[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՍՈՆԱ ՎԱՆԻ ՀԵՏ

888888888.jpgԲանաստեղծուհի Սոնա Վանի հետ հանդիպումը Ստեփանակերտի  ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց¬դահլիճում, հոկտեմբերի վերջին տասնօրյակում, անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում։
Սոնա Վանը ծնվել է Երևանում, ապրում է Ամերիկայում։ Մասնագիտությամբ բժիշկ է և հոգեբան։ 
Առաջին գիրքը՝ ՙՓշրանքներ՚ (1998թ.), ընթերցողն ընդունեց հետաքրքրությամբ, իսկ Սիլվա Կապուտիկյանը ողջունեց նրա տաղանդը։ 
Բանաստեղծական երկրորդ ժողովածուն կրում է ՙԵս անուն չունեմ՚  (2003թ.), երրորդը՝ ՙԵս ձայն եմ լսում՚ վերնագիրը (2008թ.)։  Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին։ Հիմնադրել է ՙՆարցիս՚ գրական¬գեղարվեստական, մշակութային հանդեսը (2006)։ Թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, բելառուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։
Հանդիպումը բացեց և բանաստեղծուհուն ներկայացրեց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը։ 
Նշվեց, որ բանաստեղծուհու աշխարհընկալման չափանիշը ներքին ազատությունն է և մտային սևեռումների անկրկնելիությունը։ Նա նրբագույն զգայարաններով զգում է կյանքի ցավը, որի ակունքները բազմախորշ են, բազմագույն ու բազմաձայն։ Պոետը, ինչպես ինքն է իրեն զգում, հոգեբանական ներթափանցումներով իրար է շաղախում իրականն ու երևակայականը, այն անցկացնում իր գերզգայական ընկալումներով, հանգում  ինքնատիպ եզրակացությունների։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ընդգծելով բանաստեղծուհու ապրումների ազգային ու անհատական, անձնական ու անանձնական լինելը, ասաց, որ կյանքի դառնություններից ու անակնկալ հատվածներից պատսպարվելու միջոցը նրա համար սերն է, որ ՙԴեռ չի մեռել, այն ապրում է գաղտնի դատարկ առանցքներում ոսկորներիս՚։ Եվ հյուսվում է սիրո պոեզիան՝ հասուն վայելումի ու ցավի, հավատարմության ու բաժանումների համանվագում, իրական ու երևակայական գույներով։ 
ՙՆարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը հանգամանորեն կանգ առավ Սոնա Վանի վերջին ժամանակներում լույս տեսած ՙՉարա անունով թռչունը՚ ժողովածուի թեմատիկ բովանդակության և ընդհանրապես նրա գեղագիտական ընկալումների վրա։ Բանաստեղծուհին բառապատկերային հակադրությամբ կոնկրետացնում է պատերազմ երևույթի ողջ ողբերգականությունը. ՙՊապիս սպանեց թուրքը, հորս սպանեց գերմանացին, որդուս սպանեց ազերին, իսկ աղջիկս երեկ տղա է ծնել՚։ Նրա պոեզիան աշխարհի նորովի ընկալման ու վերարտադրման երգ է՝ մտահուզային նրբություններով ու խորքով։
Բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանն ասաց, որ Սոնա Վան-պոետի մոտ բանաստեղծական ճանապարհը երակ է, ուր կարելի է հասնել բառի խորքերին։ Գրողն ավելին է՝ օժտված գերմարդկային իմպուլսներով, այդ իսկ պատճառով կարողանում է ստեղծել կյանքի կոչող և ոչնչացնող կերպարներ, և ստեղծում է գրականություն, որ պետք է ծառայի ժողովրդին։ Գրողը ստեղծագործելով հայրենիքից հեռու, իր մեջ մշտապես կրում է հայրենիքը, մայրենի լեզուն։ Նրա ստեղծագործությունները նման են  տաք շնչառության, և նրա որոնածը հենց ինքն է։
Սոնա Վանն իր ելույթում պատմեց հայ համայնքի հրավերով ռուսերեն թարգմանված գրքի կապակցությամբ  վերջերս Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցելության և իր վրա մեծ տպավորություն թողած պետերբուրգյան աշնան մասին։ ՙԵրբեք այդքան  միահյուսված չեմ եղել աշնան հետ,¬ ասաց նա։¬ Մահացած տերևին կարծես թե նոր շունչ¬ նոր շարժում եմ փորձում հաղորդել, ու ինչ ¬որ տեղ փրկել նրա կյանքը։ Կարոտի ու կարեկցանքի զգացողություն ունեմ, անցյալի կարոտ։ Կարծես ինչ¬որ բան հետևում է մնում, և ժամանակը այնքան թանկ է դառել, որ չեմ ուզում բաժանվել ոչնչից՚։ Սանկտ Պետերբուրգից հետո բանաստեղծուհին եղել է Մոսկվայում, հանդիպել գրական շրջանակների, գրողների, գրականագետների հետ, իսկ Արցախ այցելել է վիրահայ պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Վազգեն Սրբազանը։ Սոնա Վանի գիրքը թարգմանվել է վրացերեն, նա հանդիպում է ունեցել վիրահայ և վրացի ընթերցողի հետ, և այդ մտերմությունը առիթ  էր դարձել պատվիրակության կազմում ընդգրկվելու։ ՙՃիշտ է, ՙՆարցիս՚ գրական¬գեղարվեստական հանդեսի միջոցով շփվել եմ արցախցի գրողների հետ,¬ ասաց բանաստեղծուհին,¬ բայց այսպես  համախումբ հանդիպումն ու  ծանոթությունն ինձ համար  մեծագույն հաճույք են՚։
Վազգեն Սրբազանը իր ելույթում ասաց, որ իրարից անջատված հայկական երկու հողակտորների միջև հոգևոր ¬ գրական ¬ մշակութային կապի հաստատումը մեծ ու կարևոր գործ է։ Որ հանդիպման  ժամանակ կայացած մտքերի փոխանակումը, ջերմությունը, կատարված առաջարկությունները ոգևորիչ և ներշնչող են։  ՙՀնարավորություն պիտի ստեղծվի փոխայցելությունների, գրքերի շնորհանդեսների, գրողների հետ հանդիպումների։  ՙԳրականությունը, պոեզիան  պիտի գնան դեպի ժողովուրդը, և այս խնդրով մտահոգված է նաև վիրահայ եկեղեցին,¬ ¬ասաց Սրբազանը։ - Մենք մեր մեջ միշտ ունեցել ենք Հայաստանը, Արցախը, որը մեզ ներշնչում է։ Առանց հոգևորի դժվար է ապրել։ Նոր սերունդը պետք է իմանա նաև նոր ստեղծագործողներին, նոր գրական գործերը։ Շփման եզրեր ստեղծենք և համախմբվենք ազգային գաղափարախոսության շուրջ՚։
Հանդիպման վերջում գեղանկարիչ Լիանա Քոչարյանն իր գործերից նվիրեց Սոնա Վանին։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ