ԹԱՅ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

taykinkboqsing.jpgՆոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած թայ քիք-բոքսինգի Եվրասիայի միջազգային առաջնությանը պատվով հանդես եկան  Արցախի մարզիկները։ Առաջնությանը 20 պետություններից մասնակցում էին ավելի քան 200 մարզիկներ։ Ստեփանակերտի քաղաքապետարանի մարզադպրոցի երեք մարզիկները հանդես եկան ՀՀ հավաքականի կազմում։ 
Հայաստանի հավաքականը ներկայացավ յոթ հոգուց բաղկացած կազմով, որից երեքը արցախցիներ էին (տեղեկացնենք, որ Արցախում գործող՝ 15 հոգուց բաղկացած հավաքականի գլխավոր մարզիչը և ԼՂՀ թայ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը Գարեգին Աղաբալյանն է)։ 
Ստեփանակերտի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանի խոսքերով՝ բարձր մակարդակով անցկացված Եվրասիայի միջազգային առաջնությանը արցախցի մարզիկները հանդես եկան արժանապատվորեն։ 13-15 տարիքային խմբերի միջև կայացած մենամարտերում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Դավիթ Հայրապետյանը (52-57կգ քաշային կարգ)։ Բոլոր երեք մենամարտերն էլ Դավիթը եզրափակեց հաղթանակով։ Ի դեպ`  վերջին մենամարտը ադրբեջանցի մարզիկի հետ էր։ Իսկ 37-42կգ քաշային կարգում 13-15 տարիքային խմբերի միջև 2-րդ տեղը գրավեց Արման Գալստյանը և 18-ից բարձր տարիքային խմբերի մենամարտերում 55-60կգ քաշային կարգում 3-րդ տեղին արժանացավ Ալեքսան Աղաբալյանը։ 
Հաղթանակով վերադարձած արցախցի մարզիկները Ստեփանակերտի քաղաքապետարանի մարզադպրոցում Էմիլս Հովհաննիսյանի և ԼՂՀ թայ քիք-բոքսինգի ֆեդերացիայի հովանավոր, գործարար Բորիս Բարսեղյանի կողմից արժանացան պատվոգրերի և նվերների։ Է. Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ մարզադպրոցում արդեն երկրորդ տարին է՝ թայ քիք-բոքսինգ մարզաձևով պարապում են 40-ից ավելի երեխաներ։ Ընդհանուր առմամբ, մարզիկները երկու տարվա ընթացքում անցկացված մրցաշարերից միշտ վերադարձել են մրցանակներով։ Նշենք, որ 2013թ. հունիսի 20-24-ը  Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջնության ՙԿազակական մենամարտեր՚ մրցույթում արցախցի 6 մարզիկներից 3-ը դարձան չեմպիոններ, 3-ը՝ մրցանակակիրներ։ Հայ-ռուսական կազակական միավորումն էլ Ալեքսան Աղաբալյանին և Արման Գալստյանին շնորհել էր պատվոգրեր։ Ընդհանուր առմամբ, այս մարզաձևով զբաղվող մարզիկները հանդես են գալիս բավականին լավ արդյունքներով։ Նրանք հուսով են, որ նոր հաղթանակներ կունենան նաև միջազգային և աշխարհի այլ մրցաշարերում։ 
 
Զարինե Մայիլյան