Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԱՐՑԱԽԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Suleymanyan.jpgՊրոֆեսոր Ս.Հ. ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆԻ  85-ամյակի կապակցությամբ 
Արցախ աշխարհը բոլոր ժամանակներում էլ հարուստ է  եղել  ուսումնատենչ զավակներով: Պատահական չէ, որ մեր լեռնաստանիից ելած պատանիներն ուսում ստանալու նպատակով դեռևս նախախորհրդային շրջանում հասել են Եվրոպայի և Ռուսաստանի, իսկ խորհրդային իշխանության օրոք՝ Հայաստանի և  միութենական այլ հանրապետությունների տարբեր քաղաքների կրթօջախներ: 
 Նրանցից մեկն էլ անվանի գիտնական, կրթության ճանաչված կազմակերպիչ Սուրեն Հակոբջանի Սուլեյմանյանն էր:
Ծնվել է 1928թ. օգոստոսի 31-ին, Մարտունու շրջանի Ճարտար¥Գյունե կալեր¤ գյուղում։ Հայրենի գյուղում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ճարտարագետ-երկրաբանի մասնագիտությամբ: Ապա աշխատանքի է անցել Երևանի  լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտում, իսկ այնուհետև՝ Հայաստանի երկրաբանական վարչության երկրաբանահետախուզական արշավախմբերում, որպես  երկրաբան, արշավախմբի պետ։  
Ուղիղ կես դար առաջ՝ 1963-ին, Ս. Սուլեյմանյանի աշխատանքային գործունեւոթյունը կապվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ¥այժմ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան¤ հետ:
Խորհրդային տարիներին կրթության բնագավառում, առանձնապես՝ բուհական համակարգում,  իրականացվող քաղաքականությունը կյանքի էր կոչվում տնտեսության զարգացման առաջնահերթություններին համահունչ: Դեռևս 1930-ական թվականներին, երբ երկիրն ընտրել էր ինդուստրացման ծրագիր և ճարտարագետ մասնագետների խիստ պահանջ կար, Երևանի նորաստեղծ պոլիտեխնիկական ինստիտուտում անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել նաև հեռակա և երեկոյան ուսուցում: 1958 թվականին ընդունված ՙԿյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և կրթության հետագա զարգացման մասին՚ միութենական հայտնի օրենքից հետո ընդլայնվեցին երեկոյան և հեռակա  ուսուցման ծավալները: Ելնելով օրենքի պահանջներից, 1963թ. ինստիտուտում ստեղծվում է երեկոյան և հեռակա ուսուցման գծով պրոռեկտորի պաշտոն, որը երկար տարիներ զբաղեցնում  է Ս. Սուլեյմանյանը: 
ԽՍՍՀ բազմաճյուղ տնտեսության հետևողական զարգացումը լուրջ խթան էր միութենական տարբեր հանրապետությունների տնտեսությունների, հետևաբար և գործող բուհական համակարգի վերակառուցման ու զարգացման համար: Աճելով Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց՝ ԵրՊԻ-ն անցած դարի 90-ական թվականներին ուներ շուրջ 25000 ուսանող` 65-ից ավելի մասնագիտություններով: Հանրապետության իշխանությունների աջակցությամբ ԵրՊԻ-ն 1959 թվականին Լենինականում և Կիրովականում ստեղծում է մասնաճյուղեր, Երևանի էլեկտրամեքենաշինական գործարանում 1960թ. ¥գործեց մինչև 1965թ.¤, Դիլիջանում բացվեցին ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնային ֆակուլտետի բաժանմունքներ ¥գործել են մինչև 1989թ.¤: ՀԽՍՀ կառավարության 1984թ. որոշմամբ ստեղծվեց ԵրՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը ¥գործել է մինչև 2006թ.¤։ Նույն թվականին Կապանում բացվեց ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կենտրոնը, իսկ 1990թ. Ստեփանակերտում բացվեց ինստիտուտի հեռակա ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական բաժանմունքը, որը 1991թ. ստացավ ԵրՊԻ մասնաճյուղի կարգավիճակ: Նշված բոլոր կրթօջախների  աշխատանքները ԵրՊԻ-ում համակարգում էր պրոռեկտոր Ս.Սուլեյմանյանը: Լրագրային հոդվածում երևի թե հնարավոր չէ լիարժեք ներկայացնել այն բազմաբնույթ աշխատանքը, որ կատարում էր պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանը մասնաճյուղերի և մայր բուհի փոխհամաձայնեցված գործունեությունն իրականացնելու ուղղությամբ:
1991թ. նոյեմբերին ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ):  Ս.Սուլեյմանյանը նշանակվեց  նորաստեղծ համալսարանի պրոռեկտոր ¥փոխպրեզիդենտ¤: 
Մանկավարժական աշխատանքին զուգահեռ Ս.Սուլեյմանյանը զբաղվում էր նաև գիտահետազոտական աշխատանքով. 1970թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ կարճ ժամանակ անց ստացել դոցենտի կոչում։ 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 
Ս.Սուլեյմանյանը հեղինակ է 42 գիտական աշխատանքների և հոդվածների,  արժանացել է  Հայաստանի վաստակավոր երկրաբանի կոչման: 
ՀՊՃՀ-ում պատվավոր պրոֆեսորի կոչման շնորհումը սկիզբ է առել 1994թ., և առայսօր Հայաստանից և արտերկրից 14 հոգի արժանացել է այդ կոչմանը: 2003թ. նման բարձր պատվի է արժանացել նաև Ս.Սուլեյմանյանը՝ ի գնահատումն ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի ստեղծման ու զարգացման և արտադրությունից չկտրված ուսուցման կազմակերպման ասպարեզում ունեցած ակնառու ծառայությունների։ 
Պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանը ուսումնագիտական աշխատանքներին զուգահեռ ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին: 1988թ., երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, նա դարձավ  նորաստեղծ ՙԱրցախ՚ հայրենակցական միության, ինչպես նաև ՙԱրցախ-Հայաստան՚ հասարակական-քաղաքական կազմակերպության, ապա և 1991 թվականից՝  ՙԱրցախ-Հայաստան՚ կուսակցության հիմնադիրներից մեկը, հանդիսանալով այդ կառույցների ղեկավար կազմերի՝ վարչությունների անդամ: 
Պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանի հետ իմ ծանոթությունը կայացել է 1968թ., երբ ես մրցույթով աշխատանքի էի անցել ԵրՊԻ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում: Այդ նույն տարում ինստիտուտի ամբիոններում աշխատանքային գործունեություն է սկսել  ծննդով արցախցի երիտասարդ մասնագետների մի փոքրաթիվ խումբ: Մենք բոլորս հպարտանում էինք պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանի հետ շփվելու, հաղորդակցվելու  հնարավորությամբ և բուհի հետ կապված մեր գրեթե բոլոր քայլերը սիրով համաձայնեցնում էինք նրա հետ:
Շուրջ քսան տարի դասախոսական աշխատանք կատարելով ԵրՊԻ-ում՝  պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանի ղեկավարությամբ, մշտապես ականատես եմ եղել նրա  անմնացորդ նվիրումին պոլիտեխնիկի կոլեկտիվին, գործընկերներին, ուսանողների հանդեպ հայրական հոգատարությանը, և այս թվարկումը կարելի է երկար շարունակել:
Ղարաբաղյան շարժման տարիներին գործուն դրսևորում ստացավ պրոֆ. Ս.Սուլեյմանյանի մեկ այլ կարևոր հատկանիշ` անմնացորդ նվիրվածությունը հայրենի Արցախին: Պատահական չէ, որ նա առաջիններից մեկն արձագանքեց ԵրՊԻ-ի ռեկտոր Յու.Սարգսյանի՝  Ստեփանակերտում մասնաճյուղ բացելու առաջարկությանը և, իր վրա վերցնելով գործընթացի համակարգման աշխատանքները, ամեն ինչ արեց գաղափարը գործի վերածելու համար: 
Բերեմ մի հատկանշական օրինակ, որը լավագույնս է բնորոշում նպատակին հասնելու նրա  հաստատակամությունը: Երբ հերթական անգամ Ստեփանակերտ էր ժամանում, իսկ Երևանից Արցախի հետ հաղորդակցության միակ ուղին օդայինն էր,  ազերի օմոնականները Ստեփանակերտի օդանավակայանում ձերբակալում են նրան և փորձում որպես ՙհայաստանյան էքստրեմիստի՚ տեղափոխել Բաքու` իբր իսկությունն այնտեղ պարզելու համար: Օմոնականների հրամանատարի մոտ շուրջ երկու ժամ տևած հարցաքննության ընթացքում Ս. Սուլեյմանյանին ներկայացվում են տարաբնույթ մեղադրանքներ: Այդ ընթացքում օդանավակայանում հերթապահող արցախցի միլիցիայի մայոր  Բորիս Գրիգորյանը հասցնում է Ստեփանակերտում ում որ հարկն է տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին։  Մեծ ջանքերի գնով հաջողվում է Հատուկ կառավարման կոմիտեի աշխատակիցների միջոցով կանխել պրոֆեսորին Բաքու տեղափոխելու վտանգավոր մտադրությունը: Հետագայում ամեն անգամ  Ստեփանակերտ գործուղման գալուց՝  Ս. Սուլեյմանյանն իրեն հատուկ հումորով ասում էր. ՙԷքստրեմիստը պատրաստ է իր առաքելությունը կատարել՚: 
Առիթը ցանկանում եմ օգտագործել և հնչեցնել Ս.Սուլեյմանյանի հեռատես կարծիքն Արցախում համալսարան ստեղծելու վերաբերյալ:
Երբ առաջարկվեց Ստեփանակերտում գործող Հայաստանի երկու կրթօջախների՝ Կիրովականի (Վանաձորի) Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինտիտուտի  բաժանմունքի և  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի միավորմամբ Ստեփանակերտում ստեղծել պետական համալսարան, պրոֆեսոր Ս. Սուլեյմանյանն արձագանքեց այսպես. ՙԻսկ նորաստեղծ հանրապետության ղեկավարությունը և հասարակությունը հասունացե՞լ են, արդյոք, ընկալելու համալսարանի ստեղծման գաղափարը և նպաստելու նրա իրագործմանը՚: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ պրոֆեսորի մտավախությունն անտեղի չէր: Սակայն, չնայած դրան, Ս. Սուլեյմանյանն ի սպաս դրեց իր բոլոր հնարավորությունները՝ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) հիմնադրման խնդիրը կյանքի կոչելու համար։  
Պրոֆեսոր Ս.Սուլեյմանյանն ապրել է լիարժեք կյանքով, իր մարդկային և մասնագիտական կարողությունները մինչև վերջին շունչը՝ 2008թ. փետրվարի 28-ը, անմնացորդ նվիրաբերելով ընտանիքին, աշխատանքային կոլեկտիվին, հայրենիքին,  ծննդավայր Արցախ աշխարհին։ 
 
Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մանկ. գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր
ՀՊՃՀ պատվավոր պրոֆեսոր