[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՄԵՐՁԵՑՆԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Rusac_lezu.jpgՀայ եւ ռուս ժողովուրդների  բարեկամությունը դարերի պատմություն ունի, այն իր արտացոլումն է գտել հայկական մշակությում, ինչպես նաեւ գրականության մեջ: Ռուս դասական գրականության մեջ բազմաթիվ էջեր կան՝ նվիրված հայ ազգին, մեր պատմությանն ու երկրին: Ալ.Պուշկին, Մ. Լերմոնտով, Ալ. Բլոկ, Վ. Բրյուսով եւ շատ ու շատ ականավոր ռուս հեղինակներ իրենց գործունեությամբ  նպաստն  են բերել հայագիտությանը եւ հայոց բազմադարյա քաղաքակրթությունն ու մշակույթը  ներկայացրել ռուս ընթերցողներին։ 
Հայ ազգի ռուս բարեկամ ստեղծագործողներից այսօր էլ կան տաղանդավոր անհատականություններ, որոնք ներշնչվում են Հայաստան աշխարհով եւ մտքի սլացքներով: Այստեղ պետք է նշել Վիկտոր Կոնոպլյովի անունը. նա իր համար նույնիսկ հայկական անուն է ընտրել՝ Արամ Կանեփյան, եւ նրա ստեղծագործություններում պատկերվում է Արցախը՝ իր նյութական եւ հոգեւոր հարստությամբ։
Այս եւ նման հարցերի շուրջ էր  օրերս ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում կազմակեպված թրենինգ-քննարկումը, որին մասնակցում էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Թրենինգի նախաձեռնող, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Օհանյանի խոսքերով՝ այս ուսումնական տարվանից յուրաքանչյուր հինգշաբթի   համալսարանում հայտարարվում է ռուսաց լեզվի օր:
Այդ օրը հատուկ արտաուսումնական ժամ է հատկացվում, որի ընթացքում ընտրում են երիտասարդությանը հետաքրքրող  թեմա,  այն քննարկում ռուսերեն լեզվով: Ուսանողներն արտահայտում են իրենց տեսակետները, ներկայացնում տեղեկություններ թեմայի վերաբերյալ: Թեմաները  տարբեր ուղղվածության են՝  սեր, ընտանիք, երջանկություն, Արցախյան շարժում, Արցախի պատմամշակութային հուշարձաններ եւ այլն: Քննարկումներն ընդմիջվում էին ռուս դասական գրողների ստեղծագործությունների արտասանություններով:
Անդրադառնալով թրենինգի կարեւորությանը՝ Գայանե Օհանյանն ընդգծեց, որ բնականաբար առաջնահերթ նպատակը ուսանողության շրջանում  ռուսաց լեզվի  ամրապնդումն է,  նաեւ  ազգային արժեքների գնահատումը:
ՙՔանի որ Վալերի Բրյուսովի ավանդը չափազանց մեծ է հայ գրականությունը ռուս ընթերցողին ներկայացնելու գործում, եւ նաեւ՝ նա  շատ է սիրել հայերին ու Հայաստանը, բազմաթիվ ստեղծագործություններ ունի նվիրված Հայաստանին, նախատեսում ենք մի քանի ժամ հատկացնել Բրյուսովի կյանքին ու գործունեությանը՚,-ասաց Գ. Օհանյանը եւ հավելեց, որ  ընդգրկելու են  այն հեղինակներին, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադարձել են հայությանն ու Հայաստանին: Իսկ այդպիսի հեղինակները շատ են, որոնցից նշանավոր են Ալ. Պուշկինը,  Մ. Լերմոնտովը, Օ. Մանդելշտամը եւ ուրիշներ:
Ուսանողներն էլ իրենց հերթին կիսեցին տպավորությունները՝ չթաքցնելով խանդավառությունը: Թրենինգի ընթացքում ամենաակտիվ ուսանողը պարգեւատրվեց պատվոգրով:
Անշուշտ, նման միջոցառումները  նպաստում  են սովորողների  ուսման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ նաեւ խթանում  նրանց  ինքնուրույն աշխատանքի կազմակերպմանը եւ ամենակարեւորը` գրականության հետ ուսանողության առավել  մերձեցմանը:
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ