայրի մասին հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի ՙԺամանակագրություն՚- ում, ըստ որի այս գյուղը գտնվում է Հակ և Սպիտակաջուր գյուղերի միջակայքում, Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում վճարել է 6700 միավոր պտղահարկ: Սա խոսում է այն մասին, որ մինչև հայաթափ լինելը Եզնագոմերը եղել է տարածքի բազմամարդ ու շեն գյուղերից մեկը: Հայաթափ լինելուց հետո Եզնագոմերն անվանվել է Ղարաքեշիշ, այսինքն՝ Սև տերտեր, իսկ խորհրդային շրջանում անվանակոչվել է Լենինքյանդ: Մինչև վերջերս գյուղի նախկին գյուղխորհրդի շենքի մոտ ընկած էր Լենինի արձանի գլխամասը: Գյուղում պահպանվել են 2 հնամյա տներ, որոնցից մեկն ունի 2 սենյակ, թաղակապ է, պատերն ունեն 1 մետր հաստություն, շարված են կոպտատաշ քարով: 2 սենյակն էլ ունի բուխարիկներ, դռների և պատուհանների անկյունաքարերը սրբատաշ են: Պատերը ներսի կողմում ունեն պահարան-խորշեր: Շենքը, որի չափերն են 9,8-8,5 մետր, մուսուլմանների օրոք օգտագործվել է որպես բնակարանի օժանդակ մաս և կոչվել է ՙԱսլի-Քյարամ քիլիսա՚, այսինքն՝ Ասլիի և Քյարամի եկեղեցի: Այս տան հարևանությամբ գտնվում է ավելի փոքր չափերով մեկ այլ շինություն, որը նույնպես թաղածածկ է՝ կազմված 2 մասից՝ միջանցք և սենյակ: Սենյակի պատուհանի անկյունաքարերը նույն տապանաքարի բեկորներ են, որից մեկն արձանագիր է. ընթերցվում է ԳՈՒՍԱՆ ԳԱՆԻ… Դռների անկյունաքարերն ու բարավորները սրբատաշ են՝ փոքր չափերով: Սենյակի ներսից դռան աջակողմյան անկյունում տապանաքարի բեկոր է՝ խաչով և թռչնի պատկերով: Խորհրդային տարիներին կառուցված տների պատերի մեջ դարձյալ խաչքարերի և տապանաքարերի բեկորներ կան: Սամվել Կարապետյանն իր ՙՀայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում՚ գրքում տեղեկացնում է, որ շինությունը 17-18-րդ դարերի կառույց է և քիլիսա-եկեղեցի է կոչվում, քանի որ մինչև գյուղի հայաթափվելը՝ պատկանել է կամ գյուղի հայ տանուտերին, կամ՝ տերտերի: Վերջերս 2 անգամ եղանք Եզնագոմերում, գիշերեցինք դպրոցում: Հիշեցի, որ պապս՝ Գորգի Ալվանդյանը, որ լավ հեքիաթասաց էր, պատմում էր նաև ՙԱսլի և Քյարամ՚ սիրավեպը՝ երբեմն կատարելով նաև երգեր: Ինչպես գիտենք՝ Ասլին՝ Մարիամը,  քրիստոնյա էր՝ տերտերի աղջիկ, իսկ Քյարամը մուսուլման էր: Նրանք սիրում էին միմյանց, սակայն կրոնական տարբերությունը պատճառ է դառնում նրանց կործանմանը: 
Մինչև լրիվ հայաթափ լինելը այս տարածքում որոշ ժամանակ մուսուլմաններն ու հայերը բնակվել են հարևանությամբ: Օրինակ՝ Հակ և Ալիղուլի  գյուղերում հայերը մուսուլմանների հարևանությամբ բնակվել են մինչև 1918 թվականը: Հնարավոր է, որ Եզնագոմերից էլ հայերն ուշ են հեռացել: Ասվածի  օգտին է խոսում նաև այն, որ այս տարածքն ավելի մոտ է Սիսիանի և Գորիսի շրջաններին: Հավանաբար այստեղ է ապրել Ասլի-Մարիամը, եղել է գյուղի տերտերի դուստրը, իսկ հիշատակված տունը նրանցն է եղել: Եզնագոմերում կամ հարևան որևէ բնակավայրում է ապրել Քյարամը, սիրահարվել է գեղանի Ասլիին, և նրանց սերը վերջացել է ողբերգությամբ: Սրանից հետո էլ մուսուլմաններն ատել են հայ տերտերին և անվանել Ղարա-սև քեշիշ-տերտեր, այսինքն՝ չար տերտեր: Գյուղն էլ հայաթափումից հետո տերտերի ՙպատվին՚ կոչել են Ղարաքեշիշ: Իհարկե, սա ընդամենը վարկած է, սակայն որոշ փաստեր և անուններ իրավունք են տալիս նման կարծիք հայտնել: Եզնագոմեր համայնքի մեջ այժմ մտնում են ևս 2 պատմական գյուղեր՝ Սպիտակաջուրը և Շրվականը: Եզնագոմերի աջ կողմով մի ճանապարհ իջնում է Հորանց գետի ձորապռնկին գտնվող Շրվական, իսկ ձախ կողմով՝ դեպի Սպիտակաջուր: Այս ճանապարհները ներքևում միավորվում են: Ամբողջ տարածքը պատված է ալպիական մարգագետիններով, որոնք ամռանը գունագեղ գորգի են նման:  Դեպի Սպիտակաջուր գնացող ճանապարհի ձախ կողմից դաշտամիջյան ճանապարհը տանում է բավականին մեծ տարածք գրավող ու հարևան բլուրներից բարձր սարը: Ըստ Գագիկ Սարգսյանի՝ այստեղ նույնպես պետք է ամրոցի ավերակներ լինեն: Հասնում ենք սարի ստորոտ և փորձում բարձրանալ լանջն ի վեր: Ցածում արդեն պատերի հետքեր են երևում: Հյուսիս¬արևելյան կողմում հսկայական քարերի կույտ է, որով էլ սկսում ենք վերելքը: Վերջապես հասնում ենք սարի գագաթ: Մեծ-մեծ քարերով կառուցված շինությունը հազարամյակների ընթացքում քանդվել է, բայց հատակագիծը պատկերավոր երևում է: Ավելի բարձր դիրքում է այս ավերակը, իսկ շուրջը՝ դարձյալ ավերված շինություններ: Սարի հարավ-արևմտյան կողմով ձգվում է կիկլոպյան ամրոցի երբեմնի կանգուն ու անառիկ, այժմ տեղ-տեղ մինչև հիմքը քանդված, տեղ-տեղ լավ պահպանված, տեղ-տեղ կիսով չափ կանգուն մի քանի հարյուր մետր ձգվող պարիսպը՝ կառուցված անտաշ ու մինչև մի քանի տոննա կշռող քարերով: Դիմացի ավելի ցածր բլրալանջերին դամբարաններ են: Բերդաբլուրը ստորոտում շրջափակված է պարսպի հետքերով: Այստեղից երևում է, որ ամրոցն ունեցել է շատ կարևոր պաշտպանական նշանակություն։ Այստեղից մինչև Միրիկ ուղիղ գծով հազիվ 10 կիլոմետր կլինի: Այսքան մոտ տարածքում միանման 2 ամրոցների գոյությունը խոսում է այն մասին, որ մի քանի հազար տարի առաջ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառը եղել է հզոր ու ռազմատենչ ժողովրդի հայրենիք: Հրաժեշտ ենք տալիս նորահայտ ամրոցին և շարժվում դեպի Սպիտակաջուր: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր