Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

23.jpgՆոյեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդութան պալատում հյուրընկալվել են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, դաշնակահար, երգահան, հումորիստ Լևոն Օգանեզովը և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեյ Անկուտինովը։ Երկու արտիստներն էլ վերջերս համերգներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության մի շարք  քաղաքներում, և, ինչպես իրենք նշեցին, չէին կարող բաց թողնել Արցախ այցելելու և համերգ տալու հնարավորությունը։ Համերգն իրականացնելուն օժանդակել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 
 Համերգին, որն անցավ անշլագով, ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։
Ռադիոլրագրող և հաղորդավար Սեյրան Կարապետյանը ներկայացրեց արտիստներին։
Լևոն Օգանեզովը ծնվել է 1940թ. Մոսկվայում։ Հայրը՝ Սարգիսը, վարպետ կոշկակար է եղել, մայրը՝ տնային տնտեսուհի, բայց՝ նուրբ երաժշտական լսողությամբ օժտված անձնավորություն։ Լևոնն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Մասնակցել և հաղթել է դաշնամուրային բազմաթիվ մրցույթներում։ Համահեղինակել է հեռուստատեսային մի շարք հայտնի ծրագրեր։ Նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝  ՙԱնձրևի հետքը՚, ՙՆնջարանի բանալին՚, ՙՎաճառվում է ամառանոց՚, ՙԵրջանկության ռելսեր՚ (սերիալ)։ 2012-ին Մոսկվայի երաժշտական կոմեդիայի թատրոնում հեղինակել է ՙԺամանակները չեն ընտրում՚ կատակերգության երաժշտական կոնցեպցիան։ Որպես նվագակցող աշխատել է շատ հայտնի արտիստների հետ (Կլավդիա Շուլժենկո, Լեոնիդ  Ուտյոսով, Օլեգ Անոֆրիև, Վալենտինա Տոլկունովա, Իոսիֆ Կոբզոն, Անդրեյ Միրոնով, Վլադիմիր Վինոկուր, Մաքսիմ Գալկին և ուրիշներ)։ Ունի բազմաթիվ պարգևատրումներ։ 2010թ.  Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արժանացել է ժողովրդական արտիստի  պատվավոր կոչման։ Որպես արտիստ վառ անհատականություն է։ Համերգներով հանդես է եկել Ռուսաստանի բազմաթիվ  քաղաքներում և դրսում։
Դաշնակահարը համերգից առաջ ջերմ խոսքով դիմեց դահլիճին, խոստացավ մտերմիկ երեկո, հաճելի մթնոլորտ։ Արտիստը հայկական միջավայրում համերգով հանդես է եկել 35 տարի առաջ, բայց խոստացավ, որ հաջորդ հանդիպումը կլինի ավելի շուտ։  Դահլիճի և բեմի միջև ստեղծված կապը, ամեն-ամեն ինչ օժանդակեցին համերգի հաջողությանն ու  երեկոյի կայացմանը։ 
Քանի որ Ռուսաստանում հայտարարվել էր ՙԴունաևսկու տարի՚՝ ծննդյան 100-ամյակի առթիվ, արտիստները համերգային ծրագիրը բացեցին անվանի երգահանի ՙԻմ սեր՚ կինոֆիլմի համար գրված երգով, երգ, որը երգահանը նվիրել էր կինոյի գլխավոր հերոսուհուն՝ իր մտերմուհուն։ 
Այնուհետև Ա. Անկուտինովը կատարեց Նիկիտա Բոգոսլովսկու ՙԵրեկ հանդիպեցի՚ երգը։
Երեկոյի հաճելի  համարներից էր Ասկերանի եկեղեցու հովիվ հայր Էմանուելի ՙՕր և գիշեր՚ երգի կատարումը Լևոն Օգանեզովի նվագակցությամբ։ Հետաքրքիր պատմություն ունի երկուսի հանդիպումը 25 տարի առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ՙԿովկաս՚ ռեստորանում։ Երիտասարդ երգիչը նույն երգի կատարման համար անվանի իր հայրենակցին որպես  ծանոթության միջոց խնդրել էր նվագակցել։ Լսարանը  կատարումն ընդունեց օվացիաներով։ 
Ա. Անկուտինովը կատարեց նաև Շառլ Ազնավուրի երգերից և մեկ զինվորական երգ Ուտյոսովի ալբոմից։
Երեկոյին համ ու հոտ հաղորդեց Լևոն Օգանեզովը՝ ներկայացնելով զվարճալի դրվագներ հայտնի երաժիշտների, արտիստների, երգիչների կյանքից։ Նրա հումորիկ նմանակումները ևս աշխուժություն առաջացրին դահլիճում։
Լ. Օգանեզովի ստեղծագործական երեկոն ավարտվեց ՙԱյստեղ ապրում են իմ ընկերները՚ երգով, որը կատարեց Ա. Անկուտինովը։ 
Արտիստները բաժանվեցին նոր հանդիպումի ակնկալությամբ, երջանկության ու խաղաղության բարեմաղթանքներով։ 
Համերգի վերջում արտիստներին խնդրեցինք արտահայտել իրենց տպավորությունները։
Լ. ՕԳԱՆԵԶՈՎ.- Այն ջերմությունը, որ ես ստացա դահլիճից, աննկարագրելի է։ Գուցե դա  նրանից է, որ իմ արմատները նաև այստեղ են. տատս շուշեցի է, հորս կողմը Արևմտյան Հայաստանից է՝ Կարսից։ Ամբողջ գերդաստանը զբաղվել Է առևտրով, կոշկակարությամբ, կաշվի գործով։ Երկու կողմերն էլ ունեցել են երաժշտական նուրբ լսողություն, նվագել են կիթառ և ակորդեոն։ Մայրս տնային տնտեսուհի է եղել, և երբ ես դաշնամուրի վրա պարապում էի, նա խոհանոցում ամաններն էր լվանում և ինձ դիտողություն անում, եթե սխալ նոտա էի վերցնում, նույնիսկ ... Պրոկոֆևից։ 
Իմ ընտանիքի ճակատագիրն արտացոլում է խորհրդային  շրջանի ողջ պատմությունը՝ անձի պաշտամունքի շրջանի բռնաճնշումներ, Հայրենական մեծ պատերազմ, որից հետո ընտանիքով անցել ենք խաղաղ կյանքի։ 
Ստիպված եմ եղել աշխատել 15 տարեկանից։ Համերգային կյանքին անցել եմ շատ վաղ, բայց ստեղծագործական կյանքս սկսվել է ավելի ուշ տարիքում, երբ հնարավորություն և ժամանակ եմ ունեցել երաժշտություն հորինելու, ընտրելու, թե որտեղ աշխատեմ, որ թատրոնում, որ համերգային ծրագրերում։ Ուրիշ երգահանների հետ ավելի ուշ շրջանում ես ստեղծել եմ երաժշտական պիեսներ։ Այժմ ազատ ժամանակ շատ ունեմ, կարող եմ գիշերը վեր կենալ, նվագել կամ հորինել ինչ¬որ բան։
Ինձ համար ամենամեծ հաճույքը հանդիսատեսին գոհացնելն է։ Աստվածաշնչյան սկզբունք է՝ պիտի կարողանաս տալ, որ վերցնես։ Արտիստի համար ես կարևոր եմ համարում  անկեղծությունը կյանքում և բեմում, որպեսզի քեզ հավատան։
Ա. ԱՆԿՈՒՏԻՆՈՎ.- Ինձ համար անչափ հաճելի էր դահլիճի ջերմ վերաբերմունքն իր անվանի հայրենակցի հանդեպ։ Ինձ համար սա մեծ տոն էր։
Ես տեսա արցախցու նուրբ հոգին, սիրտը և երաժշտական լսողությունը։ Տեսա, որ նրանք մարդիկ են, ովքեր անչափ սիրում են իրենց երկիրը, հայրենիքը։ Լուսավոր ու պայծառ տրամադրություն էր տիրում դահլիճում։ Լսարանը կիրթ-երաժշտական էր, իսկ դա տրամադրում էր։ 
Դուք ժողովուրդ եք, որ շատ բաների կհասնեք։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ