ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը, Ստեփանակերտի հ. 3 դպրոցի մարզադահլիճում կայացավ դեռահասների ձյուդոյի հանրապետական մրցաշար (գլխավոր մրցավար՝ Իվան Ազիզբեկյան)։ Միջոցառմանը մանակցում էին ԼՂՀ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ 90 մարզիկներ, ինչպես նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի 3 սաներ։
Մրցապայքարն անցավ կազմակերպված, մարզիկները ցուցադրեցին լավագույն տեխնիկա։ Համառ պայքարից հետո եզրափակիչ փուլում տարբեր տարիքային խմբերում ու քաշերում առաջին մրցանակային տեղերը զբաղեցրին Վադիմ Ասրյանը (21 կգ քաշային կարգ), Արման Մանգասարյանը (23 կգ), Արման Ավանեսյանը (27 կգ), Ռոբերտ Պողոսյանը (30 կգ), Ռուզաննա Բալասանյանը (31 կգ), Յանա Հովհաննիսյանը (31 և ավելի), Ստեփան Կիրակոսյանը (34 կգ), Սուրեն Մայիլյանը (38 կգ), Սևակ Սարգսյանը (42 կգ), Էդգար Ավետիսյանը (46 կգ), Արսեն Գասպարյանը (50 կգ) և Սուրեն Մարտիրոսյանը (51 և ավելի քաշային կարգում)։
1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ Խրախուսական պատվոգրեր են շնորհվել նաև լավագույն տեխնիկա ցուցաբերած դեռահասներին, այդ թվում նաև Եղեգնուտ գյուղի ձյուդոիստներին։ Արդեն ավանդույթ է դարձել այս գյուղի ձյուդոիստների մասնակցությունը նման մրցաշարերին։ Չնայած այն բանին, որ գյուղում պարապմունքների պայմանները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին, այնուամենայնիվ, մարզիչ Նունե Հովսեփյանը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից։ Մարզիչներ Իվան և Գոռ Ազիզբեկյանները՝ նույնպես։ ՙՆման մրցաշարերը մենք մտադիր ենք կազմակերպել ավելի հաճախակի, հատկապես տարբեր տարիքային խմբերի միջև, որովհետև դրանք ավելի են կոփում, տեխնիկապես ավելի պատրաստ դարձնում մարզիկներին՚,- նշեց Իվան Ազիզբեկյանը։
Զարինե Մայիլյան