[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ԴՐԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Oskari_cr.jpgԹբիլիսիում անցկացված Թեյի և մեղրի փառատոնի, նախագծին արցախցի արտադրողների մասնակցության, նրանց տպավորությունների, կարծիքների և ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկությունների մասին մենք արդեն գրել ենք։ Այս անգամ մեր ընթեցողների ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցի (ԲԶԿՑ) ղեկավար Օսկարի ՊԵՆՏԻԿԱՅՆԵՆԻ հետ։
-Պարոն Պենտիկայնեն, պատմեցեք, խնդրեմ, ձեր և այն կազմակերպության մասին, որում Դուք աշխատում եք։
-Ես International Alert-ի այսինքն` ՙՄիջազգային տագնապ՚ միջազգային ոչ կառավարական խաղաղարար կազմակերպության նախագծերի ավագ մենեջերն եմ։ Ղեկավարում եմ ՙՏնտեսություն և հակամարտություն՚ կոչվող ուղղությունը Հարավային Կովկասում։ Այսօրվա միջոցառումը նշված աշխատանքների այդ ուղղության մի մասն է հանդիսանում, որոնք միավորված են Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցի նախագծի մեջ։
- Վաղո՞ւց եք ղեկավարում այդ աշխատանքները։
- Ավելի քան 9 տարի առաջ եմ ներգրավվել International Alert-ի տվյալ նախագծի մեջ։ Հակամարտությունների լուծման խաղաղարար շատ գործընթացներ ավանդաբար բևեռացվում էին քաղաքական կողմերի վրա։ Իսկ մեզ մոտ հակամարտությունները տնտեսական տեսանկյունից  ուսումնասիրելու և վերլուծելու  գաղափարն է ծնվել։ 2003 թվականին International Alert-ը տարածաշրջանի ուրիշ փորձագետների հետ համատեղ խնդիր դրեց ուսումնասիրել հարաբերությունները տնտեսության և հակամարտությունների միջև, իսկ ավելի ճիշտ՝ թե հակամարտություններն ինչպես են ազդում տնտեսական զարգացման, համագործակցության հարցերի վրա, և ընդհակառակը՝ տնտեսական գործոնները, շահերն ինչպես են ազդում հակամարտությունների դինամիկայի վրա։
- Դուք ի՞նչ չափով եք խորացել ձեր հետազոտություններում։
- Այդ հետազոտությունները հետաքրքիր արդյունքներ են տվել։ Չնայած հակամարտություններին ու փակ սահմաններին, տարբեր ընկերություններ այնուամենայնիվ կապ ունեն, առևտուր են անում իրար հետ։ Դա ընդհանուր կարիքների ցուցանիշն է, որը կարելի է փոխակերպել ընդհանուր շահերի։ Եղել է երկրորդ հետաքրքիր հանգամանքը՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանայնության հետ։ Յուրաքանչյուր հակամարտություն ուժեղ տարածաշրջանային հետևանքներ ունի։ Մի փակ սահմանը կամ մի երկաթուղու բացակայությունը ազդում են ոչ միայն անմիջականորեն հակամարտ կողմերի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Հատկապես եթե ամեն ինչին նայենք տնտեսական շահերի պրիզմայով։ Տարածաշրջանային փոխհարաբերությունները շատ հստակ են  գծագրվել։ Դա եղել է մեր հետազոտության մյուս հետաքրքիր հետևությունը։ Երրորդ գլխավոր արդյունքն է դարձել այն, որ փոքր և միջին բիզնեսը (ՓՄԲ) առանձնակի է տուժում հակամարտություններից։ Դրանք շահագրգռված են կայունության և սահմանների բացման հարցում, որպեսզի հնարավորություն ունենան առևտուր անել մեկը մյուսի հետ։ Մեծ բիզնեսն, ի տարբերություն ՓՄԲ-ի, միշտ էլ ուղիներ, քաղաքական շփումներ ունի իր շահերն առաջ մղելու համար։ Ահա և այդ հետազոտությունների հիման վրա 2005 թվականին ամբողջ տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին որոշեցինք ստեղծել Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցը։
- Ի՞նչ ծրագրեր են իրացվել այդ տարիներին։ Նրանցից որո՞նք են առավել հաջողված համարվում։
- Գիտե՞ք, հաջող լինելը հաճախ դժվար է չափել։ Դժվար է որոշել, թե մեր փոքր ծրագրերն որքանով են ազդում գործընթացների վրա։ Այնուամենայնիվ, մենք ունեցել ենք նաև այնպիսի տարածաշրջանային նախագծեր, որոնց մասնակցել են Հարավային Կովկասի բոլոր տարածաշրջաններից մեր գործընկերները, ըստ որում՝ տարբեր հատվածների գծով։ Ահա թեյի ուղղության վրա մենք աշխատում ենք արդեն մի քանի տարի։ Դա ոչ միայն թեյի փառատոն է, այլև՝ թեյի տնկադաշտերի ընդլայնում։ Մյուս համատարածաշրջանային նախագիծը վերաբերում է մեղվաբուծությանը։ Ամբողջ տարածաշրջանից մեր գործընկերները մասնակցում են մեղվաբուծության գծով հետազոտություններին՝ մեղրի կովկասյան բրենդ ստեղծելու նպատակով։ Իրապես դա աջակցում է ամբողջ տարածաշրջանում մեղվաբույծների միջև երկխոսության հեշտացմանը։ Ներկայումս քարտագրման գործընթացն է գնում, այսինքն՝ այն իրավիճակը պարզելը, որում մենք կարող ենք օգնել։ Կազմակերպել ենք տեղեկատվական փուլեր, այսինքն՝ մի տարածաշրջանից մյուսը գործընկերների այցեր փորձի, տեղեկատվության փոխանակման, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրման համար։ Այդ ուղղությամբ մենք շատ ենք աշխատել՝ ձգտելով մոբիլիզացնել տարածաշրջանի ներքին ռեսուրսները։ Եվ մեր գործընկերների արձագանքներից դատելով, դա մեր գործունեության՝ բոլորի համար շատ կարևոր, արժեքավոր մասն է։ Աշխատանք է տարվել կովկասյան տարբեր բրենդների ստեղծման ուղղությամբ, օրինակ՝ Կովկասյան պանրի, որն արդեն մի քանի տարի է՝ ինչ արտադրվում է։
- Այսինքն՝ այդ մթերքը համատեղ արտադրում են տարբե՞ր հանրապետությունների մասնագետներ։
-Այո, դա մեր մեթոդաբանության մի մասն է, մենք դա անվանում ենք մասնագիտական երկխոսություն։ Պանրի բրենդն սկսվել է որպես մասնագիտական երկխոսություն Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի պանրագործների միջև։ Մենք բիզնես-համաժողով ենք կազմակերպել Կարսում, որտեղ հավաքվել են պրոֆեսիոնալներ այդ երեք երկրներից։ Պանրագործներն իրենք են պանրի համատեղ բրենդ ստեղծելու հարց բարձրացրել։ Իսկ մեր խնդիրն է հեշտացնել այս կամ այն նախագծի սկզբնական փուլը և հասցնել արտադրության։ Այնուհետև՝ դա արդեն զուտ առևտուր է՝ կոմերցիա, որն ապրում է իր օրենքներով և մեր իշխանությանը ենթակա չէ։ Մեր խնդիրն է դրական մոդելներ ստեղծել համագործակցության համար։ Իհարկե, շատ այլ նախագծեր կան։ Աբխազիայում տարբեր բիզնես-ընկերություններից մեր գործընկերների շնորհիվ վերամշակող արտադրամաս ենք ստեղծել։ Վրացի և աբխազ մասնագետների հետ համատեղ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքար ենք կազմակերպել։  Մենք սկսել ենք այդ աշխատանքը, իսկ շարունակում են ուրիշներ։ Այդ է մեր աշխատանքի իմաստը. մենք սկսում ենք, իսկ հետո ուրիշներ են միանում։
-Այսինքն՝ ձեր աշխատանքը կայանում է այն բանում, որ ճանապարհ հարթեք, մարդուն օգնեք ոտքի կանգնել։
-Ընդհանուր առմամբ՝ այդպես է։ Ըստ էության՝ մենք ունենք կրկնակի մանդատ, բայց, առաջին հերթին՝ խաղաղարարական, հետո արդեն առաջ է մղվում տնտեսական կողմը։
-Եթե այդ բիզնես-նախագծերի մասնակիցները չեն կարող իրենց շահը, շահույթն ունենալ, Ձեզ չի՞ թվում, որ այդ ամենն իզուր է արվում։
-Այն աշխատանքը, որ մենք ենք կատարում, ես չէի գնահատի եկամտաբերության կամ վնասաբերության պրիզմայով։ Իհարկե, մեր աշխատանքը չի կողմնորոշված դեպի բիզնեսը, դեպի շահույթի ստացումը։ Մենք բարեգործական կազմակերպություն ենք, որը նպաստում է հակամարտության պայմաններում բիզնես-ընկերությունների մերձեցմանը, նրանց մասնագիտական շփմանը, այս կամ այն ժամանակակից արտադրության կարգավորմանը։
-Դուք ի՞նչ տպավորություններ ունեք Թեյի և մեղրի փառատոնից։
-Լավ տպավորություններ։ Կարծում եմ՝ միջոցառումը ստացվեց։ Տարեցտարի և քայլ առ քայլ մենք էլ ենք փորձ կուտակում, սովորում, ինչպես ավելի լավ և ինչպիսի շրջանակներում նախագիծ կազմակերպել, ինչպես կազմել ծրագիրը, որպեսզի դա հետաքրքիր լինի ու, միաժամանակ, մեր խաղաղարարական մեսիջները չկորչեն։
-Իսկ ի՞նչ եք մտածում ներկայացվող արտադրանքի վաճառքի հնարավորության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղից եկած մասնակիցների  առաջարկության մասին։
-Արժե, որ մտածենք նաև այդպիսի մոտեցումների մասին։ Այսինքն՝ աշխատել ինչ-որ եկամուտներ ստանալ այսպիսի միջոցառումներից, որովհետև շատ այցելուներ են պատրաստ գնել ներկայացվող արտադրանքը։ Բայց դրա համար անհրաժեշտ է հստակորեն կշռադատել վաճառքի ամբողջ մեխանիզմը, որպեսզի խուսափենք թյուրիմացություններից։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ