[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԻԿ ԷՐ՝ ՍՊՈՐՏՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔՈՒՄ

 Robert.jpgՕրերս ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում տեղի ունեցավ Ռոբերտ Բաբայանի ՙԵրկխոսություն տարածության և ժամանակի միջով՚ գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը փորձ է արել ներկայացնել արցախահայ ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ ՙՂարաբաղ՚ թիմի լեգենդար պաշտպան Վարուժան Բաբայանի կերպարն ու կենսագրությունը։

Շնորհանդեսին ներկա էին Վ. Բաբայանի ընկերներն ու մարզիչները, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։
Միջոցառման սկզբում հեղինակը խոսեց այն դրդապատճառների մասին, որոնք ստիպել են իրեն գրիչ վերցնել և ներկայացնել ոչ միայն իր եղբոր՝ Վարուժան Բաբայանի անցած ուղին, այլև 80-ականների լեգենդար ՙՂարաբաղ՚ թիմի պատմության որոշ դրվագներ։ 
Դեռևս պատանեկան տարիներին Վարուժանը տարված էր ֆուտբոլով, որն այդ ժամանակ Ղարաբաղում զանգվածային բնույթ էր կրում։ Թաղային խաղերում, որոնք կազմակերպում էին մարզի համապատասխան մարմինները, նա աչքի էր ընկնում իր յուրահատուկ խաղով ու ճարպկությամբ։ Թիմը, որում ընդգրկված էր Վարուժանը, միշտ էլ հաղթող էր ճանաչվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ մարզում։  
Վարուժանը նաև ուսման առաջամարտիկ էր. հասցնում էր և՜ լավ սովորել դպրոցում և՜ հաճախել պատանի ֆուտբոլիստների պարապմունքներին։ Նրան մարզում էր ֆիզկուլտուրայի իր ուսուցիչը՝ Վիտալի Շաֆերյանը, իսկ հետագայում՝ Բենիամին Բաբայանը, ավելի ուշ՝ ղարաբաղյան ֆուտբոլի նահապետ Ռազմիկ Պետրոսյանը։ Վերջինիս գլխավորությամբ 1977թ. ՙՂարաբաղ՚-ը մարզական սխրանք կատարեց՝ դառնալով Ադրբեջանի չեմպիոն։ Վ. Բաբայանն ու իր ընկերները մինչև 1991թ. կարողացան պահպանել թիմի և երկրամասի պատիվն ու հեղինակությունը։
Սկսվեց Արցախյան պատերազմը, և շատերի հետ միասին հայրենիքին զինվորագրվեցին նաև ՙՂարաբաղ՚ թիմի ֆուտբոլիստները։ Վարուժանը ֆագոտչիկների խմբում էր։ Մի քանի անգամ նրան ու ընկերներին հաջողվել էր ոչնչացնել թշնամու տանկի անձնակազմին, որը հետո որպես ավար մնացել է Արցախի ինքնապաշտպանական ուժերին։ Ավաղ, շնորհալի ֆուտբոլիստին բախտ չվիճակվեց մինչև պատերազմի հաղթական ավարտը շարունակել պայքարը հակառակորդի դեմ։ 1992թ. օգոստոսի 5-ի մարտը ճակատագրական եղավ նրա համար։ Ծուղակի մեջ հայտնվելով՝ ֆագոտչիկների խումբն այդպես էլ չվերադարձավ մարտից... Առ այսօր էլ հայտնի չէ նրանց ճակատագիրը՝ գերի՞ են վերցվել թշնամու կողմից, թե՞...
Գրքի ծնունդը ողջունեցին և Վ. Բաբայանի՝ որպես արհեստավարժ ու կարգապահ ֆուտբոլիստի մասին իրենց խոսքն ասացին ՙՂարաբաղ՚ թիմի նախկին ավագ մարզիչ, պահեստազորի  փոխգնդապետ Ռազմիկ Պետրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, խաղընկեր, ներկայումս ՙԼեռնային Արցախ՚ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանը, ՙՂարաբաղ՚ թիմի կիսապաշտպան, ԼՂՀ և ՀՀ վաստակավոր մարզիչ Կառլեն Սիմոնյանը, մանկության ընկեր Վազգեն Իշխանյանը, ֆուտբոլի գծով նախկին ԽՍՀՄ սպորտի վարպետ Վալերի Հայրիյանը, ՙՂարաբաղ՚ թիմի հարձակվող Արկադի Հակոբյանը, գրքի խմբագիր Նվարդ Ավագյանը։ 
Արցախյան ֆուտբոլի եռամեծար վարպետ, ճարպիկ ու կարգապահ, ազնիվ, իսկական ու հազվագյուտ ֆենոմեն, մեծ ֆուտբոլիստ ու ներքին էությամբ մեծ մարդ... Այսպիսին է մնացել Վարուժանն իր ընկերների հուշերում, ով իր  մեջ ամբարած ուներ պաշտպանին բնորոշ լավագույն գծերն ու որակները։ Մենամարտում նրան փաստորեն անհնարին էր հաղթել։ Դա գիտեին և՜ հակառակորդները, և՜ յուրայինները։ ՙՆրա խաղը կառուցված էր լինում մեծ զգուշավորության և ռիսկի վրա, հաշվենկատ էր, սառնասիրտ ու միաժամանակ ջերմեռանդ ու կրակոտ։ Եթե այս ամենին գումարենք նրա հղկված, փայլուն տեխնիկան, ամեն ինչ կդառնա պարզ։ Ցանկացած վտանգավոր պահ զգում էր ու կանխատեսում։ Ես նրան անվանում եմ կաշվե գնդակի վարպետ՝ աննման ու անփոխարինելի՚,- ասում է համամիութենական կարգի մրցավար Ալեքսեյ Բալայանը։ 
ՙԱփսոս, շա՛տ ափսոս, որ Վարուժանն իր մեծ ֆուտբոլը խաղաց միայն ԽՍՀՄ 2-րդ լիգայում։ Առաջին ու բարձրագույն լիգաների որևէ թիմում խաղալու պարագայում նրա շենշող տաղանդը կփայլեր բազմանիստ ադամանդի պես...՚,- Կառլեն Սիմոնյանի խոսքերն են։ Իսկ մարտական ընկեր Սերգեյ Գաբրիելյանի հավաստմամբ՝ նա իսկական մարտիկ էր և՜ սպորտում, և՜ կյանքում։
Միջոցառման մասնակիցները հավաստիացրին, որ Վարուժան Բաբայանի լուսավոր կերպարը միշտ կմնա ֆուտբոլը գնահատողների հիշողության մեջ, որ մարզաշխարհ մտնող սերունդները կիմանան Վարուժանի մասին, ով, ընկերների ու ժամանակակիցների հավաստմամբ՝ ղարաբաղյան ֆուտբոլի թիվ 1 պաշտպանն էր։    
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ